Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյը» չի ընկրկում, Սունդուկյան թատրոնը՝ նույնպես

Ապրիլ 02,2024 16:02

«Գոյ» թատրոնի դերասաններին քանի օր է՝ չէր հաջողվում մուտք գործել թատրոն։ Օրերս նրանք թատրոնի դռան վրա գրություն էին հայտնաբերել, որ կարող են ներս մտնել Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքով, սակայն պահակակետի անվտանգության աշխատակիցը ասել էր, որ չենք կարող թույլ տալ, քանի որ անհրաժեշտ են իրենց անձնական տվյալները, որպեսզի անցաթղթեր պատրաստեն։

The management of Gabriel Sundukyan National Academic Theatre closed the entrance door of the Goi theater and hinders the normal operations of the theatre

«Գոյի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձելու են ներս մտնել՝ առանց որեւէ բան ստորագրելու, որովհետեւ չեն ցանկանում աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում, որի տնօրինությունն իրենց առաջ դուռ է փակում։ «Մենք հիմա զրկված ենք թե աշխատանքի իրավունքից, թե դատական պաշտպանվածության իրավունքից»,-ասաց Արթուր Սահակյանը։

The management of Gabriel Sundukyan National Academic Theatre closed the entrance door of the Goi theater and hinders the normal operations of the theatre

Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը պարզաբանեց, որ «Գոյի» աշխատակազմը պետք է թերթիկներ լրացնի, որպեսզի նրանց անձնական տվյալները ներմուծվեն անվտանգության համակարգ ու միայն դրանից հետո թույլ տրվի ներս մտնել։ «Պետք է իրենց համար բեյջեր պատվիրենք, որպեսզի կարողանան ներս մտնել», -հավելեց նա։ Ու ընդգծեց, որ Սունդուկյան թատրոնի բոլոր աշխատակիցները եւս այդ սկզբունքով են ներս մտնում թատրոնի տարածք։

«Արդյոք հնարավոր չէ՞ր մինչեւ քարտերի պատրաստ լինելը մեզ ներս թողնեիք էնտեղից, ասեիք՝ երկու օր հետո պատրաստ կլինեն ձեր քարտերը, արդեն էստեղից ներս կմտնեք»,- հարցրեց «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

«Ամեն ինչ հնարավոր է, բայց ես նախքան այն դուռը փակելը՝ 3 անգամ ձեր հետ խոսակցություն եմ ունեցել, ասել եմ՝ եղբայր, եկեք բանալիները հանձնեք, էստեղից մտեք, երբ ձեզ պետք է, դուք մերժել եք»,-ասաց Հրաչ Ներսիսյանը։

Սարգիս Արզումանյանն էլ ասաց, որ Սունդուկյան թատրոնն ունի իրենց բոլորի տվյալները, հետեւաբար առաջակում է պատրաստել քարտերը, որոնք իրենք կարող են անձնագրերով մոտենալ ու վերցնել։

The management of Gabriel Sundukyan National Academic Theatre closed the entrance door of the Goi theater and hinders the normal operations of the theatre

«Դուք Սունդուկյան թատրոնի ողջ անձնակազմին թողել եք դրսում, եկել տվյալները լրացրել են, նո՞ր ներս եք թողել»,-տարակուսանք հայտնեց «Գոյի» դերասաններից մեկը։

Սունդուկյանի փոխտնօրենն առաջարկեց վիճելի հարցերը քննարկել Սունդուկյանի փոքր բեմում, «Գոյի» դերասանական կազմից հակադարձեցին՝ կքննարկենք «Գոյի» բեմում։ Հրաչ Ներսիսյանը պատճառաբանեց, թե ոչ բոլոր բանալիներն ունի, ապա հավելեց, թե «Գոյի» բեմը վիճելի տարածք է, ու այս պահի դրությամբ երկու թատրոնների միջեւ կոնֆլիկտ կա։ «Ձեր համար սկզբունքայի՞ն է «Գոյում» քննարկելը»,-ասաց Սունդուկյանի փոխտնօրենը։

«Էդ ձեզ համար է սկզբունքային, իսկ մեզ համար նորմալ է, մենք ուզում ենք մեր տարածքում քննարկել»,-արձագանքեցին «Գոյից»։

Հրաչ Ներսիսյանը նորից պնդեց․ «Լրացնում եք ձեր տվյալները, տալիս ենք ձեր քարտերը, ձեր բանալիները կհանձնեք՝ կբարձրանաք ձեր բեմ։ Ամենակարճ ժամանակում մենք կհանձնենք ձեր քարտերը, առաջին գործողությունն էլ այն է, որ հանդիպում եք տնօրենի հետ»։

Սունդուկյան թատրոնի իրավաբանն ասաց, որ «Գոյի» դերասանները պետք է մինչեւ ապրիլի 22-ը նոր պայմաններով համաձայնագիր կնքեն Սունդուկյանի հետ, այլապես ավտոմատ կազատվեն աշխատանքից։ Դերասաններն ընդվզեցին, ասացին, որ այդպիսով կդառնան Սունդուկյան թատրոնի աշխատակիցներ, ինչը չեն ուզում։ Իրավաբանն ասաց, որ նրանք արդեն Սունդուկյան թատրոնի աշխատակից են։ Ապօրինի՝ հակադարձեցին «Գոյից» ։ Սունդուկյանի փոխտնօրենն առաջարկեց, որ մի քանի լրատվամիջոց ներս մտնի թատրոնի տարածք ։

«Ձեր պաշտոնն օգտագործում եք, որ երեք հոգի՞ ներս մտնի», ի՞նչ է նշանակում 2-3 հոգի»,-ասաց «Գոյի» դերասաններից մեկը։ Ի վերջո, ներս մտան ավելի շատ լրատվամիջոցներ։

The management of Gabriel Sundukyan National Academic Theatre closed the entrance door of the Goi theater and hinders the normal operations of the theatre

Սարգիս Արզումանյանը արդեն թատրոնի ներսում ցույց տվեց «Գոյի» մուտքը, որը փակված էր կողպեքով։ «Ոչինչ, էս կողպեքն էլ մի օր կբացվի, վստահ եմ»,-ասաց նա ու ընդգծեց, որ դա իրենց թատրոնի մուտքն է եղել 1988-ից։

Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դուռը ժամանակից շուտ չեն փակել։ «Մեր տնօրենը 3 անգամ բանակցել է պարոն Արզումանյանի հետ եւ խնդրել է բանալիները հանձնել իրեն։ Գիտե՞ք, որ պարոն Արզումանյան ասել է՝ բանալի չենք հանձնելու․․. Գոյություն ունեն ընթացակարգեր, մենք պետական թատրոնի մասին ենք խոսում։ Կա կառավարության որոշում, պեռտեգիստրի համապատասխան փաստաթուղթ, կադաստրի վկայական․․․ Այդ ամենից հետո ո՞վ է կրում այս ամբողջ պատասխանատվությունը, եթե ոչ ես»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Մկրտչյանը։

Ապա հավելեց․ «Մենք ստանձնել ենք պարտավորություն նաեւ այդ տարածքի հետ կապված եւ փորձել ենք կառուցողական շարժվել առաջ, ու եթե մարդիկ ասում են, որ ձեզ բանալիներ չենք հանձնի եւ վերջ, մենք անում ենք այսպես, որովհետեւ Սունդուկյան թատրոնի ներքին ընթացակարգն է այդպես։ Այս վերամիավորումից հետո բոլորն ունեն նույն իրավունքները՝ եւ նախկին «Գոյ» թատրոնի, եւ Սունդուկյան թատրոնի աշխատակիցները»։ Նա նաեւ ցույց տվեց իր անցաթուղթը․ «Եթե ես եմ անցնում եմ անցաթղթով, ինչու պետք է որեւէ մեկն անցի այլ կերպ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930