«Այս խառը իրավիճակը, որը գուցե արհեստականորեն կամ հատուկ է ստեղծվում, կարող է կանխվել, եթե Ակադեմիան ունենա խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Նա նշեց՝ ինստիտուտների տնօրեններին, ներկայացուցիչներին կանչում որոշակի կլաստերների և նման հարցի շուրջ քննարկումներ են կազմակերպում․ «Այս տեսանկյունից կարևոր է Ակադեմիայի ընդհանուր կարծիք ձևավորելը։ Եթե կա ակադեմիական ընդհանուր կարծիք՝ մենք, առնվազն ես, մեր ինստիտուտը պատրաստ ենք հետևել դրան, քանի որ մենք շատ բարձր ենք գնահատում ԳԱԱ-ն, որն ունի ոչ միայն երկար տարիների պատմություն, այլև մեծ ու կարևոր դեր է խաղում այսօր ՀՀ-ի և տարածաշրջանի ու համաշխարհային գիտության համատեքստում»։
Նա նշեց, որ իրենց ինստիտուտը բազմաթիվ բուհերի հետ է համագործակցում․ «Ես դասավանդում եմ երկու բուհում, մեր ինստիտուտի ավելի քան 30 աշխատակից տարբեր բուհերում են դասավանդում, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնում մենք ունենք 20 աշխատակից, որից 18-ը ինստիտուտի ներկայացուցիչներ են։ Սրանից ավելի բարձր ինտեգրացիա մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել։ Բացակայում է կոնկրետությունը, կա մեծ անորոշություն, որը խաթարում է ընդհանուր կարծիք ձևավորելը և դա նաև որոշակի պասիվություն է ձևավորում մեր բոլորի մեջ։ Եթե մեզ հաջողվի ստեղծել ընդհանուր կարծիք և փորձենք բոլորս հետևել դրան, կկարողանանք իրավիճակից դուրս գալ»։
Արսեն Բոբոխյանը հայտնեց՝ հումանիտար գիտության բնագավառում երկու կլաստերների մասին է խոսքը․ մեկն արվեստն է, մյուսը՝ համալսարանին միավորվող գիտական, ակադեմիական կազմակերպություններն են․ «Օրինակ՝ մեր ինստիտուտը հայտնվել է արվեստի կլաստերի մեջ, որը մի կողմից անտրամաբանական է, մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ կան մշակութային առանձնահատկություններ, մեր ինստիտուտի համար կարելի էր մտածել արվեստի և մշակույթի կլաստերի մասին, մյուս կողմից մենք ձգտում ենք դասական կլաստերին, որն ավելի մոտ է համալսարանին։ Կոնցեպտի մեջ ընդհանուր առմամբ կան խնդիրներ։ Այս խառը իրավիճակը, որը գուցե արհեստականորեն կամ հատուկ է ստեղծվում, կարող է կանխվել, եթե Ակադեմիան ունենա խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ