ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, որը 1971 թ-ից աշխատում է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Գոյի» եւ Սունդուկյանի անվան թատրոնի հակամարտությանը։
Ապա տարիներ առաջվա դրվագներ հիշեց՝ թատրոնում փորձարարության հետ կապված։ «Էդ վերեւում (նկատի ունի «Գոյի» տարածքը-Գ․Հ․), որ գնացիք, նայեցիք, երբ մենք Սունդուկյան թատրոնի ստուդիայում սովորում էինք, մեր դահլիճն էր, մեր լսարանները, փորձասենյակը։ Վարդան Աճեմյանը որոշեց, որ ինչպես ինստիտուտն ունի իր բեմը, այդպես էլ ստուդիան պետք է ունենա։ Էդ բեմը Վարդան Աճեմյանն է սարքել, այդտեղ ժամանակին մենք խաղացել ենք Մաքսիմ Գորկու «Հատակումը»՝ ամբողջ կուրսով»։
Նրա խոսքով․«Հետագայում դա դարձավ փորձարարական մի տեղ, որտեղ երիտասարդ ռեժիսորները ներկայացումներ էին անում։ Ռուբեն Հախվերդյանն այդտեղ բեմադրություն է արել՝ իր դիպլոմային աշխատանքը, Արմեն Էլբակյանն է արել, Կոլյան Ծատուրյան, Շահում Ղազարյանը․․․ Այդտեղ արվում էին փորձարարական ներկայացումներ, եւ եթե ստացվում էր, այդտեղից ներկայացումն իջնում էր մեծ բեմ։ Օրինակ, «Հատակում» ներկայացումը Մհեր Մկրտչյանը այդ բեմից իջեցրեց մեծ բեմ»։
Կարդացեք նաև
Դառնալով «Գոյ» թատրոնի դերասաններին, որոնք չեն ցանկանում աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում՝ Արմեն Մարությանն ասաց․ «Յուրաքանչյուր դերասանի ցանկությունը պետք է լինի Սունդուկյան թատրոնում աշխատելը, երազանք պետք է լինի․․․ Այսօր այդ թատրոնի («Գոյի»-Գ․Հ․), դերասաններից 20-30 հոգու ճանապարհը բացվել է, ասում են՝ եկեք աշխատեք, չեն ուզում։ Թատրոնն այնպիսի տեղ է, որ յուրաքանչյուր էքսպերիմենտ արվում է, այսօր էլ կունենանք «Գոյ» թատրոն, որտեղ այդ նույն թատրոնը կշարունակի իր գործունեությունը»։
Ցույց տալով Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին՝ Արմեն Մարությանն ասաց․ «Խեղճ մարդը մեռավ ասելով՝ եկեք․․․ Ասում են՝ չի ուզում, ի՞նչը չի ուզում»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Մարությանի լուսանկարը՝ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի կայքից
Ձեր թատրոնի մի մասը դեր չի ստանում, ինչ մնաց, նոր դերասանների դեր տան…