Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նվագախմբի կոնցերտմայստեր՝ ցմահ

Ապրիլ 05,2024 12:30

Կորեացի ջութակահարուհի Ջիյուն Լին աշխարհի առաջատար եւ հնագույն նվագախմբերից (ստեղծվել է 1570թ.) մեկի՝ Բեռլինի Staatskapelle-ի կոնցերտմայստերն է։ BBC Music Manazine ամսագիրը նրան բնորոշել է որպես «հնչեղ ձայներանգով, վիրտուոզ տեխնիկայով եւ էներգետիկ ազդեցիկ կատարման տեր երաժիշտ»։ Այս բնորոշման հաստատումն էր վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտի նրա մեկնաբանությունը։

Քրիստոֆեր Մոուլդզ

Ինչպես ջութակահարուհուն, այնպես էլ բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Մոուլդզին մեր հանդիսատեսը հանդիպում էր առաջին անգամ։ Համերգից հետո զրուցեցինք ջութակահարուհու հետ։ Մինչ այն ներկայացնելը՝ երկու խոսք դիրիժորի մասին. 1990-ականների սկզբից կարիերան սկսած մաեստրո Մոուլդզը պահանջված է ոչ միայն որպես սիմֆոնիկ համերգների, այլեւ օպերային ներկայացումների դիրիժոր։ Միայն մեկ փաստ. նա 2021թ. արժանացել է հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակի՝ Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերայի բեմադրության համար։ Բազմաթիվ միջազգային փառատոների մշտական մասնակից է եւ, իհարկե, արդեն նշեցինք՝ ֆիլհարմոնիկ, կամերային նվագախմբերի եւ օպերային թատրոնների սպասված ու ցանկալի հյուր։
Ջիյուն Լիի հետ մեր զրույցը սկսեցինք նշելով նրա համար մի երջանիկ տարեթիվ. 2018-19թթ. համերգաշրջանում որպես մենակատար ջութակահարուհու բեմելը Staatskapelle-ի հետ՝ հռչակավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, ինչը հավանաբար առիթ կամ պատճառ է դարձել այդ նվագախմբում կոնցերտմայստերի պաշտոնում նշանակվելու համար։ Մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե շուրջ հինգ տարի առաջ՝ 26 տարեկանում, ինքը նշանակվել է այդ պաշտոնում ցմահ։ Հետո էլ մանրամասնեց. «2016-ին էր, երբ առաջին մրցանակը շահեցի Կարլ Նիլսենի մրցույթում, իսկ հաջորդ տարի հրավիրվեցի Staatskapelle։ Սովորաբար երկու տարի փորձաշրջան է պահանջվում մինչեւ ցմահ պաշտոնավարումը շնորհելը, բայց ինձնից մեկ տարուց էլ քիչ ժամանակ պահանջվեց»։ Հետաքրքրվեցինք՝ ո՞վ է որոշում կոնցերտմայստերին ցմահ պաշտոն շնորհել, որեւէ պաշտոնյա՞, թե՞… Ստացանք հակիրճ պատասխան՝ «Ամբողջ նվագախումբը։ Քվեարկեցին եւ որոշում ընդունվեց, որ ինձ պետք չէ ամբողջ փորձաշրջանը անցնել»։ Հետո էլ հավելեց. «Նվագախմբի գործընկերներիս, ավելի ճիշտ՝ բարեկամներիս սրտի բանալին փաստորեն գտել էի (ժպտում է- Ս. Դ.)։ Ես անկեղծորեն մոտեցա նրանց, նրանք էլ նույնկերպ արձագանքեցին։ Կոնցերտմայստերը նվագախմբի երկրորդ ամենանշանակալի ղեկավարն է՝ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժորից հետո։ Հաճախ մեծ ջանքեր են պետք գլխավոր դիրիժորի ու նվագախմբի երաժիշտների միջեւ հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Այո, փորձերի ժամանակ ես պետք է միջնորդ լինեմ նրանց միջեւ։ Հաճախ ներկայացնում եմ արտիստների կարծիքները դիրիժորին, երբեմն էլ նրա հետ հակամարտության մեջ եմ մտնում՝ առաջ քաշելով երաժիշտների տեսակետները։ Կարծում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ կոնցերտմայստերները պատասխանատու են նվագախմբի փորձերի եւ ելույթների մթնոլորտի համար եւս, հետեւաբար մշտապես ջանում եմ առավելագույնս հարթեցնել նրանց միջեւ եղած տարաձայնությունները։ Պետք է իմ եւ մաեստրո Մոուլդզի անունից մեր հիացմունքը հայտնեմ ձեր ֆիլհարմոնիկ նվագախումբ-ընտանիքի երաժիշտներին։ Նման մեծ կոլեկտիվում աշխատելու համար, բացի մասնագիտական որակներից, անհրաժեշտ եմ համարում նաեւ մարդկային որակները»։

Ջիյուն Լի

Բարձրագույն պատվի՝ ցմահ կոնցերտմայստերի պաշտոնի արժանացած Ջիյուն Լիի դեպքում հարգանքի է արժանի այն հանգամանքը, որ այն իրեն ընձեռնել է ոչ թե որեւէ  պաշտոնյա, այլ նվագախումբը՝ միաձայն։ Դա վկայում է այն մասին, որ տվյալ անձը  մասնագիտական ու մարդկային որակների կրող է։ Փաստենք, որ մեր ժողովուրդը հարյուրավոր տարիներ ծանոթ է այդ բացառիկ բարձր իրավունքին. Ամենայն հայոց կաթողիկոսի բարձրագույն կոչում մեր իրականության մեջ տրվում է Հայաստանյայց սուրբ եկեղեցու Հայրապետին։ Մշակութային ու քաղաքական կյանքում հայտնի են դեպքեր, երբ բարձր պաշտոնյայի կամ քաղաքական խմբի կողմից անձը արժանացել է ցմահ ղեկավարի կոչման։ Խոսքը Վազգեն Սարգսյան վարչապետի կողմից Օհան Դուրյանին ազգային օպերային թատրոնի նվագախմբի ցմահ գլխավոր դիրիժոր կարգելու մասին է կամ ժամանակին Սահմանադրական դատարանի ցմահ նախագահ նշանակվեց Գագիկ Հարությունյանը։ Իսկ թե ինչու նշյալ անձինք ցմահ չպաշտոնավարեցին՝ առանձին խոսակցության թեմա է… Մի բան էլ. «ցմահ» բառը առաջին հերթին ասոցացվում է ամենամեծ պատժի՝ ցմահ բանտարկության հետ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ հյուրախաղորդ երաժիշտների եւ Հայաստանի ֆիլհարմոնիկի համերգից։

«Առավոտ» օրաթերթ
04.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930