Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ozon-ում հնարավոր չէ սննդամթերք պատվիրել եւ առաքել դեպի ՀՀ․ մեկնաբանում է ընկերության ներկայացուցիչը

Ապրիլ 03,2024 18:35

Ozon մարքեթփլեյսը հայկական շուկայում արագ զարգանալու ներուժ ունի։ Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ընկերության ներկայացուցիչները։

«Հաշվի առնելով շուկայի դինամիկան՝ մենք ակտիվորեն զարգանալու ենք»,-ասաց ՀՀ-ում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։

Առցանց այս հարթակը Հայաստանում սկսեց գործել անցյալ տարվա հուլիսից։ Չնայած ընկերության կայքում ներկայացված են 370 միլիոնից ավելի ապրանքատեսակներ՝ 20-ից ավելի կատեգորիաներում, այսօր այս առցանց հարթակում որոշ սննդամթերք հնարավոր չէ պատվիրել դեպի Հայաստան, օրինակ՝ ձեթ, ընդեղեն, մակարոնեղեն եւ այլն։ Մինչդեռ երբ ընկերությունը նոր էր սկսել իր գործունեությունը ՀՀ-ում եւ վաճառքի կետեր էր բացել, նշված սննդամթերքները հնարավոր էր պատվիրել։

Aravot.am-ն Ozon-ի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ո՞րն է այդ սահմանափակումների պատճառը, եւ խնդրեց մեկնաբանել լուրերն, ըստ որի այդ սահմանափակումների պատճառը խոշոր ներկրողների հետ պայմանավորվածությունն է, քանի որ առցանց ու զգալի ցածր գներով ՀՀ քաղաքացիները սննդամթերքներ պատվիրելով ներկրողների բիզնեսին վնասում են։

«Ոչ մի նման պայմանավորվածություն չկա։ Համենայնդեպս ինձ հետ որեւէ մեկն այդ հարցով կապի դուրս չի եկել, որեւէ մեկի հետ նման պայմանավորվածություն չի եղել»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց Աշոտ Հախվերդյանը։

Նա վստահեցրեց, որ պատճառն այլ է, խնդիրը ՌԴ կարգավորումներն են՝ մաքսային, հարկային ձեւակերպումները, կախված է նրանից, թե այդ ապրանքներն ինչպես են գալիս․ «Սերտիֆիկացիա պիտի անցնի եւ այլն։ Մենք այդ խնդիրներն էլի ենք ունեցել, փորձել ենք լուծել, բայց ավելի շատ խնդիրներ են առաջանում, քան արդյունք։ Մենք անպայման մի տարբերակ կգտնենք, որ այդ ապրանքները դառնան հասանելի։ Ոչ մի քաղաքական պայմանավորվածություն չկա, ուղղակի թղթաբանության խնդիր է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ապրիլի 3-4-ին Ozon-ը Երեւանում հայ գործարարների համար կազմակերպում է «COME ON FORUM Երևան» բիզնես ֆորումը։ Այս պահին Հայաստանում, ինչպես նշեցին ընկերության ղեկավարները, գործում է Ozon-ի առաքման 192 կետ։ Ընկերությունը նախատեսում է մինչեւ 2024 թվականի վերջ 2․5 անգամ ավելացնել առաքման կետերի գործընկերային ցանցը։ Ընկերության ղեկավարությունը վստահեցրեց՝ այս տարվա երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը հնարավոր կլինի Երեւանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկել։

Ընկերությունն առաջիկայում 1,5 անգամ կընդլայնի Երեւանում գործող պահեստային համալիրը, եւ ինչպես վստահեցրին ընկերության ներկայացուցիչները, կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան․ «Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով։

Աշոտ Հախվերդյանը վստահեցրեց, որ Ozon-ում գրանցվել է 2,5 հազար տեղական վաճառող, պատվերների թիվն ամեն ամիս կրկնապատկվում է, ի ուստի, ընկերությունը նախատեսում է բարելավել լոգիստիկան, կրճատել վաճառողների ապրանքների առաքման ժամկետները։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930