ԱԺԲ խորհրդի անդամ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին պատմեց, թե ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված խուզարկություններով իրավապահներն ինչ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ խուզարկությամբ առգրավվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունը ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են
«Պատերազմի ժամանակ իմ միջոցներով 1500 զրահաբաճկոն եմ կարել տվել ու հասցրել առաջնագիծ, մի հատը մնացել էր մեր տանը, այն էլ տղայինս էր, դա են առգրավել ու դիտարկում են զինամթերք: Բայց ժիլետը, որը վաճառում են Երեւանի բոլոր խանութներում, ինչո՞վ է իրենից վտանգ ներկայացնում, որ առգրավել են: Մեկի տնից որսորդական զենք են վերցրել, մյուսի տնից գազային զենք, որը օրինական է եղել, իրավունք ուներ ունենալու, բայց եթե իրավունք էլ չունենար, գազային զենքը չի համարվում մարտական: Պատերազմի ժամանակ ՌԴ-ից զրահաբաճկոնի մեջը դրվող մետաղական մատերիալն էի գնել, որ տեսնեմ՝ կարո՞ղ ենք Հայաստանում ընդօրինակել ու արտադրել, այդ նմուշները փորձարկել էինք այստեղ, բայց այն որակի չէին ու Հայաստանում արտադրվում էր կերամիկայից, որը իմ գնած օրինակից մի տասը անգամ ավելի որակով էր ու թեթեւ քաշով: Իմ գնած այդ օրինակներն էլ առգրավեցին»,- պատմեց Կարո Եղնուկյանը:
Նրա խոսքով, իրենց գրասենյակում խուզարկության ժամանակ չեն հայտնաբերել զենք-զինամթերք, բացել են սեյֆը ու այնտեղ եղած գումարն են առգրավել: Ըստ Եղնուկյանի՝ այդ գումարը արցախցիների օգնությունն էր:
Կարդացեք նաև
Առգրավվել են նաեւ ԱԺԲ բոլոր ղեկավարների բջջային հեռախոսները:
Հիշեցնենք, որ ԱԺԲ ղեկավարների տներում խուզարկությունները սկսվեցին Նոր Նորքի բաժնի վրա զինված հարձակումից հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ