Միջազգային հարաբերությունների եւ մանկապարտեզի տարբերությունը
Ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան – վան դեր Լայեն – Բլինքեն հանդիպումը կրքեր է բորբոքել Ռուսաստանում եւ Հայաստանում: Ռուսաստանի հանգամանքը պարզ է՝ խանդում է: Մեր կրքերը հիմնականում կապված են չափազանցված սպասումների հետ, որոնք ակնհայտորեն ուղղորդվում են ՀՀ իշխանությունների կողմից:
Հիշեցնեմ, օրինակ, որ անցած շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ այդ հանդիպման ընթացքում մեզ անվտանգության եվրոպական գործիք է տրվելու: Ինչ ուզում եք, դրա տակ հասկացեք՝ սկսած ԵՄ անդամակցությունից, վերջացրած «Փեթրիոթ» հրթիռային համակարգերով եւ F-16 կործանիչներով:
Եթե նման «գործիքներ» մեզ իսկապես տրվելու են, ապա այն հռետորաբանությունը, որով Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Ռուսաստանի մասին, ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց, իմ տպավորությամբ, այդ հանդիպման արդյունքում մենք որեւէ գործիք չենք ստանալու, ինչի մասին, ի դեպ, պարզորոշ ակնարկել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Կարդացեք նաև
Այդ հանդիպումն Արեւմուտքին պետք է Հարավային Կովկասում ազդեցության մի քանի հավելյալ միավոր վաստակելու համար: Ճիշտ այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Հայաստան էր եկել ոչ թե մեր երկիրն այդ կազմակերպություն հրավիրելու, ինչպես միամտաբար կարծում են իշխանության կողմնակիցները, այլ՝ Երեւանից Ռուսաստանից դեմ որոշ հայտարարություններ անելու նկատակով: Սթոլտենբերգի կեցվածքը դատապարտելի չէ՝ մեծ քաղաքականություն է: Զավեշտալի է մեր միամիտների լավատեսությունը:
Հետո, երբ ջերմ խոսքերից եւ ուսին բարեկամաբար թփթփացնելուց բացի, անվտանգության առումով որեւէ արդյունք չստանանք, կարող ենք մեր գլխին մոխիր թափել եւ բողոքել՝ «մեզ խաբել են, խաբել են, խաբել են»:
Մանկապարտեզի երեխան, այո, կարող է այդպես արձագանքել, երբ նրան՝ իրեն խոստացած կոնֆետը կամ խաղալիքը չեն տվել: Միջպետական հարաբերություններն ավելի բարդ երեւույթ են: Ռուսաստանն, այո, վերջին տարիներին լկտիաբար չի կատարում իր պարտավորությունները ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Եթե Ադրբեջանը վստահ չլիներ, որ այդ պարտավորությունները չեն կատարվելու, ապա 2020 թվականից սկսած մեզ վրա չէր հարձակվելու:
Այդ ամենը ճիշտ է, բայց ես այստեղ չէի գործածի «խաբել» կենցաղային բառը, որն ինձ ցավալիորեն հիշեցնում է 1915 թվականը, երբ աղետից հետո հայկական հասարակական շրջանակները դառնացած աղաղակում էին, որ մեզ՝ հայերիս ամբողջ աշխարհը խաբել է:
Փոխարենը եկեք մտածենք որոշակի հարցերի շուրջ՝ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու, այլ նույն փոսը վերջնականապես չգլորվելու համար: Ինչո՞ւ այդ ամենը հնարավոր եղավ հենց 2018 թվականից հետո: Ի՞նչ առաջարկներով էր Ռուսաստանը հանդես եկել 2018-2020 թվականներին, ինչպե՞ս է դրանք արձագանքել Հայաստանը: Արդյո՞ք մեր քաղաքական ղեկավարությունը եւ, մասնավորապես, դիվանագիտությունը ամենօրյա աշխատանք էր (է) տանում ռուսական կողմի հետ, թե՞ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ, կրիտիկական պահերին, պարզապես զանգում է Պուտինին եւ դրանով այդ աշխատանքը սահմանափակվում է: Արդյո՞ք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի հետ հարաբերությունները պետք է կառուցել հարցազրույցների եւ հրապարակային հայտարարությունների ձեւով:
Պետական այրերը պետք է պատասխանեն նման հարցերին եւ ոչ թե տրտնջան, թե իրենց խաբում են: Այդ տրտունջները ոչ մեկի մոտ հարգանք չեն առաջացնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2024