Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերին Ոսկեպարի սահմանակիցը ո՞րն է, այ տղա, Լոռու մարզը չի՞, խի՞ ես մանիպուլացնում հասարակությանը, գազամուղը որտեղո՞վ է անցնում». Գառնիկ Դանիելյանը՝ Պետրոս Ղազարյանին

Ապրիլ 02,2024 16:22

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի, Տեղի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ են ուզում սրանով հասնել, արդյոք ուզում են ահաբեկել ժողովրդին, որ այդ 4 գյուղերը անհապաղ հանձնեն Ադրբեջանին: Նա պատասխանեց. «Էդ կրակոցները նորություն չեն, ժողովուրդ ջան, միշտ էլ եղել են այս 30 տարիների ընթացքում: Ես տավուշցի եմ ու այս տարիներին գրեթե չեմ հիշում, որ չլինի, ընթացքում ավելի է սրվում, ինտենսիվությունը մեկ-մեկ դադարում է, մենք պետք է ողբերգական չտանենք դա: Ադրբեջանի նպատակն էլ այն է, որ ամեն կրակոցից հետո մեր հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծի: Պետք չի դրա վրա ուշադրություն դարձնենք: Էն ժամանակ էլ է եղել կրակոց ու ընդհակառակը համարժեք պատասխանը ստացել են ու մի քանի ամիս մոռացել են դրա մասին: Մինչեւ հաջորդ անգամ նորից սադրանք են հրահրել: Սադրանքները ադրբեջանական կողմի անվերջանալի են, սա հարեւան երկրի մեթոդիկան է: Ենթադրենք, եթե էդ 4 գյուղերն էլ իշխանությունները որոշեն, որ հանձնում են, դրանից հետո կրակոցները դադարելո՞ւ են: Շատ ավելի վատ է լինելու, շատ ավելի բարենպաստ դիրքերից: Այնպես են անելու, որ շրջակայքի գյուղերն անկենսունակ լինեն, իրենց նպատակը հենց դա է»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ իր վերջին հանդիպմանն ասում էր, որ դա ընդդիմության թեզն է, դուք մանիպուլացում եք, այդ 4 գյուղերը չեն հանձնում, դրանք միշտ ադրբեջանական գյուղեր են, խոսքը Խրեմլի, Աշաղի Ասկիպարա եւ ադրբեջանական տեղանուններով ասված մյուս գյուղերի մասին է՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Սիրելիներս, ընդդիմությունը ոչ մի բան չի մանիպուլացնում: Ընդդիմությունն ասում է` նոյեմբերի 9-ի հուշագրի մեջ եղե՞լ են այդ կետերը՝ եղել են, ընթացքում հանվել են այդ կետերը, այդ ընթացքում ամեն անգամ ասել ենք՝ բանակցո՞ւմ եք, ասել են՝ չենք բանակցում: Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ բանակցում են, իրենք եկել են՝ մեր աչքերի մեջ նայել են, ասել են՝ չենք բանակցում: Գնացել են գյուղերում էլ են նույն բանն ասել, ասել են՝ ձեռքերս կկտրենք, հող չենք տա, ընդդիմությունը մանիպուլացնում է, ընդդիմությունը սուտ է ասում: Բայց եկել է՝ 15 օր առաջ գյուղում կանգնել ու ասել է՝ ժողովուրդ ջան, պիտի հանձնվի: Մինչեւ էդ ասում էր՝ «նավոդկա» ենք տալիս: Ինքը եկել է՝ գյուղի մեջ հավաքել ժողովրդին, ասել է՝ էս գյուղերը, որ կան, հանձնելու ենք, գյուղացիք էլ ասել են՝ ո՞նց ես հանձնում բա եկել ես ընտրարշավի սկզբից ասել ես՝ ըտենց բան գոյություն չունի, ընդդիմությունն է մանիպուլացնում: Մենք էլ, որ գնում էինք էդ գյուղերը, չեք պատկերացնի՝ ինչ վիճակ էր, ասում էին՝ մեր վարչապետը կանգնել մեզ ըսենց բաներ է ասել, քիչ էր մնում ես էլ հավատայի, որ նման բան չկա: Բայց եկել է մարդկանց ասել է՝ հանձնում ենք, տալիս ենք, էլ ընդդիմության մոլորեցնելը այդտեղ որտե՞ղ է, ես ուզում եմ հասկանամ: Ընդդիմությո՞ւնն է գնացել գյուղում ասել, ի՛նքն է ասել չէ՞ իր բերանով՝ 4 -ը կտանք, հետո սպասենք՝ տենանք, Ադրբեջան ինչ պահանջներ է ներկայացնում: Մարդիկ հարց են տվել, ասել են՝ 4-ը տալուց հետո երաշխիք կա՞, ասել է՝ չէ, երաշխիք չկա, էդ ընդդիմությունը որտե՞ղ է մանիպուլացնում: Էդ մարդկանց թող գնա պատասխան տա, 10 օր առաջ գնացել՝ ասել է ձեր ասածները կքննարկեմ, ճիշտ եք ասում, անվտանգային խնդիրներ են առաջանում, գնաց, տասնը քանի օր է, ո՞ւր է, արդեն 15 օր է:

Ընդդիմությունը ավել բան չի ասում այնտեղ ճանապա՞րհ է գնում, հա: 5 կետով հատում կա՞ այդ ճանապարհին՝ հա: Եթե էդ տաս, ադրբեջանցիները էդ ճանապարհի վրա կանգնելո՞ւ են, ասում են՝ հա: Ասում են՝ եկեղեցին չի լինելու մեջը: Ներքին Ոսկեպարում չի՞ էդ եկեղեցին: Ներքին Ոսկեպարի տարածքում է: Ասում են՝ չէ, եկեղեցին չի, եկեղեցու հետեւի մասում է, մի մետր էն կողմ: Արա լավ, էդքան անլուրջ, էդքան պրիմիտիվ քարոզչություն կլինի՞, որ դուք անում եք: Էդ նույն գյուղացիներին ասել է վերեւից ճանապարհ եմ գցելու, Իջեւանից մտնելու է, Նոյեմբերյանից դուրս գա, ե՞ս եմ ասել, իրե՛նք են ասել: Ուրեմն Վերեւի Ոսկեպարի հատվածում էլ պահանջ կա: Էդ մարդիկ էլ են հարցրել՝ Վերին Ոսկեպարի պահանջ կա՞ ներկայացված, ասել է՝ հա: Վերեւի Ոսկեպարը, որ քարտեզը բացում ես, ցանկացածը թող բացի նայի՝ ո՞ւմ սահմանակիցն է՝ Լոռու մարզի: Հիմա որ Պետրոս Ղազարյանը իր կաբինետում նստած էդ տեղերը չգիտի, չի՞ կարում քարտեզը բացի, էն օրն էլ իր եթերում ավել-պակաս խոսում էր: Վերին Ոսկեպարի սահմանակիցը ո՞րն է, այ տղա, Լոռու մարզը չի՞, խի՞ ես մանիպուլացնում հասարակությանը: Գազամուղը որտեղո՞վ է անցնում, մեր տան մոտո՞վ, չէ՛, էդ հատվածով է անցնում գազամուղը: Էլի կասեն՝ ընդդիմությունը մանիպուլացնում է»:

Հարցին՝ ԱԺ-ում ասաց՝ այդ գյուղերը երեկ էլ, դրանից առաջ էլ, դրանից 20 տարի առաջ էլ եղել են ադրբեջանական, մենք հող չենք տալիս, դրանք ադրբեջանական են՝ Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Էդ մարդիկ, որ ասում են ադրբեջանական, ադրբեջանցիք էլ այնտեղ Միլի Մեջլիսի պատգամավորներն ասում են՝ հենա, Հայաստանի իշխանությունները ճանաչում են այդ հողերը՝ որպես Ադրբեջանի մաս, այսինքն, ապօրինի են այնտեղ մեր զինվորները կանգնած, կարանք ամեն վայրկյան հարձակում գործենք, էդ զինվորներին գերեվարենք, պատասխաններն ունենք, իշխանություններն ասել են՝ ադրբեջանական են: Այ ցավդ տանեմ, դելիմիտացիա, դեմարկացիա չի արված, էդ էլ հո Գորիս-Կապան ճանապա՞րհը չի, առանց դեմարկացիայի, դելիմիտացիայի ո՞վ է ասել՝ ում տարածքն է, հո ասելով չի՞: Ես էլ ասում եմ՝ չէ, Հայաստանը երկու հիմք ունի դրա համար, մեկը՝ որ մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, էդ քարտեզները պետք է հիմք ընդունի, մեկը որ դուրս է եկել, երկու քարտեզներով էլ ոչ անկլավ կա, ոչ բան, մինչեւ Ղազախ մեր տարածքն է: 93-ին փաստացի Հեյդար Ալիեւը, որ ստորագրել ու մտել է ԱՊՀ կազմի մեջ, դե ֆակտո ճանաչել է այդ սահմանները, դրանով մտել կազմի մեջ: Հիմա ոչ սկիզբն եք ընդունում, ոչ վերջն եք ընդունում, ասում եք՝ վերցնենք էս 4 գյուղը տանք, հիմա ճշմարտությունը որտե՞ղ է, ե՞ս եմ սուտ ասում, թե՞ իրենք: Արարատ Միրզոյանին էլ ենք տվել էս հարցերը, խի՞ չեք էդ քարտեզները վերցնում, ասել է՝ ադրբեջանցիները չեն ընդունում: Բա ձեր գործն ի՞նչն է, որ ադրբեջանցիները չեն ընդունում, բա ինչի՞ համար են ձեզ ընտրել իշխանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930