Երեւանի քաղաքապետարանը երկու տարում 35 հա անտառ է տնկել: Այսօր ծառահատումների դեմ բողոքող քաղաքացիներին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մոտավորապես 10.000 ծառ եւ դա արել է նաեւ ոռոգման համակարգի ներդրմամբ եւ տարբեր հատվածներում այդ ծառատունկին ձեզնից ոմանք մասնակցել են: Այդ ծառերի 95 տոկոսն արդեն կպել են, կենսունակ են եւ շարունակելու են աճել»,- ասաց քաղաքապետը:
Նա հիշեցրեց իրենց բոլոր արածները, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ էր բակերով շրջելով պատմում, թե ինչքան այգի է վերակառուցվել թե՛ նախորդ, թե՛ այս տարի:
Քաղաքապետին ընդհատեցին հավաքված քաղաքացիները, վանկարկելով` «կանաչ Երեւան»:
Կարդացեք նաև
Ավինյանն էլ ասաց, որ կարող է նրանց թողնել շարունակեն իրենց հավաքը, կարող է հետները շարունակել խոսել. «Ոնց ուզեք»:
Քաղաքացիներից մեկն էլ հարց ուղղեց նրան՝ ինչու են առողջ, կանաչ ծառերը կտրում, ի պատասխան Ավինյանն ասաց. «Որովհետեւ մենք առողջ ծառեր չենք կտրում: Եկեք տրամաբանությունը հասկանանք: Քաղաքապետարանը, որ բակերն ու այգիները վերականգնում է…»:
Հարց ուղղած քաղաքացին նորից ընդհատեց Ավինյանին՝ հակադարձելով, թե մենակ խոսելով չէ:
Ավինյանը շարունակեց. «Մենակ խոսելով չէ: Ասում եք՝ առողջ ծառերն ինչու եք կտրում, ասում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ