«Փաշինյանը իրա կաշին փրկելու համար ում հետ ասես հիմա չի սկսի համեմատություններ անել, աղանդավորական ինչ-որ մտադրություններ տարածել սեփական թիմի մեջ: Կողքից դա ծիծաղելի է, բայց եկեք տեսեք, որ ոմանք ուտում են էդ կուտը»,- այսօր Aravot.am-ի հարցին՝ ո՞նց եք վերաբերվում նրան, որ վարչապետ Փաշինյանը իրեն ու իր թիմին համեմատում է Քրիստոսի հետ, այսպես պատասխանեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
Հիշեցնենք, որ Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կա Հիսուս Քրիստոսի հոգևոր և կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ, նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով»:
Նա նաեւ ասել էր այս բանաձևն ասոցացնում է իր քաղաքական գործունեության և իր կուսակցության հետ… «Վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , մեր քաղաքական առաքելությունը, հույս ունեմ՝ ասածս կոպիտ չի հնչի, բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է: Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում»:
Գուրգեն Խանջյանն արձագանքեց. «Հա բա պիտի սրբացնի իրեն, չէ՞: Օգտվում է նրանից, որ Հիսուս Քրիստոսն էլ էր ինչ-որ տեղ հեղափոխական, բայց դրանք տարբեր հեղափոխություններ են»:
Կարդացեք նաև
Ըստ Գուրգեն Խանջյանի, ծիծաղելի է, թե ոնց է վարչապետը այսօրվա քաղաքական իրավիճակը, մարտական դրությունը հաշվի առնելով՝ համեմատում Հիսուս Քրիստոսի հաղթանակի կամ պարտության հետ. «Ինքն անընդհատ ուզում է իրեն սրբացնի, բարձրացնի, մի խոսքով փրկի իրեն, որովհետեւ իրավիճակն արդեն այնտեղ է հասել, որ….պարզապես մեր սխալն էր, որ ընտրեցինք մի մարդու, որն իր կաշին ավելի է գերադասում, քան երկրի շահերը: Հիմա երկիրը որ կործանվի էլ, հաստատ նրա համար առանձնապես բան չի լինի, եթե էդ արանքում ինքը իրեն փրկի, որովհետեւ փրկելու խնդիրն արդեն ծառացել է իր առջեւ»:
Հարցին՝ հոգեբանակա՞ն բարդույթ է, երբ մարդն իրեն համեմատում է Աստծո որդու հետ՝ նա պատասխանեց. «Ունի ինքը էդ հիվանդությունը, էդ մեծամոլական իշխանատենչությունը դրանից է գալիս, որ ինքը մեծ առաջնորդ է, մեծ հեղափոխող է, չէ՞ որ ինքը ուզում էր Ադրբեջանում էլ հեղափոխություն աներ: Դա իր ամենաառաջին պարտությունն է, որ իր մեծամտությունը հանդիպեց ադրբեջանական ավտորիտար ռեժիմի՝ բանից պարզվեց շատ պրոդուկտիվ գործունեությանը: Ավելի լավ չէ՞ր մի հատ ավտորիտար ռեժիմ ունենայինք, բայց չտայինք էս հողերը: Հա, ինչ-որ հարցերում կպարտվեինք գուցե, դեմոկրատիայի հարցում, չնայած այդ դեմոկրատիա բառն այնքան է չարչրկվել, որ լսում եմ՝ սիրտս խառնում է, չգիտեմ դա որտեղ է, ինչով են ուտում, ով ինչով է ուտում, ով ինչ շահի համար է օգտագործում»:
Գուրգեն Խանջյանը համոզված է՝ պատերազմում մենք կարող էինք հաղթել. «Ներսում տրոհեց, դրսում տրոհեց, ինքը ինտրիգան է իր բնույթով, տեսակով: Ինքնասիրահարված Նարցիս, ինտրիգան, բոլորին իրար դեմ հանի ներսից, դրսից, հետո փորձի իբր ելքեր գտնել: Հիմա կվազի Բրյուսել, հետո կվազի ես իմ ուր, է իր վազվզոցիին մենք ինչքա՞ն սպասենք: Եղբա՛յր, հրաժարական տուր, ձախողված ես ոտից գլուխ, ոչ մի խոստում չես կատարել, գնա՛: Հիմա էլ երեւի վախից չի գնում»:
Մանրամասները` տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ