«Կա գիտական հանրույթ, որը գրավոր կդիմի քաղաքապետարանին ու կասի՝ ժողովուրդ ջան, այ որ թեղիները փոխում եք, սխալ եք անում: Ձեր մեջ գիտնական կա՞»,- այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց Երեւանում զանգվածային ծառահատումների դեմ բողոքող քաղաքացիներին դիմեց Տիգրան Ավինյանը:
Հավաքված քաղաքացիները պնդում էին, որ առողջ ու կանաչ ծառեր են անիմաստ հատվում, վանկարկում էին՝ «փորձաքննություն»:
Քաղաքացիները չէին պատասխանում Ավինյանի հարցին, այլ հարցնում էին՝ ձեր գիտնականն ո՞ւր է:
«Ես մի հատ շատ վատ բնավորություն ունեմ, էմոցիաներին չեմ տրվում: Ես լսում եմ, փորձում եմ փաստարկված միտքը վերհանել: Ասում եք՝ էքսպերտիզա, ասում եմ՝ ժողովուրդ ջան, գիտնականները հավաքվել են, ասել են»:
Կարդացեք նաև
Քաղաքացիներից մեկն էլ հակադարձեց, թե եթե ձեր գիտնականներին վստահեինք, էսքան մարդ չէր հավաքվի այստեղ:
«Ես էլ ասում եմ՝ ճիշտ գիտնականների կարծիքը տվեք ինձ».- ասաց Ավինյանը ու դիմելով այն քաղաքացուն, որն ասում էր, թե չեն վստահում քաղաքապետարանի գիտնականներին, նրան հորդորեց հանգստանալ, շունչ քաշել, էդքան չոգեւորվել:
Քաղաքապետը դիմեց հավաքվածներին, նորից կրկնեց՝ տվեք ճիշտ գիտնականների կարծիք՝ ասելով, թե այսքան մարդ է հավաքվել, ինքն էլ իջել է լսելու: Այն տղամարդը, ում քաղաքապետը հորդորել էր չոգեւորվել, հակադարձեց, թե դա ձեր գործն է, բա պիտի գայիք:
Ավինյանը նորից կրկնեց՝ «մի ոգեւորվի էլի»: Վերջինս էլ շարունակեց, թե քաղաքապետի նշած գիտնականը, որը փորձագիտական եզրակացություն է տվել ծառահատումների հարցում, քրեական վարույթով է անցնում: Ավինյանն էլ հակադարձեց՝ 20 գիտնական կա, բոլորը քրեական վարույթներո՞վ են անցնում:
Քաղաքացիներից նաեւ առաջարկներ եղան, հատելու փոխարեն ծառերը բուժել, իսկ Ավինյանը բացատրեց՝ ի՞նչ բուժել. «Ժողովո՛ւրդ ջան, հասկանո՞ւմ եք, որ այդ թույնը, որը լցնում ենք ծառերի վրա, տարիներով մենք ենք շնչում: Ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, կոնկրետ այդ տեսակներին բուժելու հնարավորություն չկա»:
Բնապահպաններից մեկն էլ առաջարկեց իրենց փորձագետներին ընդգրկել, լսել: Այդ կետում հավաքվածների ու քաղաքապետի զրույցն ավարտվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դու շատ ավելի վատ բնավորություններ ունես, խաբեբա ես, խորամանկ, պաշտոնամոլ, թայֆաբազ, թքած ունես տվածդ խոստումների վրա, մեծամիտ ես, կանաչ տարածքների թշնամի-բիզնեսմեն ես։