Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ վերեւ չենք կարող բարձրանալ, «Գոյ» թատրոնի մուտքի մոտ ենք նստացույց անում». Սարգիս Արզումանյան

Ապրիլ 03,2024 18:05

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն այսօրվանից նստացույց է սկսել թատրոնի մուտքի մոտ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը հայտարարել է 24-ժամյա նստացույց, սակայն տարբեր ժամերի իրեն են միանում նաեւ ընկերները:

«Մեր պահանջը հետեւյալն է՝ ՀՀ կառավարությանը ի դեմս վարչապետի, եւ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս Ժաննա Անդրեասյանի, մենք ուղարկել ենք փաթեթներ, որպեսզի «Գոյ» թատրոնը լինի անկախ: Վարչապետին ուղարկվել են նաեւ այն ստորագրությունները, նամակը՝ մշակույթի այն գործիչների, որոնք վստահ են, որ «Գոյը» պետք է լինի այս քաղաքում: Մենք ԿԳՄՍ նախարարությանը կրկին ուղարկել ենք այն ծրագիրը, որը նախկինում էլ էինք ուղարկել, բայց իրենք չէին ընդունել:

Ու քանի որ Ժաննա Անդրեասյանն օրերս ասել էր, թե իբր պատրաստակամ են մեզ աջակցել, նորից ուղարկեցինք, մտածեցինք՝ գուցե այդ մարդկանց մոտ ինչ-որ բան փոխվել է: Այժմ սպասում ենք պատասխանի՝ ակնկալելով, որ դա պետք է լինի դրական: Նստացույցը հենց այդ պահանջով է հայտարարվել»,-նշեց Սարգիս Արզումանյանը:

«Երեկ, երբ մուտք էինք գործել թատրոն, թատրոնի մթնոլորտը ստիպեց, որ իրեն ավելի մոտ լինեմ, քանի որ չեմ կարողանում վերեւ բարձրանալ, գոնե պետք է լինեմ դռան մոտ: «Գոյ» թատրոնն ասում էր՝ ինձ մենակ մի թող, դա ես լսեցի: Թատրոնն ինձ ասաց՝ ես անտեր եմ: Ես եւ իմ ընկերները իրավունք չունենք մեր թատրոնին մենակ թողնելու: Այժմ թատրոնի մոտ ենք, որովհետեւ, ինչպես նշեցի՝ չենք կարողանում վերեւ բարձրանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է  Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանի այն ձեւակերպմանը, թե յուրաքանչյուր դերասան, այդ թվում «Գոյի» ներկայացուցիչները՝ պետք է երազեն աշխատել Սունդուկյան թատրոնում, այս մասին էլ «Գոյի»  կառավարման խորհրդի նախագահը նշեց. «Ցանկություն չունեմ մեկնաբանել, թե ինչ է ասել Մարության Արմենը: Ինքն արդեն ամեն ինչ շատ լավ մեկնաբանել է իր մասին: Ինքը երազել է լինել Սունդուկյան թատրոնում եւ  այնտեղ է: Իսկ եթե այդ թատրոնում նման դեմքով մարդիկ պետք է լինեն, ուրեմն  չպետք է երազել Սունդուկյան թատրոնում աշխատելու մասին ու կանգնել Արմեն Մարությանի նման մարդկանց կողքին նույն հարթակում»:

Սարգիս Արզումանյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչպես լուծվեց իրենց՝ թատրոն մուտք գործելու անցագրեր տրամադրելու հարցը: «Մենք  իրենց տվյալներ չենք տրամադրել ու չենք էլ տրամադրելու, որովհետեւ իրենք ունեն մեր տվյալները: Եթե իրենց համար սկզբունքի խնդիր է, որ անպայման մենք տանք, չենք տալու: Նախ`իրենց աշխատողը չենք, որ մեր տվյալները տրամադրենք, իսկ եթե իրենք կարծում են, որ իրենց աշխատողն ենք, բնականաբար մեր տվյալներն կունենան»,-նշեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Գոյի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Մեղք են, Գոհար ջան, տեր կանգնեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930