ՈՍԿԵՊԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Սույն ուղերձը ստորագրվել է համայնքի գրեթե բոլոր անդամների կողմից և համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առձեռն հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։
Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։
Կարդացեք նաև
Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ո՞ւր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիրը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։
Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվո՞ւմ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ Համոզված ենք, որ հակառակորդը չի էլ մտածում այդ մասին։
Մենք չէ, որ պետք է ՀՀ կառավարությանը բացատրենք այս տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին, բայց ստիպված ենք շեշտել, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր․․․
Միամտություն կլինի կարծել, թե հաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի հանձնել այսպես կոչված «անկլավները», իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ դրանից հետո, նույնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարևան երկրի նախագահի ամենօրյա ելույթներում լսում ենք պահանջատիրական ավելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սևանի, նույնիսկ Երևանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ հայտնվելուց հետո, ուրիշինը խլելու նրանց ցանկությունը երբեք չի մարելու։ Նրանք հարգում են միայն ուժի իրավունքը և խաղաղություն են կնքում միայն ուժեղի հետ։ Եվ միջազգային ոչ մի իրավունք, ոչ մի կառույց չի կարող զսպել նրանց։
Ոսկեպարը և հարակից հայկական բնակավայրերը հազարամյա պատմություն ունեն։ Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից և կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար և պետք է հարատևեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել և միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաև 90- ականներին, չի հաջողվելու նաև այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները։
Վերջում ուզում ենք հույս հայտնել, որ կանսաք մեր խոսքին և կփորձեք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդեն իսկ գոյություն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչության ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման հաշվին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության։