Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ սոցհարցման Փաշինյանի կառավարման արդյունքում նրա հակավարկանիշը կազմում է 75%

Ապրիլ 03,2024 13:38

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG-ի կողմից կատարած սոցհարցման, Փաշինյանի կառավարման արդյունքում նրա հակավարկանիշը կազմում է 75%, իսկ վարկանիշը 8%:

Այս 8%-ը բացարձակ հատակն է, այն քաղաքական առումով այլևս չի իջնելու: Այն կզորայանա միայն, երբ Փաշինյանն այլևս իշխանություն չունենա: Նույնիսկ իշխանություն ունենալով այս թիվը խոսում է նրա մասին, որ իշխանական ռեսուրսն այլևս չի աշխատում:

Հասարակության նվազագույնը 75% սպասում է քաղաքական առաջարկի: Սա նշանակում է, որ ոչ իշխանության ոչ էլ ընդդիմության առաջարկները, եթե դա կարելի է քաղաքական առաջարկ համարել, այլևս ընդունելի չեն:

Քանի որ ամեն բան եզրագծին է, նշեմ մի քանի մտքեր: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, խմբերը, լիդերները պետք է հասկանան մեկ պարզագույն քաղաքական դիլեմա, եթե ուզում են շարունակել առհասարակ մնալ հայկական քաղաքականության մեջ, եթե առհասարակ դա էլ գոյություն ունենա:

Թե քաղաքական, թե տեսլականային, թե բովանդակային, թե օրակարգային առումով նրանք պետք է ներկայացնեն այսօրվա իշխանության օրակարգին, խոսույթին, մտքին, պրոպագանդային արմատապես հակասող և այն բացառող քաղաքական խոսույթ, միտք գաղափար և սկզբունք:

Որքան էլ քաղաքական ռեալությունը բարդ և ռիսկային լինի, այնուամենայնիվ ընդդիմությունը չէ, որ կրում է ամբողջական պատասխանատվություն այդ քաղաքական ռեալության համար, սակայն զինանոցում, որպես մեկ զենք պահել և իշխանությանը անդադար մեղսագրումներ անելը մեծ առումով սահմանափակում և այսօր արդեն սնանկացնում է հենց ընդդիմություն ինստիտուտի քաղաքական արժեքն ու ընկալումը:

Եթե իշխանությունը աչքի է ընկնում թակարդն ընկած կենդանու անկայուն քաղաքական շարժումներով և այդ թակարդից դուրս պրծնելու ջանքերով, ապա ընդդիմությունը աչքի է ընկնում այդ նույն թակարդում հայտնվածի և այդ թակարդը լուռ, հուսահատ և վախվորած ուսումնասիրողի վարքով:

Սա բացարձակապես մեղադրանք չէ, որովհետև բազմիցս եմ նշել, որ այսօրվա ընդդիմությունը իր բնույթով հեղափոխական չլինելով, իր բնույթով չափից շատ «տեխնոկրատ», բյուրոկրատ և համակարգային լինելով, փորձում է արտահամակարգային լինել և ստացվում է այն ինչ ստացվում է: Արդյունքում ունենք իշխանություն, որն անտիհամակարգային է, և ընդդիմություն, որն իր բնույթով չափից շատ բյուրոկրատ է:

Իշխանության մասին ասելու բան թերևս էլ չկա, նրանք Հայաստանի երրորդ Հանրապետության գերեզմանափորներն են: Արդյոք ընդդիմությունը թույլ կտա, որ դա տեղի ունենա: Ինչո՞ւ ընդդիմությունը, որովհետև քաղաքական գերեզմանափորների պլանները խաթարելու քաղաքական, շեշտում եմ քաղաքական, այլ ոչ թե հանրային, բարոյազգացական, պատմամշակույթային, արժեքաբանական այլ քաղաքական ծանր առաքելությունը հենց նրանք են ստանձնել:

Շատ հաճախ եմ դիտարկում, այդ առաքելության պարզեցում, քաղաքական ծանր և արժեքավոր բովանդակության արտադրումից խուսափում, իսկ ավելի ճիշտ անկարողություն, հստակ քաղաքական տեսլականի սկզբունքային արտահայտման վանում, քաղաքական մտքի կիսատություն կամ ավելի ճիշտ ռիսկայինության գնահատման գերդոզավորում: Այս ամենը հանգեցնում է քաղաքական ընդդիմության կերպի, տիպի, բնույթի և ամենակարևորը ընկալման կիսատության, ինչն էլ իր հերթին դեվալվացնում է ընդդիմությանը իր ընտրողների աչքերում: Նրանց գերկարևոր ֆունկցիան պետք է լինի իրենց դավանած սկզբունքների, գաղափարների, լուծումների հստակ և աներկբա ներկայացումը իրենց ընտրողներին, հաշվետվողականությունը և հույսի արթնացումը նրանց մեջ:

Դրա փոխարեն բացառապես իշխանության սկզբունքների չգոյության ցուցադրումը, նրանց անգաղափար, անսկզբունք լինելու հանգամանքի պախարակումը և նրանց կողմից իրականացվող քաղաքական լուծումների կործանարար լինելու փաստի ցուցադրությունը լայն հանրային մոբիլիզացիայի ոչ առիթ և ոչ էլ դետոնատոր չի դառնում:

Արդյունքում ընդդիմությունը ցավալիորեն փոքր հաղթանակներով առաջ գնալու փոխարեն, կրկին գրանցում է մեծ հաղթանակին չհասնելու անկարողության ցուցադրություն, ինչն իր հերթին տանում է մի կողմից նրանց քաղաքական սննկացմանը, իսկ որ ավելի կործանարար է իշխանության սեփական դիրքերի ամրապնդմանը:

Վերջ տվեք քաղաքական կիսատությանն ու բյուրոկրատիզմին:

Քաղաքական երևույթները գնահատելիս և դրանցով ձեր ընտրողների հետ կիսվելիս եղեք հանդուգն ձեր պատկերացումներում և սկզբունքներում դրանով կերևա ձեր քաղաքական առաջարկն ու լուծումների բանալին:

Հստակեցրեք ձեր քաղաքական առաջարկը բոլոր ոլորտներում, խոսքը չի գնում ծրագրերի մասին, խոսքը գնում է սկզբունքային դիրքավորումներ ունենալու մասին, որն ամբոջությամբ կհակասի իշխանության դիրքավորմանը:

Վերջապես ընտրեք և ներկայացրեք Փաշինյանի այլընտրանքին, գոնե քաղաքական face-ի առումով անկախ նրանից կհավանեն, թե ոչ, կընկալեն, թե ոչ: Դուք չեք կարող չունենալ քաղաքական լիդերի առաջարկ, անկախ նրանց դա ով կլինի: Դուք պարտավոր եք ունենալ և առաջարկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930