ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Նա զբաղեցնում էր Արմավիր մարզային վարչության պետի պաշտոնը։
Արթուր Բդոյանը, ըստ ոստիկանության համակարգի աշխատակիցների, համարվում է պրոֆեսիոնալ կադրերից։
Նա, շիրակցի ոստիկանների փաստմամբ, անծանոթ դեմք չէ Շիրակի մարզում, երկար տարիներ աշխատել է Ախուրյանի ոստիկանությունում` աչքի ընկնելով իր հմտությամբ։
Կարդացեք նաև
Ինչպես ծանոթանում ենք ոստիկանության պաշտոնական էջում տեղադրված նրա կենսագրականից, 43-ամյա ոստիկանապետը 4 տարի շարունակ՝ 2005-2009 թվականներին աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։
Նա կենսագրականից նաև ծանոթանում ենք, որ պարբերաբար պաշտոններ է զբաղեցրել Շիրակի մարզում։
Օրինակ՝ 2019-2020 թվականներին մոտ մեկ տարի զբաղեցրել է Ամասիայի ոստիկանապետի պաշտոնը, դրանից հետո՝ Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը։
Այս ամենից զատ, նա ծանրակշիռ պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում։
Ինչպես բնութագրում է shamshyan.com-ը, «նա ոստիկանության հնաբնակներից է, երկար ճանապարհ է անցել, մասնակցել է Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմներին, իր ղեկավարած բաժիններում ու ոստիկանության մարզային վարչություններում ունեցել է բարձր ցուցանիշներ ոչ միայն հանցագործությունների՝ այդ թվում՝ աղմկահարույց դեպքերի բացահայտման ուղղությամբ, այլ նաև բազմաթիվ հանցագործություններ են կանխվել ու նախականխվել նրա ղեկավարությամբ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզը ոստիկանապետ չունի․ մարզային վարչությունը ժամանակավորապես գլխավորում էր փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը։
Մեկ տարի առաջ ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա այժմ զբաղեցնում է Լոռու մարզպետի պաշտոնը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ