«Փաստինֆո». Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։
«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց թե՛ իրավապահ կառույցներին, թե՛ Գալստյանի հարազատներին։ Մասնավորապես, կապ հաստատեցինք Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ, որը Սարգիս Գալստյանի ազգականն է։ Պատգամավորը, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ նշելով, որ տեղեկություն չունի, տևական ժամանակ է՝ կապ չունի նրանց հետ։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյանը բերման է ենթարկվել, բերվել ԱԱԾ, ինչպես նաև՝ դիմել ենք ՀՀ ՔԿ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյանի վերաբերյալ քրեական գործ կա, թե ոչ, վերջինս որևէ կարգավիճակ ունի արդյոք։
Իրավապահ կառույցների պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։
Ի․ Ս․