Երեւանում իրականացվող ծառահատումները խորը անհանգստություն են առաջացրել հանրության շրջանում: Մարդիկ հակված են մտածել, որ ծառերի սպանդը իրականացվում է առանց իրական հիմնավորումների:
Այդ թեմայով այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանն ասաց. «Ծառահատումների հետ կապված խնդիրները քաղաքում միշտ էլ եղել են: Բնապահպանները, հանրային դեմքերը եւ հասարակական գործիչները բազմիցս են անդրադարձել այդ հարցին: Բայց ծառահատումների մասշտաբ գոյություն ունի: Կա գիտական մոտեցում, որի համաձայն անում են ծառահատումներ: Այսինքն, որոշ ծառեր, որ արդեն գոյություն ունենալ չեն կարող՝ հիվանդ են, կամ տարիքն այնպիսին է, որ կարող են քամու ժամանակ վնաս տալ քաղաքացուն, շենքերին, մայթերին ու մեքենաներին, այդ դեպքում, երբ որ գիտական ատյաններում հետազոտում են եւ տեսնում, որ այդ ծառերն իրոք վնասված են եւ իրոք դրանք պետք է կտրել, այդ ժամանակ որոշում է կայացվում եւ կտրում են:
Նման մասսայական ծառահատումներ ես չեմ հիշում, որ Երեւանի փողոցներում կատարվեն: Այս ծառահատումների խնդիրը երբ որ բարձրացվեց, մենք հանդիպում ունեցանք Արմեն Բեգոյանի հետ, որը մեզ հավաստիացրեց, որ կտրում են միայն հիվանդ ու ոչ պիտանի ծառերը եւ դրանց տեղը տնկում են ավելի լավ, ավելի ճիշտ ծառատեսակներ: Սակայն փաստն արձանագրում է լրիվ ուրիշ բան: Հիմա մենք տեսնում ենք, որ ծառերը մասսայաբար կտրվում են բոլոր փողոցներում: Տեսեք, Թումանյան փողոցում ինչ է կատարվում: Մեծ, հաստ փչակներով, սաղարթախիտ ծառերը կտրել են: Էլ չեն նայում՝ ծառը առողջ է, թե հիվանդ է: Այսինքն, այս մարդիկ նպատակ են դրել էկոցիդ իրականացնել Երեւան քաղաքում: Ես չեմ վախենում այս բառն ասելուց, որովհետեւ սա միայն իմ տեսակետը չէ: Մասնագետները, որոնք զբաղվում են Երեւան քաղաքի կանաչապատումով, առողջական խնդիրներով, նրանք են առաջինը ահազանգել, թե հարգելի բնապահպաններ, Երեւանի բնակիչներ, տեսեք ինչ է կատարվում, ամբողջ քաղաքը դարձնում են անապատ»:
Կարդացեք նաև
Տիկին Ադամյանը նշեց, որ դեռ 1955 թվականից ՀՀ ԳԱԱ-ն է զբաղվել Երեւան քաղաքում ծառատեսակների, բուսատեսակների տնկումով: «Այսինքն, այս ամեն ինչը հենց այնպես չի արվել: Տարիներ շարունակ Երեւանի կիսաանապատային գոտում մարդիկ փորձել են Երեւանը դարձնել կանաչ քաղաք: Ու դա ստացվել է: Մենք հրաշալի կանաչ գոտիներ, այգիներ ունեինք»,-ասաց Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ 90-ականները որոշակիորեն ազդեցին իրավիճակի վրա, բայց այն, ինչ հիմա է կատարվում փողոցներում ծառերի հետ, անհավանական մի բան է, որ մենք երբեւէ չենք տեսել:
Նա հատուկ ընդգծեց, որ որոշ ծառեր արմատախիլ են արել ու տարել են, որպեսզի չտեսնեն բնապահպանները, կենսաբանները, մարդիկ, որոնք գիտելիքներ ունեն եւ կարող են գիտականորեն ապացուցել, թե արդյո՞ք կտրվող ծառը հիվանդ է. ընդհանրապես ոչ մի հետք չեն թողնում: Այլ կերպ ասած, կոծկում են հանցագործության հետքերը:
«Այն, ինչ հիմա կատարվում է Երեւանում, էլ չեմ խոսում հանրապետության մասին, տանելու է մեր ժողովրդի առողջության վատթարացման: Բավական չի, որ Հայաստանում խիստ կլիմայական փոփոխություններ ունենք, մենք ունենալու ենք շատ բարձր ջերմաստիճան, 50 աստիճանին մոտ: Եվ կտեսնենք, թե ամռանն այստեղ ինչ է կատարվելու: Մարդիկ մայթերով չեն կարողանալու քայլել: Մենք ունենք անկառավարելի շինարարություն: Քաղաքը փոշու, կեղտի մեջ կորած է ու այս ֆոնի վրա տարիների պատմություն ունեցող ծառերն եք կտրում ու տեղը տնկում ճապոնական սակուրա, հուդայածառ»,- ահազանգեց Սիլվա Ադամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ