Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքները չեն զիջվում՝ ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար, խնդիրը Հայաստանի Հանրապետության սահմանը գծելն է». Վահե Ղալումյան

Ապրիլ 02,2024 16:34

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տավուշի մարզի չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու հարցին։

Ոսկեպարցիները բաց նամակով են հանդես եկել՝ մատնանշելով ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գյուղերը հանձնելու դեպքում։ Ի պատասխան՝ Ղալումյանն ասաց. «Այն, որ դա խնդիրներ է առաջացնում, դա նշել է նաեւ վարչապետը ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ։ Այո, խնդիրներ առաջացնում է, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է լինի»։

Միաժամանակ Ղալումյանն ասաց. «Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվում, դուք հերթական անգամ ոչ ճիշտ տեղեկատվություն եք փոխանցում ժողովրդին, դրանք Տավուշի մարզի բնակավայրեր չեն։ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքի վարչական շրջանների մասին մենք չենք խոսում, դրանք Տավուշի մարզի գյուղեր չեն։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում ձեր նշած բնակավայրերը չկան, դրանք Տավուշի մարզինը չեն, հետեւաբար Հայաստանի Հանրապետությանը չեն»։

Մեր հարցին, որ եթե իշխանությունները հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով է կոչում, դա նշանակում է, որ դրանք հայկակա՞ն չեն, Ղալումյանը պատասխանեց. «Ոչ, դրանից չի բխում, իմ ասածը բխում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքից»։

Միաժամանակ՝ պատգամավորն ասաց, որ ԽՍՀՄ ժամանակ տեղի ունեցած տարածքների բաժանումն անօրինական համարելու իրավունք չունի։ Հարցին, որ ԽՍՀՄ ժամանակ Հայաստանից տարածքներ են տրվել Ադրբեջանին, կան պատմական փաստեր, ինչո՞ւ դրանք չեն վերհանում, նա պատասխանեց. «Այստեղ խոսքը պատմական փաստերի ուսումնասիրության մասին չէ, խոսքը նրա մասին է, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ կազմով է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, ի՞նչ քարտեզով, քանի՞ կմ-ով։ Եթե դա մերը չէ, չզիջե՞նք»։

Մեր հարցին, թե ինչո՞ւ փոխանակում չի արվում, ինչո՞ւ չեն վերադարձվում Ադրբեջանի կողմից բռնազավթած ՀՀ տարածքները, պատգամավորը պատասխանեց. «Մենք փորձում ենք փոխանակում անել, այստեղ խնդիրներ են դրված, որոնք սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում են։ Այդ հանձնաժողովներն ինտենսիվ աշխատում են, եւ փորձում ենք խնդիրները լուծել։ Մենք պետք է բանակցությունների միջոցով փորձենք հասնել դրան»։

Վահե Ղալումյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի՝ վերջին օրերի հայտարարություններին, որոնցով փորձում են Հայաստանին մեղադրել իրավիճակը սրելու մեջ։ Նա ասաց, որ Ադրբեջանի քաղաքական նպատակի հետ կապված տարբեր կարծիքներ կան, այդ թվում՝ նաեւ ապրիլի 5-ին տեղի ունենալիք բրյուսելյան հանդիպման հետ է կապվում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։ Ըստ նրա՝ շատ հնարավոր է՝ Բաքուն ուզում է ձախողել ապրիլի 5-ի հանդիպումը, «որովհետեւ այդ հանդիպումը խաղաղության հասնելու հերթական հանգրվան է։ Շատ կարեւոր է այդ հանդիպումը»։

Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ հանձնելով տարածքներ՝ հնարավոր է զսպել Ադրբեջանի ախորժակը եւ խուսափել պատերազմից, Վահե Ղալումյանը պատասխանեց. «Տարածքները չեն զիջվում՝ ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար։ Տարածքների խնդիրը Հայաստանի Հանրապետության սահմանը գծելն է։ Մենք պետություն ենք, ունենք Սահմանադրությամբ հռչակված տարածք ու պետք է ունենանք մեր սահմանը։ Սա սահմանազատում-սահմանագծում պրոցեսի մի մաս է»։

Մեր հարցին, թե ինչո՞ւ սահմանազատումն ու սահմանագծումը չեն սկսում Ջերմուկից եւ չեն պահանջում ՀՀ տարածքների վերադարձ, Ղալումյանը պատասխանեց, որ այդպես է որոշել հանձնաժողովը. «Սահմանազատման-սահմանագծման աշխատանքները որոշվել է սկսել Տավուշի մարզից, եւ դա պրոցեսի սկիզբն է»։

Նա նաեւ հավելեց, որ տարածքները հանձնելու դեպքում ճանապարհը մի քանի հատվածով պետք է փոխվի։ Այս պահին այլընտրանքային ճանապարհ չի կառուցվում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930