Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական մեղադրանքների ու հայկական արդարացումների «ճոճանակը» դեռ որքա՞ն է ճոճվելու

Ապրիլ 03,2024 12:00

Ադրբեջանի ու Ռուսաստանի համար, կարծես, անուղղակիորեն «կանաչ լույս» է վառված` իրենց հետագա ծրագրերը կյանքի կոչելու հարցում

Հայաստանն ապրիլին առաջին անգամ մասնակցելու է Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների հավաքին։ Եվրախորհրդարանը շուրջ երկու շաբաթ առաջ ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որով կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երեւանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Պաշտոնական Վաշինգտոնը` ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի մակարդակով, չի բացառել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման հայ-ադրբեջանական խնդիրները նույնպես քննարկվեն: Միեւնույն ժամանակ նա շեշտել էր՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ. «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։

Պաշտոնական Երեւանն էլ անցյալ շաբաթ հայտարարել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը եւ որեւէ երրորդ կողմի դեմ չէ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել էր «Արմենպրես»-ի հարցին, թե` ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է կրկին արտահայտել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ։ «Կարեւոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետեւել է 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու եւ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։ Ողջունում ենք նաեւ առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաեւ հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից»:

Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել էր. «Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջեւ առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջեւ ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը եւ կապված չէ երրորդ երկրների հետ։ Որեւէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն եւ արհեստածին են»։

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հրապարակային-դիվանագիտական փոխհրաձգությունների ֆոնին ՀՀ իշխանությունները անցնում են Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան իրավիճակը հանդարտեցնող հայտարարություններով հանդես գալ:

Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ պատրաստվո՞ւմ են ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ, ինչին Միրզոյանը պատասխանել է, որ համագործակցություն արդեն կա։ «Մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղապահների գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձեւ է», – նշել էր ՀՀ արտգործնախարարը։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Խոսելով Հայաստանի ժողովրդավարական ու բարեփոխումների օրակարգից՝ Յենս Ստոլտենբերգը գնահատել էր նաեւ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը։ Իսկ Հայաստանի վարչապետը նշել էր, թե Երեւանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նույն հարցազրույցում շեշտել էր՝ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։ Նա հիշեցրել է Ն. Փաշինյանի խոսքերը, թե «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

Հայաստանի ԱԺ նախագահը, սակայն, նախորդ շաբաթ ասել էր, որ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ։ «Չի նշանակում, որ Հայաստանի հանրապետությունը դիմումը վերցրած հիմա գնացել է եւ սպասում է, որ մտնի ԵՄ թեկնածու դառնալու։ Քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում, մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք, տարիներով սպասենք, ինչպես մեր անմիջական հարեւանները, պետք է ՀՀ-ում շատ չափորոշիչներ փոխվեն»,- նշել էր նա լրագրողների հետ զրույցում։

Պաշտոնական Երեւանի վերջին հայտարարությունները հնչեցին նախորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից հերթական կոշտ քննադատությունների ֆոնին: Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը, հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երեւանի շահերը։

Փաշինյանը շարունակում է հայտարարել, որ Երեւանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաեւ դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ դաշնակիցները չեն փոխելու իրենց դիրքորոշումը:

Ավելին, Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը, որը նաեւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, ըստ էության, իր քաղաքականությունն արդարացնելու հարցում ընտրել է բացառապես Հայաստանին մեղադրելու քաղաքականություն, եւ ցավալին այն է, որ այստեղ ՀՀ իշխանությունների մեղքն իսկապես կա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել էր, երբ Փաշինյանը որոշեց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, հայտարարել է Սերգեյ Լավրովը «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում։ «Երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նույնպես Մակրոնի հնարամտությունն էր, նրանք փաստաթուղթ ստորագրեցին նախագահ Ալիեւի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել: Հետո Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք»։ Որեւէ բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, եւ մենք զբաղվում էինք դրանով», – ասել է Լավրովը եւ պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերացավ Պրահայից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց, որ Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի կազմում է։

Լավրովի խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, այլ Հայաստանի իշխանությունը։ «Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», – հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։

Մոսկվան շարունակում է պնդել, թե իրավիճակը փոխվել է, երբ Պրահայում 2022-ի հոկտեմբերին «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ի պատասխան պաշտոնական Երեւանը ընդգծել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991-ին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրին, դրանից ոչինչ չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում։

Իսկ պաշտոնական Երեւանը մինչեւ Պրահայում 2022թ. հոկտեմբերը ռուսական   ներկայացրած հրապարակային դիրքորոշումներին ծանոթ չէ՞: ԵԱՀԿ Մինսկի խմբում բոլոր ռուս համանախագահները տարբեր տարիներին իրենց հարցազրույցներում հրապարակավ նշել են, որ ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար Մոսկվան մեղադրանքներում, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ: Գումարած` Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտնի հարցազրույցը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո:

Այնպես որ, պաշտոնական Երեւանի համար շատ վաղուց պետք է պարզ լիներ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը ոտնահարվում են, եւ Մոսկվայի ու Բաքվի պահանջները բացառապես հայկական կողմին են ուղղված: Ավելին, ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժեցին, պաշտոնապես ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Այս իրավիճակում պաշտոնական Երեւանը պետք է դադարեցներ բոլոր միջնորդների հովանու ներքո Բաքվի հետ բանակցությունները, քանի Ադրբեջանը հետ չէր քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից իր ստորաբաժանումները:

Բայց դա չարվեց: Բաքվի գործողությունները թե՛ Արցախում, թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքում համարժեք պատասխան քայլերի չարժանացան: Ու այս իրավիճակում Ադրբեջանի ու Ռուսաստանի համար, կարծես, անուղղակիորեն «կանաչ լույս» է վառված` իրենց հետագա ծրագրերը կյանքի կոչելու հարցում:  Մինչեւ այսօր Բաքուն ու Մոսկվան նույն ոճով էլ շարունակում են գործել` պաշտոնական Երեւանին մեղադրելով բոլոր «հանցանքների» մեջ:

Բլինքեն -Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ «ռեւանշիստական տրամադրություններ են տիրում», օրերս էլ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազեւի հետ հանդիպմանը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ու Կնյազեւը Բաքվում կայացած հանդիպմանը նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին են անդրադարձել։ «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների փորձերը եւ տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը, դանդաղեցնում են այդ գործընթացը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, առանձնացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ու պնդել, որ այդ համաժողովն անցկացվում է «ոչ թափանցիկ միջավայրում», եւ որ «նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանի կողմից, որտեղ տիրում են ռեւանշիստական տրամադրություններ»։

Հայաստանի վարչապետը հորդորել էր քաղաքական ու հասարակական ուժերին արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, Եվրամիությանը անդամակցության օրակարգով քննարկումներ սկսել։ Բայց արդյունքում պաշտոնական Երեւանը լծվեց Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու հարցում կասկածները ցրելու գործին` Մոսկվայի ու Բաքվի կողմից Երեւանի ուղղությամբ շարունակական հրապարակային ճնշումներ գործադրելու ֆոնին:

Ռուս-ադրբեջանական այս մեղադրանքների ու հայկական արդարացումների «ճոճանակը» դեռ որքա՞ն է ճոճվելու…

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930