Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով». Ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը

Ապրիլ 02,2024 16:18

Լավ է, որ ի վերջո թեկուզ անգրագետ ոճով արդբրեջանական կողմն սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA ): Իհարկե, չեն դադարում մեղադրանքները, որ մենք անօրեն ենք պեղել, որ ինչ-որ բաներ թաքցրել ենք, որ այլ տեղերից խաչքար ենք բերել և դրել Տիգրանակերտում: Բայց առաջընթացն ակնհայտ է՝ մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով, ճիշտ է՝ կիսատ-պռատ,  մենտորական ոճով, երբեմն էլ ուղղակի իբր թե ծաղրելով:

Միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիգրանակերտը, նոր շաղակրատեք: Որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին՝ դնում ենք Տիգրանակերտի մասին արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հանրամատչելի հոդվածը՝ նկարներով հանդերձ:

Շուտով կգործարկենք նաև Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը, որի մոտ 40 բաժիններում մեկ-առ մեկ կներկայացվեն բոլոր փաստերն ու մանրամասները: Եվ դա կանենք նաև ի գիտություն և ի ուրախություն ադրագիտպրոմի: Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ:

Ավելի լուրջ լսարանին խորհուրդ ենք տալիս հետևյալ հրատարակությունները.

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) թիմ։

ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ

Արցախի Տիգրանակերտը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Բուն քաղաքը՝ անտիկ Ամրացված թաղամասն ու անտիկ քաղաքային թաղամասերը (մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարեր), տարածվում էր Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն (նկ. 1): Քաղաքի անմիջական շրջապատը ներառում է Վանքասարի և Ցիցսարի հուշարձանները, անտիկ արևելյան դամբարանադաշտը, ջրանցքը, քրիստոնեական ժայռափոր-պաշտամունքային համալիրը և զբաղեցնում է մոտ չորս քառակուսի կիլոմետր տարածք։ Տիգրանակերտը խոշոր վարչական և կրոնական (քրիստոնեական) կենտրոն էր նաև վաղ միջնադարում (4-9-րդ դարեր):

Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Քաղաքի հետքերը 2005 թ. հայտնաբերել և 2006-2020 թվականներին նրա տարածքում հնագիտական պեղումներ է իրականացրել Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը: Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվել է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:

Հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը (նկ. 2): Քաղաքը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ անտիկ Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված անտիկ քաղաքային թաղամասերից, գերեզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից: Քաղաքը վաղ միջնադարում (5-7-րդ դարեր) գոյատևել է որպես կարևոր ադմինիստրատիվ և կրոնական-քրիստոնեական կենտրոն։

Նկ. 2 Քաղաքի հանույթը պեղված հատվածների նշումով. Տիգրանակերտի և շրջակայքի հուշարձանները և հնագիտական հետազոտության ենթարկված համալիրները. 1. Ամրացված թաղամասը, 2. Վաղքրիստոնեական թաղամասը, 3. Առաջին անտիկ թաղամասը, 4. Վաղքրիստոնեական դամբարանադաշտը, 5. Արևելյան անտիկ դամբարանադաշտը, 6. Ժայռափոր հնձանը, 7. Արքայական աղբյուրները, 8. 18-րդ դարի մզկիթն ու ջրավազանը, 9. Անտիկ երկրորդ թաղամասը, 10. Ցիցսարի սրբարանները:

Ամրացված թաղամասը (նկ. 3-5) տեղադրված է եռանկյուն հրվանդանի վրա. գագաթին տեղադրված է ուղղանկյուն աշտարակը, որից սկիզբ են առնում եռանկյան կողմերը կազմող հարավային և հյուսիսային պարիսպները: ժայռի մեջ ժապավենների տեսքով փորվել են պարսպի արտաքին և ներքին շարքերի առանձին հիմքերը, իսկ դրանց մեջ՝ առանձին կվադրի համար նախատեսված բները: Բները լցվել են կրաշաղախով, որի մեջ էլ ընկղմվել-ամրացվել են կվադրերը: Կրաշաղախը առաջին շարքի կվադրերի ամրացման և միջկվադրային դատարկությունները լցնելուց բացի օգտագործվել է նաև հիմքի և ժայռի միջև եղած արանքը լցնելու համար, որպեսզի անձրևաջրերը չթափանցեն հիմքի տակ: Պարիսպը հնարավորինս համապատասխանեցվել է տեղանքի ուղղաձիգ և հորիզոնական անկումներին` հմտորեն համադրելով տարբեր ակոս-ժապավենները, աստիճաններն ու հարթակները: Պատն իր հիմքում հենվում է ոչ թե միատարր-հոծ զանգվածի, այլ երեք առանձին «ոտքերի» վրա (արտաքին և ներքին շարքերը և դրանց միջև ընկած զանգվածը), ինչը հակասեյսմիկ դեր է խաղացել՝ ցնցումները հիմքին մոտ բաժանելով բաղադրիչների:

Համլետ Պետրոսյան,

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար

Գլխավոր լուսանկարում՝ քաղաքի կենտրոնական հատվածը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930