«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման եւ շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամը հսկողություն իրականացնում է միայն միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհների նկատմամբ:
«Դրանք բաժանված են 48 տարածաշրջանների եւ սպասարկվում են 33 կազմակերպությունների կողմից, որոնք 2024 թվականի ձմռանն իրականացրել են 3113 կմ ճանապարհահատվածի սպասարկում: Գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել 2764 կմ ավտոճանապարհահատված, 640 հազար քմ գծանշման աշխատանք, շուրջ 949 հազար գծամետր մետաղական արգելափակոցների աշխատանքներ: Ընթացիկ պահպանում ասելով՝ մենք հասկանում ենք ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով ճանապարհների տարրերի նկատմամբ իրականացվող համալիր գործողություններ, որոնք կապահովեն տարվա բոլոր եղանակներին անվտանգ եւ անխափան երթեւեկություն: Այդ ցանկը ներառված է կառավարության համապատասխան որոշման մեջ»,-ասաց պարոն Մարգարյանը եւ առանձնացրեց, իր խոսքով, մի քանի կարեւոր աշխատանքներ: «Մասնավորապես, ձմեռային ժամանակաշրջանում ձյան շերտի մաքրումը երթեւեկելի մասից եւ կողմնակներից, երթեւեկելի մասի մշակումը աղ ու ավազային խառնուրդով: Գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում փոսային նորոգման, ճանապարհների կահավորանքի վերաբերյալ՝ ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակողներ, ուղղորդիչ սյուներ, ճանապարհների եւ ճանապարհամերձ հատվածներում աղբի եւ օտար ապրանքների մաքրման աշխատանքներ, խոտի հնձում եւ այլն»:
Բանախոսի ասելով՝ նշված 33 կազմակերպությունները բավականացնում են ըստ իրենց տարածաշրջանների միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհահատվածները իրենց ունեցած հզորությամբ սպասարկելու համար:
Պատասխանելով դիտարկմանը, որ վարորդները դժգոհում են գծանշումներից, ճանապարհային նշանների պակասից, որոնք տեսանելի են հատկապես գլխավոր մայրուղիներից դուրս, Գոռ Մարգարյանը նշեց, որ 2024 թվականի համար նախատեսված են 640 հազար քմ գծանշման աշխատանքներ: Ընդ որում, որոշ ճանապարհահատվածներ , կապված ինտենսիվության եւ տուրիստական նշանակության հետ, գծանշումներ կիրականացվեն տարվա ընթացքում երկու անգամ: «Բացի դա, այն ճանապարհահատվածները, որոնք ներառված են կամ կներառվեն հիմնանորոգման, միջին նորոգման ծրագրերում, նույնպես կգծանշվեն: Ինչ վերաբերում է ճանապարհային նշաններին, միայն պահպանման շրջանակներում 2023 թվականին շուրջ 3792 հատ ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաեւ 23162 գծամետր մետաղական արգելափակողների պահպանման, վերականգնման աշխատանքներ են կատարվել»,-ասաց Գոռ Մարգարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ