Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքականության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ, որը, որպես կանոն, պաշտոնական Կրեմլի տեսակետներից տարբերվող կարծիք է հայտնում։
– Ալեքսանդր Վլադիմիրովիչ, Հայաստանում կրկին խառը վիճակ է։ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Տավուշի գյուղերը, եւ մարդիկ այնքան դժգոհ են, որ ամեն պահի կարող են ինքնակազմակերպվել։ Ո՞րն է Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը, ըստ Ձեզ, եւ ի՞նչ է լինելու խաղաղության ստորագրումից հետո։
– Փաշինյանն իրականացնում է Արեւմուտքի ծրագիրը, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ամեն գնով։ Արեւմուտքին այնպիսի խաղաղություն է պետք, որ Ադրբեջանն Արեւմուտքից չնեղանա, եւ դրա համար բոլոր զիջումները պետք է իրականացնի հայկական կողմը։ Փաշինյանն իրագործում է այս պլանը։ Կարծում եմ՝ նա խորապես թքած ունի Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ քայլը լինելու է ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։ Ասվելու է, որ, ահա՝ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը, եւ մեզ էլ պետք չէ Ռուսաստանի ռազմական ներկայությունը, առավել եւս, որ Ռուսաստանը մեզ չպաշտպանեց, մենք ստիպված եղանք տարածքներ հանձնել, մեզ էլ ոչինչ չի սպառնում, եւ ռուսները միայն գրգռիչ գործոն են, մեզ խանգարում են համագործակցել Արեւմուտքի հետ։ Հետո արդեն Արեւմուտքը Հայաստան կմտնի նաեւ տնտեսապես, ու Հայաստանն արդեն կլինի կրճատված վիճակում։ Ահա՝ այսպիսի եզրակացություն է բխում Փաշինյանի քաղաքականությունից։ Բայց նա լուրջ սխալ է գործում՝ համարելով, որ տարածք հանձնելը, Զանգեզուրի միջանցքը տալը Հայաստանի անվտանգության երաշխիքն են։ Սա ամենաանհեթեթ հիմարությունն է, որ ես երբեւիցե լսել եմ։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ստորագրած պարտավորությունները երբեք չեն պահպանվել եւ չեն էլ պահպանվելու։ Առհասարակ, հավատալ իրենց թյուրքական աշխարհի մի մասը համարող թուրքերի եւ ադրբեջանցիների ստորագրած համաձայնություններին՝ ի սկզբանե ձախողված քայլ է։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Էրդողանը հուսալի գործընկեր է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է նա անընդհատ խախտում իր ստորագրած պայմանավորվածությունները կամ բանավոր համաձայնությունները։ Օրինակ, ունեինք համաձայնություն, որ «Ազովի» գումարտակի հրամանատարներին չվերադարձնեն Ուկրաինային, իսկ նա վերադարձրեց։ Ադրբեջանը 1994 թվականին հրադադար էր ստորագրել, նախաստորագրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ոչինչ չարեց, ամենը խախտեց՝ հարձակվեց Հայաստանի վրա եւ դեռ մի բան էլ խախտեց ՌԴ-ի եւ Հայաստանի հետ ստորագրած եռակողմ համաձայնագիրը, էթնիկ զտումներ իրականացրեց ԼՂՀ-ում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ նա բացարձակապես անհուսալի գործընկեր է, կոնտրագենտ։ Անգամ լուրջ տարածքային զիջումները եւ Զանգեզուրի միջանցքը Հայաստանին չեն փրկելու հետագա ոչնչացումից, եւ Արեւմուտքը, իհարկե, չի օգնի։
– Ինչո՞ւ Պուտինը չի գնում կոնկրետ քայլերի։ Չէ՞ որ նա գիտի, որ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի ձեռքին հիմա պատանդ է, որ հայերից շատերը դեռ հավատում են Ռուսաստանին։ Փաշինյանն ինչ ուզում, ստորագրում է, ինչ ուզում, հանձնում է, հակառուսական քայլեր է անում, առանց մեզ հարցնելու, իսկ Պուտինը, նեղանալով Փաշինյանից, վնասում է մեր ժողովրդին։ Որքանո՞վ է Նիկոլից նեղանալը լուրջ գործոն մեծ քաղաքականության մեջ։
Կարդացեք նաև
– Մեր ԱԳՆ-ն բավականին պրիմիտիվ է գործում։ Մարդիկ, որոնք դաստիարակվել են Շեւարդնաձեի, Կոզիրեւի կողմից, ի վիճակի չեն ստրատեգիական մտածողություն ցուցաբերել։ Մարդիկ նեղացել են Փաշինյանից, որոշել են քցել Հայաստանը՝ սա մանկապարտեզ է։ Պետք է աջակցել Հայաստանի առողջ ուժերին, չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը Ռուսաստանին հայտարարի դավաճան։ Իսկ հիմա բոլորը տեսնում են, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին, ու կամա-ակամա ստացվում է, որ Փաշինյանը ճիշտ է, մարդիկ էլ մտածում են, որ իրենց դաշնակիցն իրենց դավաճանել է։ Իսկ ԱԳՆ-ն զբաղեցրել է պրոադրբեջանական դիրքորոշում, փոխանակ հանդես գա սկզբունքային դիրքերից, ասենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից, որը մենք պարտավորվել ենք պաշտպանել։ Սա վնասում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին։ Սա օրինականացնում է Փաշինյանի քաղաքականությունը եւ սա աբսուրդ է, սա ՌԴ ԱԳՆ-ի պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, որի պատճառով մենք ժամանակին կորցրինք Վրաստանը։ Սահակաշվիլին եկավ իշխանության հեղաշրջման ճանապարհով, եւ նրան ՌԴ ԱԳՆ-ն ճանաչեց, չգիտես ինչու։ Ասլան Աբաշիձեն պրոմոսկովյան մարդ էր, այնտեղ՝ Աջարիայում, մեր ռազմաբազան էր, մենք կարող էինք նրան չհանձնել Սահակաշվիլուն, հանձնեցինք։ 2008 թվականին կար Սահակաշվիլու ռեժիմը տապալելու հնարավորություն, բայց մենք չարեցինք դա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր ԱԳՆ-ն նման խորհուրդներ էր տալիս։ Ասում էին՝ մենք չենք խառնվում ներքին գործերին, իսկ Արեւմուտքն ինչ ուզում, անում էր։ Դե, արեցինք այդպես ու կորցրինք մեր դիրքերը՝ մեկը մյուսի հետեւից։ Հայաստանում նույնն է կատարվում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: