«Ցավոք, բավականին ուշ ենք քննարկում, արդեն մի քանի տարի է այս հարցն արծարծվում է տարբեր ձևերով․ մենք երևի ուշ ենք արձագանքում և միասնական արձագանք չենք ունեցել»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Ըստ նրա՝ չունեն իրենց առաջ դրված, որևէ ձևով ձևակերպված գաղափարը․ «Մեր բաժանմունքի ժողովում հնչեց երկու հակասական կարծիք։ Մեզ պետք է, որ կառավարությունը մեզ հետ՝ ակադեմիական համակարգի հետ երկխոսի։ Եթե մեզ է խնդիրը վերաբերում, պետք է ոչ թե ԶԼՄ-ներից իմանանք, խոսակցություններից, այլ մեր առաջ պիտի դրված լինի, ով և ինչ են առաջարկում։ Ո՞վ է կանգնած այս նախագծի հետևում, գիտնականնե՞ր են, թե՝ քաղաքական գործիչներ, սա կարևոր է։ Մենք պետք է իմանանք՝ կառավարությունում ո՞վ է նման նախաձեռնություն ցուցաբերել և արդյոք այն մա՞րդն է, որը պատկերացում ունի այս ամենի մասին։ Կետ առ կետ պետք է մեր առաջ դրված լինի։ Երբ Բարձրագույն կրթության մասին օրենքը սկսեց թևածել ՀՀ մթնոլորտում, գլխավոր խնդիրն էր դրված, որ ակադեմիական համակարգը, մեղմ ասած, ձևափոխվի, իսկ եթե խիստ ասենք՝ կազմաքանդվի, մնացած քայլերն էլ կարծես հետապնդում են այդ նույն գաղափարը։ Ակադեմիան լուծարենք՝ որպես համակարգ, կարող է ձևականորեն մնալ ընկերություն, որ իրենց ոչ մի կերպ չխանգարի։ Մտավախություններ եղել են և շատ ավելի լուրջ հարց է սա, որ շենքերի վրա ոմանք աչք ունեն, ինչպես գիտեք՝ Ակադեմիայի նախագահությունը, բուհերը, գիտական համակարգերը երևելի շենքեր են տասնամյակներ շարունակ։ Մարդկանց մինչև ուղնուծուծը մտած է, որ այս շենքն այսինչ բուհն է, տրավմա է մարդկանց համար, երբ վերցնում, փոխում են։ Ոչ մի երկրում չեմ տեսել, որ եղածը քանդելով ստեղծեն այդ ակադեմիական քաղաքները»։
Արեգ Միքայելյանն ասաց՝ չի հավատում, որ 20 տարում այդ ակադեմիական քաղաքի նախագիծն իրականություն կդառնա․ «Չի կարող գիտնականը վստահ լինել, որ հիմա լավ բան է արվելու, հակառակը, քանդվելու է և տեղը չստեղծվի։ Հայտարարվում է, որ 2027-ից ինստիտուտները պետք է միանան որևէ կլաստերի։ Կլաստերը լրիվ ձևականություն է․ ոչ մի նշանակություն չունի՝ անունը կլաստե՞ր, թե՝ ենթահամակարգ, թե բաժանմունք կդնեք, որևէ ձևով որևէ բան փոխվելո՞ւ է։ Նույն մեր ինստիտուտն իր տեղում մնալու է, նույն կերպ շարունակելու է աշխատել։ Չեմ կարծում՝ խնդիրներն ու նպատակները փոխեն, անունը դրվելու է, որ միացան էս ինչ կլաստերին, որպես ի՞նչ․ գիտության հետ խա՞ղ եք խաղալու։ Եթե այդպես է, ուրեմն գալիս ենք նրան, որ ակադեմիական համակարգը լուծարվի։ Այս ամբողջ իրարանցումը դրա համար է»։
Կարդացեք նաև
Ըստ Արեգ Միքայելյանի՝ ՀՀ-ում գիտությունը միասնականությամբ է ուժեղ ու ասաց․ «Եթե մենք ունենք պետության անվտանգության խնդիր, ի՞նչ գիտության վերակազմավորման մասին է խոսքը․ ո՞ւմ է պետք այս իրարանցումը։ Սա ամենամեղմ բառով կարելի է իրարանցում համարել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
նիկոլը ցախավելի առանձին ճյուղերը մեկ առ մեկ կոտրում է։ Միավորվեք, միասին պայքարեք, միասնական ցախավել դարձեք, սրբեք նիկոլի իշխանությունը ու գցեք աղբանոցը։