Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կբացվի թվային արտադրության միջազգային լաբորատորիա

Ապրիլ 05,2024 14:00

ԿԳՄՍ նախարարությունը, ՀԲԸՄ-ն, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան եւ «ՖաբԼաբ Հայաստանը» քառակողմ հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամը  օրերս  ՆՓԱԿ-ում համագործակցության հուշագիր ստորագրեցին: ՀԲԸՄ-ն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտություններն ու մրցունակությունը, ինչպես նաեւ աջակցել անհատներին, հաստատություններին եւ ենթակառուցվածքներին` իրազեկման, վերապատրաստման եւ ֆիզիկական ու տեխնոլոգիական ներդրումների միջոցով:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում կհիմնադրվի ստեղծարար ՖաբԼաբ (արտադրական լաբորատորիա)՝ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում, որի նպատակն է տեխնոլոգիաների եւ թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության եւ հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի եւ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կդառնա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը եւ մուտքը դեպի համաշխարհային ՖաբԼաբի ցանց ու ուսումնական համայնք: Ծրագրի շահառուներն են՝ ստեղծարար ձեռնարկատերերը, անհատ արվեստագետները, որոնք հետաքրքրված են ստեղծարար արտադրության եւ նախատիպերի ստեղծման նորարարական մեթոդների ուսուցմամբ եւ կիրառմամբ։

Հուշագիրը ստորագրեցին Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը եւ «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Բաբկեն Չուգասզյանը:

«Առավոտի»  հետ զրույցում Բաբկեն Չուգասզյանը նախ ներկայացրեց աշնանը Գյումրիում բացվող ՖաբԼաբը, որը թվային արտադրության միջազգային լաբորատորիա է: Հավելեց, որ աշխարհում ավելի քան 2800 ՖաբԼաբ է գործում:

«Դիլիջանի ՖաբԼաբը Հայաստանի մայր ՖաբԼաբն է, որը բացվել է 2015թ.: Կնքված հուշագրի արդյունքում սպասվում է  համագործակցություն նորաստեղծ ՖաբԼաբում կրթական ծրագրերի ներդրման, միջազգային մասնագետների ներգրավման, թվային արտադրությունը  մասնավորապես ստեղծագործ ոլորտում կիրառելու եւ որպես արդյունավետ գործիք ծառայեցնելու համար»,-ընդգծեց «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով. «ՖաբԼաբը նախ եւ առաջ հիմնադրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից. «ՖաբԼաբում կա «Ինչպես կառուցել գրեթե ամեն ինչ» կուրսը, որն ի սկզբանե  MIT-ում է դասավանդվել, այնուհետեւ տարածվել աշխարհի բոլոր ՖաբԼաբերում, նաեւ աշխարհի տարբեր անկյուններում բացվել են  բազմաթիվ ՖաբԼաբեր:  ՖաբԼաբերը, սակայն, տարբեր տեղերում բացվելով՝ նույնը չեն կարող լինել. տարբեր հարստություններ կան տարբեր տեղերում՝ մշակութային, գիտական եւ այլն, որոնք արտահայտվում են թվային արտադրության լաբորատորիաներում»:

Միանալով ՖաբԼաբի ցանցին՝ Հայաստանը դարձել է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ՝ հնարավորություն ստանալով օգտվելու այն հմտություններից, գիտելիքից եւ փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:

Բաբկեն Չուգասզյանը ոչ միայն տեղեկացրեց Դիլիջանի ՖաբԼաբի  առաջարկած ծրագրերի մասին, այլեւ նշեց, որ այս տարվա մայիսի 25-ից հունիսի 1-ը կայանալու են «Ֆաբրիկ ակադեմիայի» դասախոսների ամենամյա հավաքներ՝ Երեւանում, Դիլիջանում եւ Գյումրիում: Իսկ հունիսի 1-ին ՀԲԸՄ-ում լինելու է ավարտական ցուցահանդես, որի շրջանակում բոլոր մասնագետները ներկայացնելու են  իրենց աշխատանքներն ու համագործակցությունները:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը մինչ հուշագրի ստորագրումը հյուրերին ներկայացրեց ՆՓԱԿ-ում բացված  «Տվյալներից անդին» ուշագրավ ցուցահանդեսը: Նա փաստեց, որ իրենց համագործակցությունը «ՖաբԼաբ Հայաստանի» հետ այն ճանապարհներից մեկն է, որով ուզում են թվային աշխարհը բերել դեպի արվեստի ոլորտ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանն ասաց, որ ուրախ է  Հայաստանում ՖաբԼաբ  ցանցի աճով, որի շնորհիվ Հայաստանում տարբեր կազմակերպություններ ու հաստատություններ կարողանում են քաղել նոր մտքեր ու  գաղափարներ:

Մկրտիչ Այվազյանն էլ նշեց, որ այսօրվա նախագծահեն կրթության պարագայում շատ կարեւոր է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, եւ այս քայլը եւս մեկ հնարավորություն է, որպեսզի իրենց շրջանավարտները կարողանան համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ստանալով՝ հետագայում հաջողությամբ դիրքավորվել աշխատաշուկայում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարեւորեց պետության եւ մասնավոր ոլորտի համագործակցությունը եւ ՖաբԼաբի դերակատարությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
05.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930