Ադրբեջանի Սահմանադրությամբ այդ երկիրն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում, այլ հռչակել է` 1918-20 թ.թ.-ի Ադրբեջանի իրավահաջորդը: «Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ադրբեջանի Սահմանադրությունը իր մեջ տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Խնդրել էինք նաև պարզաբանել, թե Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկվո՞ւմ է Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը:
Ի պատասխան մեր այս հարցմանը` ԱԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչել են 1991 թ.-ի Ալմա -Աթայի հռչակագրի հիման վրա։ «Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023 թ-ի մայիսին 14-ին և հուլիսի 15-ի հանդիպման ժամանակ Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։
Միևնույն ժամանակ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմն առաջնորդվում է հանրահռչակված սկզբունքներով։
Հատկանշական է, որ ԱԳՆ-ի վկայակոչած հանրահռչակված սկզբունքները չեն խանգարում Ադրբեջանի նախագահին խնդիրներ տեսնել ՀՀ Սահմանադրության մեջ և պահանջներ ներկայացնել։
Կարդացեք նաև
Մասնավորապես, 2024 փետրվարի 1-ին ագրեսոր Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե. «Հայաստանի անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը (նկատի ունի Արցախը-խմբ.) Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ: Բացի այդ, Հայաստանի նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերում ևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, բազմաթիվ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, կան բազմաթիվ վերապահումներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ < … > Խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ հավակնություններին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության և նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերի մեջ»:
Դատելով ՀՀ ԱԳՆ-ի պատասխանից՝ այս գերատեսչությունը չի պաշտպանում ՀՀ ազգային շահը Ադրբեջանի հետ բանակցություններում: