Լրահոս
Օրվա լրահոսը

Դեժավյու՝ կրկին ցեղասպանություն ու բռնաբարություն. Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմը

Ապրիլ 03,2024 14:18

Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, լրագրող, գրող, ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի շնորհանդեսը ապրիլի 30-ին կկայանա Լոնդոնի համալսարանում՝ Genocidal Captivity խորագրի ներքո, Լոնդոնի համալսարանի եւ Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվի՝ Վիների գրադարանի (The Wiener Holocaust Library) նախաձեռնությամբ: 68 րոպեանոց ֆիլմn արտադրել է HB PeÅ Holmquist Film ընկերությունը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյուզան Խարդալյանը:

Նրա նոր ֆիլմը եզդիների ցեղասպանության, արտաքսման, եզդի կանանց առեւանգման, բռնաբարության մասին է, որն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից՝ Հյուսիսային Իրաքի գրավումից հետո։ Երեք եզդի կանանց՝ Ղասունի, Դալալի եւ Լամիայի ճակատագրերի միջոցով ռեժիսորը վեր է հանում մի ողջ ժողովրդի ողբերգություն: Սյուզան Խարդալյանը 5 տարի հետեւել է ԻՊ զինյալների գերությունից փրկված կանանց, որոնք նոր կյանք են սկսել Գերմանիայում:

Ֆիլմում զուգահեռներ են կան եզդիների եւ Հայոց ցեղասպանությունների միջեւ:

Ի դեպ, ապրիլի 29-ին դարձյալ Լոնդոնի համալսարանում կցուցադրվի նաեւ Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» հայտնի ֆիլմը, որի միջոցով հեղինակը բացահայտել է իր տատի գաղտնիքը, ինչի մասին ընտանիքում գերադասում էին լռել: Նրա Խանում տատիկը 12 տարեկանում Եղեռնի ժամանակ թուրքերի կողմից ենթարկվել էր բռնաբարության, նաեւ դաջվածքներ էին արել դեմքին: Ընդ որում, նա թուրքերի կողմից տանջանքների ենթարկված, դաջվածքներով միակ հայուհին չի եղել:

«Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմում հեղինակը ապշեցուցիչ նմանություն է տեսել հայերի ու եզդիների ցեղասպանությունների միջեւ՝ նույն պատկերները, աղետից փրկվելու հույսով փախչող մարդկանց խմբեր, նրանց մեջ երեխան գրկին՝ կին: Ռեժիսորն ասում է՝ նույն մոտիվներն են՝ ուղղակի 100 տարի անց, ու պարզապես նոր ցեղասպանությունը տեղի է ունենում Իրաքում եւ Սիրիայում: Կինովավերագրողը հեռուստատեսությամբ սարսափով հետեւում էր, թե ինչպես էին ԻՊ զինյալները ցեղասպանում եզդի ժողովրդին, իսկ հազարավոր եզդի կանանց սեռական բռնության ենթարկում: Տեղեկանալով, որ Գերմանիա են տեղափոխվել 1100 եզդի կանայք, նա կապ է հաստատում նրանց հետ:

Այժմ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի հերոսներից Ղասունը ապրում է փոքր եղբոր հետ, նա եւ Լամիան զարմուհիներ են, որոնք կարողացել են օգնել միմյանց՝ հաղթահարելու հոգեկան ծանր տրավման: Ղասունը 13 տարեկան է եղել, երբ գերեվարվել ու բռնաբարվել է: Փոքրիկ աղջնակ, ում համար անընկալելի է եղել իր հորից տարիքով մեծ տղամարդկանց կողմից տանջանքի ու բռնաբարության ենթարկվելը: Սյուզան Խարդալյանը ընդհանրություններ է տեսնում այդ աղջկա ու իր տատիկի ճակատագրերի միջեւ: Ղասունը հիշեցնում է իր տատիկին, ում 12 տարեկանում թուրքերը գերեվարել ու բռնաբարել էին:

Եզդուհի Լամիան ընդամենը 16 տարեկան էր, երբ արժանացել է ճակատագրի դաժան հարվածների: Նա արցունքն աչքին պատմում էր, թե ինչպես էին ստիպում, որ մահմեդականություն ընդունեն, ասում էին՝ դուք կեղտոտ հավատք ունեք:

Դալալը պատմում է բռնաբարված եզդի աղջիկների ու նրանց անցանկալի հղիության մասին: Տարիների ընթացքում նա խաղաղվել է, սակայն ցավը չի մոռացել: Անգամ փորձել է վերադառնալ Իրաք՝ տեսնելու հորը եւ իրենց ավերված տունը: Հետո կրկին վերադարձել է Գերմանիա, սոցցանցերի եւ ծանոթների միջոցով գտել քրոջն ու եղբորը: Դալալն ամեն օր WhatsApp-ով խոսում է քրոջ հետ, իսկ եղբոր հարցը մի քիչ բարդ է, նա մի քանի տարի ԻՊ զինյալների կազմում է եղել:

Սյուզան Խարդալյանը՝ իր կինոնկարի հերոսների հետ

Ֆիլմի սկզբում փոքրիկ դրվագ կա, որտեղ ռեժիսորը խոսում է քրոջ հետ, հարցնում իրենց մայրիկից: Լսափողից լսվում է քրոջ ձայնը՝ ինչո՞ւ ես միայն տխուր ֆիլմեր նկարում: Բայց Սյուզան Խարդալյանի առաքելությունն է՝ բարձրաձայնել մարդկանց իրավունքների, ցեղասպանությունների ու մոլորակում բուն դրած դաժանությունների մասին:

Նրա ֆիլմերում հետաքրքիր է նաեւ դաժան պատմությունների ու բնության հակադրությունը. այսքան խաղաղ բնության պայմաններում, ծաղիկներ, կանաչ, երկինք, արեւ ու այս ամենի կողքին՝ մարդկային դաժանություն:

Հավելենք, որ Սյուզան Խարդալյանը, բացի անկախ կինոռեժիսոր լինելուց, նաեւ միջազգային իրավունքի եւ դիվանագիտության մագիստրոս է: Նա Թավթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ, ռեժիսոր, որը աշխարհով մեկ ցուցադրել է ցեղասպանության մասին իր ֆիլմերը։

Պրոդյուսեր Պ. Հոլմքվիստը եւս անկախ կինոռեժիսոր է, պատերազմական գոտում աշխատած լուսանկարիչ: Նրա հիմնադրած HB PeA Holmquist Film պրոդյուսերական ընկերությունը 1973 թվականից ի վեր արտադրել է ավելի քան 60 վավերագրական ֆիլմեր, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Սյուզան Խարդալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել