ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում, որ այժմ ղեկավարում է Արգամ Հովսեփյանը, առաջիկայում տնօրենի ընտրություններ կկայանան: Արդեն հայտնի են թեկնածուները: Այդ պաշտոնի հավակնորդներն են՝ փաստաբան Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ , «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավաբան Գեւորգ Մարգարյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը:
Ընտրող հանձնաժողովի ղեկավարը նախկին փոխոստիկանապետ, այժմ՝ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանն է: Այս պահին հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ նախկինում հանձնաժողովում եղել են գիտության ոլորտի մարդիկ:
Aravot.am-ի տեղեկություններով, թեեւ Փորձաքննությունների ազգային բյուրոն գործում է ԳԱԱ համակարգում, սակայն ակադեմիայում արդեն իսկ խոսում են, որ տնօրենի ընտրության հարցում վերջնական որոշումը գլխավոր դատախազությանն է, իսկ իշխանությունների թեկնածուն էլ գլխավոր դատախազի տեղակալի ամուսինն է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում:
Կարդացեք նաև
Այն պետք է գործի իբրեւ անկախ փորձագիտական մարմին, սակայն ԳԱԱ-ում շրջանառվում են խոսակցություններ, որ դատախազությունը փորձում է մեծացնել իր ազդեցությունը այդ կառույցի վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ