Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դաշնակցային սերտ կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում բխում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնական, իրական շահերից. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ապրիլ 03,2024 23:30

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ապրիլի 3-ը Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման օրն է։

32 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ հին պատմություն ունեցող հետխորհրդային երկու նոր պետությունների միջև։ Այս համաձայնագիրը նշանավորեց նոր փուլի սկիզբը մեր երկրների հարաբերություններում, որոնց ժողովուրդները միշտ միմյանց վերաբերվել են ամենաբարեկամական և ջերմ զգացմունքներով։ Այս հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, և դա պատահական չէ։

Ռուսաստանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել բարեկամական կապերի ամրապնդմանը Հայաստանի հետ՝ որպես դաշնակից և կարևոր գործընկեր։ Նաև ընդհանուր ավանդական արժեքներին և ազգային ինքնությանը հավատարիմ մեր ժողովուրդները միշտ բաց և շահագրգռված են եղել փոխադարձ երկխոսության մեջ։ Անցած ժամանակի ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել: Դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել՝ ի շահ երկու շահագրգիռ կողմերի։

Ռուսաստանը և Հայաստանը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների անդամներ են՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ։ Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի կառույցների և այլ միջազգային ձևաչափերի շրջանակներում: Մեր երկրների միջև տարբեր ոլորտներում գործում են շուրջ երկու հարյուր համագործակցության համաձայնագրեր։ Երկկողմ համագործակցության բազմաթիվ մեխանիզմներ կան գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսական և ռազմատեխնիկականից մինչև միջտարածաշրջանային կապեր և երիտասարդական ֆորումներ»։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է․

«Մեր հարաբերությունների շրջանակում շատ կարևոր դեր է խաղում նաև անվտանգության ոլորտը։ Ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահների առկայությունը շարունակում են անգնահատելի գործոն մնալ Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար։  Տնտեսական ոլորտում համագործակցությունը դինամիկ է զարգանում»։

Նշվում է նաեւ, որ հարաբերություններում կան նաեւ հակասություններ։

Ցավոք, մեր հարաբերություններում կան նաև տարաձայնություններ, փոխադարձ պահանջներ։ Բայց երկկողմ հարաբերությունների հիմքը նույնն է մնում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային սերտ կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում բխում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնական, իրական շահերից:

Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում տարաձայնությունները հարթելը, դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ որոշումն է հանդիսանում»,- նշված է ՌԴ դեսպանության հայտարարությունում։

 

Թարգմանությունը` «Ա1+»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930