2023 թվականին Լոռու մարզում հայրացուի կողմից սեռական ոտնձգության ենթարկված անչափահաս աղջիկը այս տարվա փետրվարի 27-ին Լոռու մարզի դատարանում ընթացող դատաքննության ժամանակ ահավոր տեղեկություններ է հայտնել այս անգամ մորաքրոջ վերաբերյալ:
Անչափահաս աղջիկը պատմել է, որ 2016թ. ամռանը մորաքույրը պարբերաբար իրենց Սպիտակ քաղաքի և իրենց գյուղի բնակարաններ է բերել տարբեր տղամարդկանց և ննջասենյակում իր եւ իր անչափահաս եղբոր ներկայությամբ, մերկ վիճակում կատարել է անառակաբարո գործողություններ: Մեր տեղեկություններով՝ աղջկա մայրը՝ Հ.-ն, կատարվածի վերաբերյալ նախկինում ոստիկանություն չի դիմել, բայց աղջկա պատմելուց հետո հաղորդում է ներկայացրել:
Նա Aravot.am-ին ասաց, որ ինքը քրոջ ենթադրյալ անառակաբարո գործողությունների վերաբերյալ հաղորդում չի տվել, իսկ դրան վերաբերող դստեր պատմածներն էլ համարեց սուտ ցուցմունք.
«Աղջիկս սուտ ցուցմունք է տվել, շատ սուտլիկ, խաբեբա երեխա դուրս եկավ: Սպիտակում վարձով եմ ապրել, քույրս մի քանի անգամ է եկել, մի անգամ ամուսնու հետ, մի անգամ էլ չգիտեմ՝ ում հետ է եկել, իր ընկերն է եղել, թե ով, բայց չի մնացել մեր տանը: Ես չգիտեմ՝ ինչի է երեխես նման բան պատմել, սուտ-սուտ բաներ ա խոսում»,- ասաց Հ.-ն:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը պնդում է նաեւ, որ իր ամուսնու գլխին էլ է անչափահաս դուստրը սարքել՝ հայտարարելով, թե նա բռնաբարել է իրեն: Երեխան դպրոցի տնօրենին է այդ մասին պատմել, մանկավարժական կազմն էլ միանգամից ահազանգել է իրավապահներին:
Դեպքով նախաձեռնված քրեական վարույթի քննությունն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան: Անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվող տղամարդը, որը զինվորական է, 2023 թվականի դեկտեմբերի 4-ից կալանքի տակ է գտնվում:
«Շառ է անում. ամոթ եմ անում, անմեղ մարդուն փակի տակ մտցրեց, գոնե իր զինվոր եղբորից ամոթ անի, լրիվ խայտառակ արեց մեզ: Ամուսնուս շառով տվեց, հիմա էլ քրոջս ա տալիս, ուզում է սաղիս փակի տակ պահի»,- իր անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող ամուսնուն այսպես արդարացրեց Հ.-ն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ