Գաստրոէնտերոլոգ, բ․գ․թ․ Նորայր Մարգարյանի հետ զրուցել ենք աղեստամոքսային համակարգի տարածված հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող գործոնների մասին։
-Բժիշկ Մարգարյան, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների զարգացման հիմնական պատճառները որո՞նք են։
-Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները բազմերանգ են, զարգացման տարբեր պատճառներ և բազմաթիվ արտահայտություններ կարող են ունենալ։
Այս համակարգի հիվանդությունների զարգացման հարցում դեր են խաղում վարակները, սնունդն իր որակով, քանակով ու տեսակով և անգամ նյարդային սխալ կառավարումը, որի պատճառով առաջացած խնդիրները հիմա կոչվում են ֆունկցիոնալ հիվանդություններ․ այս հիվանդություններն առաջանում են գլխուղեղի և ստամոքս-աղիքային տրակտի հետադարձ կապի խանգարումների պատճառով, և սրանց դեպքում աղեստամոքսային համակարգում մենք չենք հայտնաբերում բորբոքում, ուռուցք կամ մեկ այլ խնդիր, բայց լինում են լուրջ պրոբլեմներ մարսողական համակարգում։
Կարդացեք նաև
–Ինչո՞վ են պայմանավորված այդ խանգարումները։
-Ֆունկցիոնալ այս խնդիրների աճը թերևս պայմանավորված է մեր կյանքի որակով, նյարդային վիճակով, ինֆորմացիոն հոսքերով, որոնք կոնկրետ մեր երկրի դեպքում շատ տագնապալի են և ստեղծում են անկանխատեսելի ապագայի հեռանկարներ և մշտական սթրեսի վիճակ, որը բերում է գլխուղեղ-աղիներ փոխազդեցության խանգարման և արդյունքում խաթարվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքն ու չի վերականգնվում։
Նշեմ, որ սրանից ընդամենը 30 տարի առաջ այդպիսի խնդիրներն այդքան ակնհայտ չէին, բայց հիմա գրեթե ամեն երկրորդ պացիենտի մոտ այդ խանգարումն է նկատվում, և մենք ստիպված ենք լինում նաև նյարդերը կարգավորող դեղորայք նշանակել։
-Իսկ ի՞նչ դեր ունեն վարակները։
-Հիմա ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հիվանդությունների 75 տոկոսից ավելին կապված են հելիկոբակտեր պիլորի վարակի հետ, ընդ որում՝ սթրեսային մեխանիզմները խթանում են բորբոքման և լորձաթաղանթի վնասվածքների աճն ու դրսևորումները։ Մեր երկրում սակավաթիվ պացիենտների մասնակցությամբ փոքրիկ հետազոտություն է կատարվել, որի համաձայն՝ բնակչության շրջանում հելիկոբակտեր պիլորիով վարակվածությունը հասնում է 40-50 տոկոսի, չնայած, կարծում եմ, ավելի շատ է, ուղղակի սա միակ տվյալն է, որն ունենք այս պահին։
Այս վարակը կարող է ինչպես գաստրիտի, այնպես էլ ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի էրոզիվ ախտահարումների, խոցային հիվանդության, կերակրափողի խնդիրների պատճառ դառնալ և անգամ հանգեցնել քաղցկեղի զարգացման։
Ստամոքսի քաղցկեղը հիմա ընդունված է 2 տեսակի բաժանել՝ մարմնի հատվածի և կարդիալ հատվածի քաղցկեղ, և նշեմ, որ առաջին տեսակի քաղցկեղների մոտ 90 տոկոսը հելիկոբակտեր պիլորիի պատճառով են զարգանում, քանի որ երկարատև բորբոքման հետևանքով լորձաթաղանթն անընդհատ վնասվում ու վերականգնվում է, ինչը կտրուկ մեծացնում է մուտացիայի հավանականությունը։
Նույնիսկ հիմա հստակ ապացուցված է, որ հելիկոբակտեր պիլորին բուժելով՝ ստամոքսի քաղցկեղն են կանխարգելում, և այդ մասին է փաստում հետազոտությունը, որը կատարվել է Չինաստանում՝ 13 միլիոն մարդու մասնակցությամբ՝ 10-15 տարվա կտրվածքով։
Հելիկոբակտերի անալիզ հանձնելու ցուցում են համարվում մարսողական խանգարումները, ցանկացած գանգատը ստամոքսից, դա կլինի այրոց, բխկոց, ցավ կամ փքվածություն և այլն։
Մյուս ինֆեկցիաները՝ աղիքային սուր վարակները՝ դիզենտերիան, սալմոնելոզը և այլն, հիմա կան այնքանով, որքան եղել են միշտ՝ ոչ շատ, ոչ քիչ։ Համաճարակային պատկեր չունենք, չնայած ժամանակ առ ժամանակ կարող ենք լսել, որ որևէ ռեստորանում հարսանիքից հետո բոլորը հիվանդացան։
Հիմա որոշակի փոփոխություններ ենք տեսնում, որը կրկին նոր բան է, ստամոքս-աղիքային տրակտի վիրուսային ախտահարումների հետ կապված։ Շատ են լինում դեպքեր, երբ մենք չենք կարողանում որոշել, թե դա ինչ վիրուս է, թեև տեսնում ենք վիրուսային վարակին բնորոշ պատկեր՝ ջերմություն, լուծ, սրտխառնոց, փսխում։ Ի դեպ, քովիդի դեպքում էլ էինք այդպիսի պատկեր հաճախ տեսնում, և հիվանդությունը հաճախ հենց ստամոքսից էլ սկսվում էր։
Վիրուսներն այժմ շատ են փոխվել, նոր վիրուսներ են ի հայտ եկել, որոնք համենայն դեպս չեն ախտորոշվում շարքային բժշկական կենտրոնների կողմից, և այս դեպքում առողջապահության նախարարությունը պետք է ինչ-որ մի բան անի՝ ցուցումներ տալով բժիշկներին։ Սակայն դեռևս ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, և բժիշկներն իրականացնում են բուժումները՝ հիմնվելով իրենց փորձի, կանխատեսումների վրա։
-Արդյո՞ք նպատակահարմար եք համարում ստամոքսի սքրինինգային հետազոտությունների ներդրումը մեր երկրում։
-Ինչո՞ւ ոչ, ինչպես ասացի՝ հելիկոբակտեր պիլորին քաղցկեղածին խնդիր է և շատ տարածված մեզանում։ Ընդ որում, Հայաստանն աշխարհում ստամոքսի քաղցկեղով հիվանդացությամբ առաջնային դիրքեր է զբաղեցնում աշխարհում, կարծեմ՝ 2012 թ․-ին երկրների առաջին տասնյակի մեջ էր։
Ստամոքսի՝ անգամ հասարակ թվացող խնդիրները պետք չէ անտեսել, օրինակ՝ մարդն ունենում է գաստրիտ ամբողջ կյանքում, համակերպվում է այդ ցավերին, ինչ-որ ձև կառավարում, կանխում է դրանք, և մի օր էլ նկատում է, որ ցավը փոխել է բնույթը, դիմում է հետազոտության և պարզվում է, որ արդեն գաստրիտ չէ, այլ շատ ավելի լուրջ խնդիր։ Ահա թե ինչու է սահմանվում, որ ստամոքսի գանգատ ունենալու դեպքում 5 տարին մեկ պետք է գաստրոսկոպիա անել մինչև 50 տարեկանը, 50-60 տարեկան հասակում՝ 4 տարին մեկ, 60-70 տարեկանում՝ 3 տարին մեկ, 70-ից հետո՝ ամեն տարի, քանի որ ինչքան տարիքը մեծանում է, հիվանդության՝ չարորակ փոխվելու հավանականությունն այնքան ավելանում է։ Իհարկե, այդ ժամանակցույցը սահմանվում է՝ ելնելով անհատական ցուցումներից։
-Աղեստամոքսային համակարգի շատ խնդիրների դեպքում երկարատև օգտագործման համար նշանակվում են պրոտոնային պոմպի արգելակիչներ, հայտնի Օմեպրազոլ դեղամիջոցը, և վերջերս Նյու Յորքի լավագույն մասնագետներից մեկի կարծիքը լսեցի, որ Օմեպրազոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է կերակրափողի նեղացման, հաճախ նաև ավելի ծանր հետևանքների։ Արդյո՞ք Օմեպրազոլն իսկապես ունի նման կողմնակի ազդեցություն։
-Ո՛չ, համենայնդեպս ես ոչ մի տեղ չեմ կարդացել նման ազդեցության մասին։ Քննարկվում է այն հարցը, որ Օմեպրազոլը կամ այլ պրոտոնային պոմպի արգելակիչները (ՊՊԱ) կարող են ազդել կալցիումի, միգուցե նույնիսկ երկաթի փոխանակության վրա, խոսակցություն կա, որ երկարատև օգտագործումը կարող է բերել լորձաթաղանթի ատրոֆիայի, այսինքն՝ նվազման, հետաճի, տվյալներ կան, որ կարող է բերել վարակների, քանի որ ընկճում է ստամոքսում թթվի արտադրությունը, իսկ ստամոքսահյութի հիմնական ֆունկցիաներից մեկն էլ բակտերիաների, վիրուսների չեզոքացումն է, չթողնելը, որ դրանք առաջ անցնեն, դեպի բարակ աղիքից պատի միջով ներթափանցեն օրգանիզմ՝ ինչ-որ բան առաջացնելով։
Բայց ամեն դեպքում այդ դեղորայքը մարդը պետք է օգտագործի, երբ արդեն ունի ախտորոշում և ցուցում բժշկի կողմից, քանի որ այն խնդիրները, որոնց դեմ պայքարում է ՊՊԱ-ն, ևս կարող են բարդ հարցեր առաջացնել։ Օրինակ՝ մշտական այրոցը, որը լինում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կամ ստոծանու ճողվածքի դեպքում, կարող է բերել կերակրափողի լուրջ խնդիրների, ընդհուպ քաղցկեղի։ Դրա համար այրոցը պետք է անպայման մարել։
-Այն, որ սնունդը կարևոր դեր ունի աղեստամոքսային համակարգի հիվանդությունների զարգացման հարցում, գիտեն բոլորը, բայց շատերը թերևս այդքան լրջորեն չեն վերաբերվում սննդակարգի կազմակերպմանը՝ նախապատվությունը տալով համային հաճելի ընկալումներին։
-Մարդիկ միլիոնավոր տարիներ կերել են բուսական սնունդ, սովորական հաց, միս ու կաթնամթերք, տարին մի քանի անգամ ճաշակել են խմորեղեն բլիթի կամ գաթայի տեսքով, ոչ թե ամեն օր տորթեր ու ներկած կրեմներ, պահածոներ, երշիկներ օգտագործել՝ ինչպես հիմա․ այս ամենը համեմված է նաև կոնսերվանտներով, ներկանյութերով, տոքսիկ նյութերով, թունաքիմիկատերով և այլ արհեստական հավելումներով։ Այսքան ածխաջրեր, որքան հիմա են մարդիկ ուտում, նախկինում երբեք չեն օգտագործել, և այստեղից էլ՝ ստամոքս-աղիքային համակարգի բազմաթիվ խնդիրները։
Մի բան հաստատ է, որ պետք է նվազագույնի հասցնել արհեստական, քիմիական տարբեր հավելումներով հագեցած սնունդը և բնական սննդին նախապատվությունը տալ, սակայն հիմա դա էլ է մեծ հարց, քանի որ մեզ թվում է, որ մենք բնական սնունդ ենք ուտում, բայց հողն այնքան է աղտոտված տոքսիկ նյութերով, որ հարյուրավոր տարիներ է պետք դրանցից ազատվելու համար։ Ստացվում է՝ սնվելով մենք նաև թունավոր նյութեր ենք ընդունում։ Մեր ջուրը քլորացնում են, իսկ քլորը նախկինում քիմիական զենք է եղել, որը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և մենք դա օրական ինչ-որ չափով ընդունում ենք։
Հաշվի առնելով այն, թե ինչ չափերի է հասնում Հայաստանում հիվանդացությունը, այդ հարցերով պետք է զբաղվի պետությունը, առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունները՝ վերահսկելով, թե ինչ տեսակի թունաքիմիկատներ են օգտագործում գյուղացիները, ինչ ջրերով են ջրում բերքը։ Պետական մոտեցման լավ օրինակ էր սպանդանոցների ներդրումը, քանի որ դրանց շնորհիվ հիմա մենք գիտենք, որ սիբիրախտով կամ որդերով վարակված միս չենք տանի տուն, սակայն սննդի հետ կապված մնացած հարցերը դեռ շատ արդիական են․ մեր երկրում բնակչությունը հիմնականում օգտագործում է էժանագին սնունդ, որի պիտակի վրա կարող է մի բան գրված լինի, իսկ բաղադրությունը՝ բոլորովին այլ բան լինի։
Նշեմ, որ վերջին շրջանում շատ է երիտասարդացել նաև աղիների քաղցկեղը, ու այստեղ ևս սնունդը մեծ դեր է խաղում, քանի որ աղիքային համակարգը կենդանի բիոսֆերա է, այնտեղ ապրում են բակտերիաներ, որոնց դերը օրեցօր վերագնահատվում ու վերանայվում է՝ իմունիտետից սկսած, վիտամինների սինթեզից վերջացրած, և երբ աղիներում հայտնվում է մոլախոտ, օտար բան, խաթարվում է ողջ օրգանիզմի աշխատանքը։
Կարծում եմ՝ սննդի կուլտուրան հենց մանկապարտեզից է պետք սկսել ներդնել՝ մանկական տարիքից սովորեցնելով գիտակցաբար մոտենալ սննդի ընտրությանը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ