«Քրիստոսի տառապանքներն ու իր տառապանքները մե՞կ են: Ո՞նց կարելի է համեմատել: Մենք էսօր Աստծո շնորհիվ ենք չէ՞ ապրում, հո իրա շնորհիվ չե՞նք ապրում, ինքը ո՞վ ա»,-այսօր Aravot.am-ի հարցին՝ ո՞նց եք վերաբերվում նրան, որ վարչապետ Փաշինյանը իրեն ու իր թիմին համեմատում է Քրիստոսի հետ, այսպես պատասխանեց մեր համաքաղաքացիներից մեկը՝ Ալբերտ Վարդանյանը:
Նա չէր լսել Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Ճիշտն ասած, ես հեռուստացույց չեմ նայում, որովհետեւ ես որ իրան տեսնում եմ, նոլն ու ֆազս անջատվում ա, գժվում եմ էդ իրա ստից արտահայտություններից, հողերը, որ ըտենց տալիս ա»:
Երբ փոխանցեցինք, որ Փաշինյանն ասել է՝ Քրիստոսն է երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով եւ այդ բանաձևն ասոցացնում է իր քաղաքական գործունեության և իր կուսակցության հետ, ասում է՝ «վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է», քաղաքացին արձագանքեց. «Վայ, ձեր ցավը տանեմ խնդրում եմ, էլի, դրա անունը էլ մի տվեք: Սատանեն մենակ կարա Հիսուսին համեմատի իրա հետ: Ես Աստված եմ կանչում, թող մի հատ ընենց պատիժ ինքը ստանա, որ Հիսուսի անունը հոլովում է, իր գործերի մեջ է խառնում: Հիսուսը խաչվավ մեր համար, Հիսուսը իշխանության հետ ի՞նչ գործ ունի, քաղաքականության հետ ի՞նչ գործ ունի: Հիսուսը խաչվել է ժողովրդի համար, հարություն է արել, համբարձվել է երկինք: Ինչ անում ես արա, Հիսուսին մի՛ խառնի քո գործերին, էդքան ժողովրդի գլուխը կերար, հերիք ա, հիմա էլ անցել ես Հիսուսի՞ն»:
Այս քաղաքացին պատերազմների մասնակից է, կյանքն ու առողջությունը ներդրել է՝ մեր սահմանների պաշտպանության համար, նրա որդին զոհվել է ու թաղված է Եռաբլուրում: Նա վրդովված էր. «Իմ ձեռը հիմա զենք տային, ես ոչ մի վայրկյան չէի վախենա, թեկուզ սնայպերով ճակատից ես դրան կսատկացնեի, որ էս ժողովրդին էս օրի չգցեր»:
Կարդացեք նաև
Երբ զգուշացրեցինք, որ վաղը ԱԱԾ-ականները կարող են գալ, իրեն տնից բերման ենթարկեն՝ պատասխանեց. «Է թող տանեն գնդակահարեն, թուրքից չվախեցա, սրանցի՞ց վախենամ: Թող տանեն: Պիտի տանեն խփե՞ն, թող տանեն խփեն»:
Հետո հորդորեց, որ մենք՝ լրագրողներս էլ զգույշ լինենք, որովհետեւ լրագրողներին ծեծում են. «Արա, էդքան լավ ծեծող եք, գնացեք թուրքերին ծեծեք, իրանց դրել են լավ ուժեղ տղու տեղ, Ռեմբոյի տեղ: Իրանք կարան մենակ մեր խեղճ ժողովրդի վրա հարձակվեն, բայց էնտեղ չեն կարա, զենքը տան ձեռքերը, մկան ծակը դոլարով կառնեն, խրամատներից դուրս չեն գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ