Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ուրիշ «Սոլովյովներ» չկա՞ն

Ապրիլ 03,2024 10:00

Անցած շաբաթ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում:

Պետք է խոստովանեմ, որ առնվազն 10 տարի է՝ ո՛չ այդ ալիքն եմ դիտում, ոչ էլ առավել եւս՝ Սոլովյովի հաղորդումները: Ժամանակ առ ժամանակ համացանցում աչքովս են ընկնում ինչ-որ պատառիկներ, եւ դա, իհարկե, սարսափ է՝ ճղճղան, անմակարդակ քարոզչություն, որն ուղղված է միջին վիճակագրական ուղեղներին: Եթե այդ «հակալրագրությամբ» խախտվում են ՀՀ օրենքները, ապա Սոլովյովով պետք չէր սահմանափակվել՝ այնտեղ կան Կիսելյովը, Սկոբեեւան, անգամ հայկական ազգանուններով մարդիկ, որոնք Սոլովյովից ոչնչով պակաս չեն: Ավելին ասեմ՝ հայկական եթերում էլ կան քարոզիչներ, որոնք աշխատում են նույն ոճի մեջ:

Որպես քաղաքական ժեստ՝ Ռուսաստանին հակադրվելու շրջանակներում, Սոլովյովին արգելելը հասկանալի է: Բայց եթե նպատակը որոշակի ճաշակի եւ մակարդակի նշաձող դնելն է, ապա նման քայլերն արդյունավետ չեն:

Ենթադրենք, Սոլովյովը մի քանի տասնյակ հազար երկրպագու ունի Հայաստանում (հուսով եմ, որ դա այդպես չէ), նրանք խնդիր կունենա՞ն իրենց սիրելի հռետորի ճառերը լսելու: Վարդան Ղուկասյանը («Դոգը») հանրային ոչ մի մուլտիպլեքսով չի սփռվում, բայց նրա խոսքն ազդում է հայաստանցիների զգալի մասի ուղեղների եւ հոգիների վրա:

Բանն այն է, որ համացանցային (սոցցանցային) իրականությունն ուժեղացնում է այն, ինչը դեռեւս 1960-ականներին գերմանացի ընկերաբան Էլիբաթ Նոյել-Նորմանը անվանում էր «լռության պարույրի էֆեկտ»: Եթե կարճ, ապա խոսքն այն մասին է, որ հասարակական կարծիքը հակվում է այն տեսակետներին, որոնք ամենաբարձրն են հնչում: Մարդիկ՝ հավատալով, որ դա մեծամասնության տեսակետն է, գերադասում են կա՛մ միանալ դրան, կա՛մ էլ, լավագույն դեպքում, լռել: Դա, ի վերջո, վախի դրսեւորում է՝ հայտնվել փոքրամասնության մեջ, մեկուսանալ, դառնալ մարգինալ (լուսանցքային):

Օրինակ, 8 տարի առաջ ամենաբարձր հնչեղությունն ուներ այն կարծիքը, որ մեր զինվորները պատերազմում կռվում են բահիկներով, իսկ տանկերի մեջ ջուր է լցված՝ վառելիքի փոխարեն: Պետությունը ոչ մի միջոց չուներ հակազդելու այդ կարծիքին, իսկ նրանք, ովքեր հրաժարվում էին կրկնել այդ հիմարությունը, դառնում էին մարգինալ:

Այնպես որ արգելել-թույլատրելու մեխանիզմն այլեւս չի գործում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930