Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ամուսնուս գերեզմանն է, Եռաբլուրում՝ որդուս. զոհված ազատամարտիկի մայր. «Ա1+»

Ապրիլ 03,2024 16:49

«Ա1+». Հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքը Արմեն Վյաչեսլավի Առստամյանին Ռուսաստանի Դաշնությունից բերել է Արցախ։

Արմենի հայրը՝ Վյաչեսլավ Առստամյանը նաhատակվել է 1992թ. հուլիսի 20-ին՝  Ամարասի հովտի պաշտպանական մարտերի ժամանակ։

«Ամուսնուս զոհվելուց հետո մեծ դժվարությամբ եմ մեծացրել 3 զավակներիս։ Արմենն այդ ժամանակ դեռ 1 տարեկան էր»,- պատմում է Արմենի մայրը՝ Ալեսյա Առստամյանը։

Ավարտելով Սարուշենի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ Արմենն առանց տեղյակ պահելու մորը՝ ընդունվել է ԼՂՀ ՊԲ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ծառայությունը շարունակել պաշտպանության բանակում։

«Սոցիալական ծանր պայմանները ստիպեցին, որպեսզի նա թողնի ծառայությունն ու ապրուստի միջոց փնտրի օտարության մեջ՝ Ռուսաստանում։ Այնտեղ էլ ամուսնացել, ընտանիք է կազմել։ Երկու աղջիկ ունի։ Ավագ որդիս նույնպես ՊԲ սպա էր։

Գուցե ես եմ մեղավոր, որ հայրենասեր զավակներ եմ դաստիարակել», – արտասվաթոր աչքերով ասում է մայրը՝ հիշելով, ինչպիսի ծանր ազդեցություն է ունեցել որդու վրա հոր և հազարավոր հայ երիտասարդների կյանքի գնով պաշտպանած հայրենիքի մեծ մասի կորուստը։

Այդ էր պատճառը, որ անսալով մոր խնդրանքներին 2022-ին Արմենը վերադարձավ Արցախ։

«Գյուղից դուրս եկանք հողաթափերով, սկզբում ասացին պատսպարվել գյուղի վերևի մասում, այնուհետև ասացին՝ անտառով շարժվել դեպի հարևան Մսմնա գյուղ։ Իրարանցում էր, լաց, աղմուկ-աղաղակ, փոքր երեխաներ, իրենց կորցրած ծնողներ, որ չգիտեին ինչ անել, որտեղ պատսպարվել, որովհետև ամեն կողմից կրակոցներ էին գալիս։

… Իսկ գյուղի մեր տանը վառարանին դեռ եռում էր որդուս համար պատրաստած ճաշը, որը պետք է ուտեր ընկերների հետ։ Պոստից այդ օրն էր իջել։ Շրջափակում էր, սնունդը դժվարությամբ էր հայթայթվում։ Ամեն անգամ սպասում էի Արմենի գալուն, որ իր սիրած ճաշերից պատրաստեմ։ Այդ օրը գառան մսով խաշլամա էի սարքել… Գնաց, որ ընկերներին կանչի, գան միասին ճաշեն… Եկավ, թե բա մամա դիրքերում դրությունը լավ չի։ Գիտեր, որ շատ էի վախենում՝ չասեց, որ պատերազմ է։ Սովորություն ուներ՝ տնից դուրս էր գալիս համբուրում էր, ներս էր մտնում՝ համբուրում էր։ Հագնվեց, ու արդեն դուրս էր գալիս։ Ասացի Արմեն ջան առանց ինձ համբուրելո՞ւ ես գնում… Հետ նայեց, ասաց մամ կգամ՝ կհամբուրեմ։ Արդեն 6 ամսից ավելի է սպասում եմ որդուս համբույրին»…,- վերջին խոսքերը դժվարությամբ է արտաբերում Արմենի մայրը։

Արմեն Առստամյանը հուղարկավորվել է Երևանի Եռաբլուր պանթեոնում…

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ապա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայրենադարձության մասին խոսելիս տիկին Առստամյանի հայացքը հառում է հեռուներ՝ հոգեմաշ վիշտն անամոք է՝ Արցախում ամուսնու գերեզմանն է, Եռաբլուրում՝ որդու։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930