Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցման մասնակիցների մոտ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չի լինի ՀՀ-ի համար ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»․ Արամ Նավասարդյան

Ապրիլ 03,2024 13:34

«Հարցման մասնակիցների մոտ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունը, կառավարությունն ունակ չի լինի ՀՀ-ի համար ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,-ներկայացնելով իրենց կատարած հարցման արդյունքները՝ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Անցկացվել են 1101 հարցումներ՝ հեռախոսային հարցումների ձևաչափով մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ ըստ ձեզ ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Արամ Նավասարդյանն ասաց, որ քաղաքացիների պատասխաններն այսպիսի պատկեր ունեն․ «2023-ի հունվարի դրությամբ 10,6 տոկոսը նշել էին միանշանակ այո, 19,8 տոկոսը նշել էին ավելի շուտ այո, մոտ 30 տոկոսը կարծում էին, որ ունակ կլինեն։ Այժմ այս ցուցանիշը նվազել է և միայն 8,7 տոկոսն է կարծում, որ ունակ կլինեն ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ ՀՀ-ի համար ևս ընդունելի պայմաններով։ 18,2 տոկոսն ի պատասխան այս հարցի նշում է, որ ավելի շուտ՝ ոչ, և ընդհանրապես, միանշանակ ոչ նշել է 48,8 տոկոսը»։

Այն փաստմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև սահմանազատումն իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է չորս բնակավայրերի, գյուղերի անկլավների փոխանցում Ադրբեջանին և հարցին՝ որքանո՞վ է այս մոտեցումը ձեզ համար ընդունելի, հարցվածների 2,9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ ընդունելի է կարծում է հարցվածների 6 տոկոսը և ավելի շուտ ընդունելի չէ՝ նշել է 7,8 տոկոսը և 79,7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, 3,6 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Արամ Նավասարդյանն ասաց՝ այսինքն՝ շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումն ընդունելի չէ։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, Արամ Նավասարդյանն ասաց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, այստեղ աննախադեպ ցուցանիշ ունեն․ «Եթե 2023-ի հունվարին հարցվածների 13,8 տոկոսը և անգամ մարտին 16,2 տոկոսը նշել էին, որ լիովին դրական են գնահատում նրա աշխատանքը, ապա հիմա այդ ցածր ցուցանիշը կիսվել է․ հարցվածների միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական է վերաբերվում նրա աշխատանքին։ Ունենք 17,1 տոկոս, որոնք ավելի շուտ դրական են գնահատում, հստակ հետևորդները, որոնք ամեն ինչում համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, 8 տոկոսն է մնացել։ Սա խոսուն ու ցցուն պատկեր է։ Գրեթե 20 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատում։ Ունենք 70-78 տոկոսի չափով բացասական պատասխան կապված Նիկոլ Փաշինյանի աշխատանքի հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930