Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված, այնուհետեւ 23 տարի անց վերսկսված քրեական գործի քննությունը։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել տարբեր ծանր հոդվածներով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար»։ Վանո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը եւ նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ որոշումից հետո Վանո Սիրադեղյանը լքել էր Հայաստանը, եւ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, հայտարարվել էր հետախուզում։
2000 թվականին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Բայց Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ կասեցված քրեական գործերը կարող են վերսկսվել ու քննվել։ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել էր։ Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։
Այսօրվա նիստում պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ ծանոթացել է գործի 30 հատորին միայն, մնացած ծավալին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց:
Կարդացեք նաև
Դատավորը տեղեկացրեց, որ այս գործով ծանուցումներ են ուղարկել տուժող Արայիկ Աբաջյանին, Մերուժան Աբրահամյանին, Խաչատուր Աթաբեկյանին, Վահան Խաչատրյանին, Գուրգեն Եղիազարյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վլադիմիր Գրիգորյանին, Սուրիկ Բոյախչյանին, Յուրիկ Մկրտչյանին, Տիրայր Առաքելյանին, Կիմ Բալայանին, Արմեն Սիմոնյանին, Ամալյա Փխրիկյանին, Հարություն Սուքիասյանին, Ռոմիկ Ավետիսյանին, Կառլեն Ղանդիլյանին, Մայիս Ռաֆայելյանին, Արթուր Հակոբյանին, Արտավազդ Անտոնյանին, Օլեգ Իսահակյանին, Վահե Շալվարյանին:
Դատավորը նշեց, որ Մայիս Ռաֆայելյանի, Արթուր Հակոբյանի, Արտավազդ Անտոնյանի ծանուցումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն՝ ծանուցված են թե ոչ, ծրարները չեն վերադարձվել: Երկու դեպքում՝ Ռոմիկ Ավետիսյանի եւ Հարություն Սուքիասյանի դեպքում ծանուցումները հետ են վերադարձել դատարան՝ «մահացած» նշումով:
Օլեգ Իսահակյանի, Վահե Շալվարյանի, Ամալյա Փխրիկյանի, Կիմ Բալայանի, Յուրիկ Մկրտչյանի, Վլադիմիր Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի դեպքում ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ չպահանջված նշումով:
Իսկ Արմեն Սիմոնյանի, Տիրայր Առաքելյանի դեպքում վերադարձվել են անհայտ նշումով: Սուրիկ Բոյախչյանի դեպքում վերադարձվել է «բացակա» նշումով: Վլադիմիր Գրիգորյանի դեպքում նշված է՝ չի պահանջվել. «Դատարանին որքանով որ հայտնի է, Վլադիմիր Թորգոմի Գրիգորյանը մահացել է»: Կառլեն Ղանդիլյանի դեպքում ծրարը վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Արայիկ Շահբազյանը, Մերուժան Աբրահամյանը, Խաչատուր Աթաբեկյանը եւ Վահան Խաչատրյանը պատշաճ ծանուցված են:
Դատավորը հարցրեց՝ տուժողների բացակայության պայմաններում գործի քննությունը շարունակե՞ն: Մեղադրողն ասաց, որ այս փուլում խոչընդոտ չեն տեսնում: Պաշտպանության կողմն էլ ասաց, որ դա թողնում են դատարանի հայեցողությանը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին ժամը 10-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ