Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ին մենք ունեինք լուրջ ղեկավարներ, անհատներ, մարդիկ՝ ովքեր մեծ ջանքեր էին գործադրում». Մանուել Մանուկյան

Ապրիլ 02,2024 22:30

«Ապրիլյան քառօրյա պատերազմը հերոսամարտ էր, որի արդյունքում հաջողվեց կանգնեցնել ադրբեջանցիների ներթափանցումը հայկական տարածքներ: Երբ թշնամին իր մարտական խնդիրը չի կարողանում կատարել, ձախողում է, մենք էլ 95 տոկոսով կարողանում ենք ապահովել մեր հիմնական եւ առավելագույն նպատակը՝ մեր տարածքների պաշտպանությունը, հասկանալի է, որ դա հաղթանակ էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, որը 44-օրյա պատերազմում նաեւ վիրավորում էր ստացել:

Այսօր, ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցի օրը, սոցիալական ցանցերում տարբեր դիտարկումներ ու կարծիքներ են հնչում: Բավական տեսանելի է մեկ  գիծ. փորձ է արվում ապրիլյան քառօրյա պատերազմը ներկայացնել Հայաստանի համար պարտություն կամ մեծ պարտությունների սկիզբ: Նաեւ հակադիր  կարծիքներ կան ու տարակուսանք որ ապրիլյան հաղթանակների ուրվականը մինչ օրս շատերին հանգիստ չի տալիս:

Մանուել Մանուկյանը հիշում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ ազգը եւ հասարակությունը համախմբված էր, մարտական ոգի ուներ. «Այսօր, մենզ այնքան բաների միջով անցկացրեցին, որ շատերը, այո, ուրացան նաեւ այդ օրերը, հերոսաբար կռված տղաներին, նրանց թափած արյունը, նրանց պահած հողը: Մեզ մտցրեցին այս աղետի մեջ ու շատերին գուցե այսօր թվա թե՝ 2016-ի կռիվն ի՞նչ էր, որ… բայց դա շատ մեծ, շատ լուրջ պայքար էր, դա հաղթանակ էր ու դա էր պատճառը որ հետո Ադրբեջանը երկար ժամանակ չէր համարձակվում հարձակվել Հայաստանի վրա, այնքան ժամանակ, մինչեւ ներքին կարգով, իր տարբեր գործակալների միջոցով, արտաքին մեծ ուժերի օգնությամբ ներթափանցեց ՀՀ, իրականացրեց «թավշյա հեղափոխություն» կոչվածը, մանիպուլացրեցին հայ ազգին՝ մեր ազգի որոշ դավաճանների ձեռքով ու հետագայում, արդեն ներսից իրենց համար 100 տոկոսանոց հաղթանակ ապահովելով՝ հարձակում գործեցին: Սա ինձ համար հստակ է եւ քննարկման ենթակա չէ: Այդ ամենի միջով ես անցել եմ: 2016-ին ես եղել եմ առաջնագծում, եղել եմ զինվոր, դիրքի ավագ եւ տեսել եմ, թե ինչ է կատարվում: Ծառայության ավարտից հետո եղել եմ Երեւանում, շատ լավ տեսել եմ 2018-ի իրադարձությունները, տեսել եմ 2020-ի պատերազմը. այն, ինչի հիման վրա կարծիք եմ ձեւավորել, ես դրա կրողն եմ եղել, ես այդ ամենի մեջ եմ եղել՝ առաջին իսկ օրերից: Ինձ համար իմ տեսածն է հիմք, ոչ թե այլոց պատմածները»:

Զրուցակիցս նաեւ հայտարարում է. «Այո, 2016-ին մենք ունեինք լուրջ ղեկավարներ, անհատներ, մարդիկ՝ ովքեր մեծ ջանքեր էին գործադրում: Ունեինք հզոր հրամանատարներ եւ թշնամին տեսնելով, որ պարտվում է՝ խնդրեց ու կանգնեցրեց պատերազմը: Թշնամու նպատակը Ջրականի հատվածում Լելե-Թեփե բարձունքի գրավումը չէր, 600-800 քառակուսի կիլոմետր տարածք, որը շահարկման առարկա դարձավ այն ժամանակ: Թշնամու նպատակը 2016-ին եղել է այն, ինչը որ իրականացրեց 2020-ին, բայց այն ժամանակ չկարողացավ եւ դա համարել ինչ-որ պարտության սկիզբ, դա նսեմացնում է Եռաբլուրում ամփոփված հերոս տղաների գործը, Ռոբերտ Աբաջյանի նման հերոսների գործը: Այդպիսի նսեմացումներ անում են մարդկանց այն ստոր տեսակը, ովքեր որ ընդհանրապես չեն էլ հասկանում, թե այդ հերոսամարտում տղաներն ինչ մարտեր են մղել, ինչ կռիվ են տվել, ո՞նց են թշնամուն կանգնեցրել… Ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթանակի նսեմացումը նույնքան վիրավորական է այդ կռիվներին մասնակցած յուրաքանչյուր հայ տղայի համար»:

Զրուցակցիս կարծիքով, բանակը թուլացնելու գործընթացը Հայաստանում սկսվել է 2016 թվականի պատերազմից հետո, երբ պատերազմով անցած նախարարը, գեներալ-գնդապետը փոխարինվեց ավելի թույլ ղեկավարով. «Ես չեմ ասում՝ փոխել պետք չէր: Ումով որ փոխել են, ես նրա դեմ էլ ոչինչ չունեմ: Ուղղակի, բոլոր հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, որ ՊՆ-ն ղեկավարելը, մարդը պետք է վաստակի՝ իր տարիների աշխատանքով, փորձով, իր անցած ճանապարհով: Բանակում առաջխաղացումն աստիճանական պիտի լինի, իսկ նման մեծ եւ ոչ համարժեք փոփոխությունները բերում են բանակի թուլացման: Բանակը թուլանում է, երբ ներսում իրար դեմ պայքար է սկսվում, շատերն իրենց տեղում չեն լինում: Օրինակ, ինչպես եղավ 2020-ի պատերազմից առաջ. շատ հզոր հրամանատարների փոխարեն, բերեցին մարդկանց, ովքեր չեն ունեցել այն դիրքն ու ունակությունը, որը պահանջվում էր պատերազմի ժամանակ»:

Բանակը թուլացնելու համատեքստում հիշեցրեցինք, որ 2016-ի քառօրյա պատերազմից հետո խոսակցություններ էին պտտվում, որ այն ժամանակ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ Յուրի Խաչատուրովն, իբրեւ բիլիարդ խաղալիս է եղել, երբ զեկուցել են, թե լայնամասշտաբ հարձակում է սկսվել, ու անտեսել է: Ի դեպ, այդ հայտարարությունն արած քաղաքական գործիչը հետագայում պարտվեց դատարանում եւ ներողություն խնդրեց գեներալից: Ապա խոսվում էր, թե մեր զինվորները զենք չեն ունեցել, իբրեւ բահերով են կռվել եւ այլն: Տարիների հեռավորությունից արդեն, անդրադառնալով այդ ամենին, Մանուել Մանուկյանն ասում է. «Այդ ամենն իրականացվել է մեկ բանի համար՝ բանակը թուլացնելու գործընթացը մեծացնելու համար: Բանակը մեծ ռազմական այնպիսի կառույց է, որտեղ անհնար է, որ թերություն չլինի: Չկա բանակ, որը թերություններ չունենա. Իսրայելի բանակը, ՌԴ բանակն այսօր պատերազմի մեջ են եւ տեսեք, թե ինչպիսի թերություններ են ի հայտ գալիս: Բայց կան ուժեղ մանիպուլյատորներ՝ ի դեմս ՀՀ այսօրվա ղեկավարի, ով այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, այդ թերությունները դարձնում են մատի փաթաթան: Շատ մարդիկ էլ չեն մտածում, որ բանակ է, մեծ կառույց, ինչ-որ տեղ կոռուպցիա էլ կարող է եղած լիներ, ինչ-որ տեղ՝ անփույթ հրամկազմի շնորհիվ, ինչ-որ մեքենաների մեջ բենզին էլ կարող է եղած չլիներ եւ այլն: Թերություններ, այո, եղել են, բայց ամենամեծ թերությունը, ավելին, խնդիրը, մենք տեսանք 2020 թվականի պատերազմի ժամանակ: Այն անկազմակերպ ու անկառավարելի վիճակը, որը կար 2020-ին եւ այն կազմակերպված ու կառավարվող վիճակը, որը ունեինք 2016-ին, եթե համեմատենք, եզրակացությունը մեկն է՝ եթե 2016-ին Նիկոլ Փաշինյանը լիներ երկրի գլխավոր-գերագույն հրամանատար, մենք կունենային նույն վիճակն, ինչը որ ունեցանք 2020-ին: Ադրբեջանն այն ժամանակ էր հասնելու իր ծրագրին: Հետեւաբար, ամենագլխավոր բանը գլխից է գալիս. որ ասում են՝ ի՞նչ կապ ունի քաղաքական ղեկավարը ռազմական գործի հետ, դա ամենաանգրագետ հայտարարությունն է: Երբ քաղաքական ղեկավարին տարանջատում ես, դա խոսում է մի բանի մասին՝ բանակն անտեր, անգլուխ ես թողնում, քանի որ ռազմական ղեկավարը հրամանների է սպասում քաղաքական ղեկավարությունից»:

Այս համատեքստում է, որ մեր զրուցակիցը գտնում է՝ 2020 թվականին, ռազմական ղեկավարության առջեւ դրված խնդիրները, մեծ հաշվով, կատարվել են, բայց քաղաքական ղեկավարությունը չի արձանագրել դրանք. «Կարող էին 20 օր հետո կանգնեցնել կռիվը եւ մենք չունենայինք այդքան կորուստ: Տղաները 20 օր դիմադրել էին, եթե քաղաքական ղեկավարները ճկուն ու խելացի լինեին…ապրիլյանին, ինչպե՞ս եղավ, որ քաղաքական ղեկավարը կարողացավ կանգնեցնել պատերազմը: Հիմա ասում են՝ գնացին՝ սա խոստացան, նա խոստացան, էսպես խաբեցին, այնպես խաբեցին…, բայց չէ՞ որ դա քաղաքականություն է : Թուրքիան ու Ադրբեջանն անընդհատ խաբելով մեծ տերություններին՝ կանգնեցնում են պատերազմը, փոխում են իրավիճակը: Բոլորս ենք տեսել՝ ինչպե՞ս էր Ալիեւը խնդրում Մոսկվային, որ կանգնեցնի պատերազմը, այդ փաստերը կան ու հիմա, մարդկանց խաբելու իմաստը ո՞րն է: Այսօր, ասելով, թե պարտությունների մեկնարկը տրվեց ապրիլյան քառօրյա պատերազմից, իրենք պարզապես իրենց մեղքերն են ուզում գցել իրենց վրայից՝ թե բանակը քանդված էր 30 տարի, թույլ էր… 30 տարի բանակն ամեն օր հզորացել էր»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930