«Ապրիլյան պատերազմը ահազանգ էր, ու թեեւ ուշացած, բայց կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն իր իշխանության վերջին երկու տարիներին այդ ահազանգը զգացել էր»,-այս կարծիքին է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը (լուսանկարում)։
Aravot.am-ի հետ զրույցում Հակոբյանը վերլուծելով 2016-ին տեղի ունեցած ապրիլյան պատերազմի նշանակությունն, ասում է՝ ապրիլյանից հետո շփման գծում սկսեցին ամուր ամրաշինական կառույցները զարգացնել, թեեւ կյանքը ցույց տվեց, որ դա բավարար չէր։
«Ապրիլյան պատերազմից հետո քննարկում էինք՝ կորցրեցինք որոշակի տարածք, իսկ եթե մի հատ էլ ապրիլյան լինի, մի հատ էլ կկորցնենք, բա վերջը ինչ է լինելու։ Ապրիլյանի նշանակությունը այնքանով էր կարեւոր, որ ցույց տվեց, թե ինչ աստիճանի էր ռազմաքաղաքական նախաձեռնությունը մեր ձեռքից կորսվել, ու ինչ աստիճանի է այն թշնամու ձեռքում։ Մինչ ապրիլյան էլ սրացումներ կային։ Այդ սրացումներն ու ապրիլյանն ահազանգն էին, որ արդեն կորցնում ենք»,-նշում է վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ եթե այլ ողջամիտ ղեկավար լիներ, երեւի այդ ահազանգը խորապես կգիտակցեր, գոնե՝ աստիճանաբար․ «Բայց 2018-ին նոր իշխանություն եկավ, որը հանցավոր ինքնավստահությամբ վերաբերվեց արցախյան խնդրին։ Հանցավոր ինքնավստահություն տերմինը պատահական չեմ ասում, քանի որ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, եւ վերջ», տավուշյան մարտերից հետո Նապոլեոնի տեսքով Սարդարապատում մեդալներ բաժանելը եւ այլն, դա անփույթ, հանցավոր անզգուշություն էր։ Դա նման էր նրան, երբ մտնես մի սենյակ, որտեղ կա վտանգավոր գազան, բայց դու չես գիտակցում դա, սկսում ես բզբզալ, քաշել կենդանու պոչից, որը մեծ օձ էր»։
Կարդացեք նաև
Հակոբյանի դիտարկմամբ՝ անկասկած, 24 տարում պետք էր ավելին անել, եւ ոչ միայն սահմանագիծն ամրացնել, այլ՝ ընդհանուր երկիրն ուժեղացնել․ «Այս առումով երեք նախագահներն էլ իրենց բացթողումներն ունեին։ Հասկանալի է, որ օրինակ՝ 2004-ին Ադրբեջանն այնքան պատրաստ չէր, որ պատերազմ սկսեր։ Մենք զիջեցինք ավելի շատ վերջին տասը տարում։ Իսկ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո էլ մենք վտանգավոր օձի պոչից բռնած քաշում էինք»։
Ապրիլյան պատերազմից ութ տարի անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հակոբյանն ասում է՝ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ նշում են, թե՝ ով էլ լիներ իշխանության, 44-օրյան լինելու էր, քանի որ այդպես որոշել էր Պուտինը եւ այլն․ «Բայց, իհարկե, չենք կարող իմանալ, որ հաստատ այդպես էր լինելու։ Խնդիրն այն է, որ եթե ակնհայտ արվեցին քայլեր, որոնք առնվազն չնպաստեցին Ռուսաստանին մեր կողմը կանգնելու, մաքսիմալ նպաստեցին նրան, որ եթե նույնիսկ ռուս-թուրքական դավադրություն կար, ապա իշխանության քայլերը միայն խթանեցին այդ դավադրության իրականացմանը՝ ՀԱՊԿ-ին արժեզրկելը Խաչատուրովի միջոցով, Պուտինին ծանակելը եւ այլն։ Ընդ որում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար Փաշինյանն ընկալելի չէր՝ հասկանալի պատճառներով, բայց փոխանակ մի բան աներ Փաշինյանը, որ ընկալելի լիներ, հակառակն էր անում, արեցին բաներ, որոնք մոտեցրին պատերազմը»։
Հակոբյանն ասում է՝ Փաշինյանը կոտրված համակարգ ժառանգեց, բայց Փաշինյանը պետք է գիտակցեր, որ ինքը, պատկերավոր ասած՝ հին մեքենա է ժառանգել․ «Բայց փոխանակ այդ մեքենան դանդաղ վարեր, մինչեւ իրավիճակը կարգավորվեր, ինքը այդ մեքենայով ոնց որ մայրուղի դուրս եկավ ու մեծ արագությամբ վարեց՝ առանց հասկանալու, որ կգլորվի ձորը։ Իրեն էլ Գանդի էր համարում, էլ՝ հեղափոխական, մի խոսքով՝ Փաշինյանին աստեղայինը տարել էր, ու 2018-2019 թվականներն անցկացրեցինք «թռի-վռի մի ճպուռ» վիճակով, Փաշինյանը վայելում էր փառքը, իսկ Ալիեւը նայում էր, վերլուծում էր»։
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածություն է, Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմն է կրակ բացել, մենք հերքում ենք, 44-օրյայից առաջ էլ նման հայտարարություններ էին լինում, հիմա Ադրբեջանը սադրո՞ւմ է, հող է նախապատրաստում էսկալացիայի համար։ Այս առնչությամբ Հակոբյանն ասում է․« Եթե ինձ ասեին՝ պատերազմ կսկսվի՞ այս գիշեր, ես կասեի՝ ոչ, բայց ամեն րոպե վտանգը կա։ Ադրբեջանի հերթապահ հայտարարությունները պատերազմի վտանգը «վառ» պահելու պարզ միջոց են։ Հիմա կարող են մի հատ կրակեն, զոհ լինի, ինչպես եղավ Արցախում 2023-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանցի ոստիկաններ պայթեցին ականի վրա, սկսեց Ադրբեջանը․․․։ Երբ թույլ ես՝ ամեն րոպե կարող է հարված լինի։ Մենք թույլ ենք, բայց գուցե թույլ ենք, քանի որ երկրի ղեկավարն է անպատասխանատու ու անպատասխանատուների է նշանակում կարեւոր պաշտոններին։ Մի հատ նայեք Ալիեւի կադրային բազային ու Փաշինյանի կադրային բազային։ Այդուհանդերձ, մենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի կորուստները մեծապես ամոքել ենք, բայց արդյոք դա բավարար է նոր կռվում դիմադրելուն, արդյոք այս ռազմաքաղաքական ղեկավարության՝ դաշնակիցների հետ նման հարաբերությունների պայմաններում կկարողանաս հաջող կռվել…»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ