«Տեղեկատվությունն իմացանք համացանցից։ Համացանցից իմանում ենք և սկսում ենք փնտրել, թե մեր ինստիտուտը ո՞ր կլաստերին է պատկանում։ Ո՞նց կարելի է նման ձևով»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հարցրեց Գյումրիում տեղակայված ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։
Նա ասաց՝ երբ կարդացել են, տեսել, որ իրենց կառույցի անունը չի եղել ցուցակում, չեն իմացել՝ ուրախանա՞ն, թե տխրեն։ Ըստ նրա՝ ինչ որոշում էլ լինի, մարզային գիտական կառույցները պետք է ունենան հատուկ կարգավիճակ։ Ասաց, որ 30 տարի պահել են ինստիտուտը, անգամ տնակներում են գործել, իսկ հիմա ունեն նոր շենք․ այդ նոր շենքն ի՞նչ են անելու․ «Գյումրիում միայն հյուրանոցներ, ռեստորաններ, բենզալցակայաններ են ու վերջ։ Շենքը թողնենք, որ դարձնեն հյուրանո՞ց։ Մի տեղ կենտրոնացնելը ճիշտ չէ։ Երկու միլիոն դոլարի սահմանում Չինաստանի մեր գործընկերներ հետ ծրագիր ենք իրականացնում․ ՀՀ-ում հիմնադրվում են սեյսմոերկրադինամիկական կայաններ, տվյալների հավաքագրման կենտրոնը լինելու է Գյումրիում։ Մենք պիտի գանք մայրաքաղաք, դա ճիշտ կլինի՞»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ