2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սանձազերծեց հերթական պատերազմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ռազմական գործողությունները տևեցին 4 օր։ Պատմության մեջ որպես Ապրիլյան քառօրյա պատերազմ նշանավորված այս հանցագործ ակտը հուշումն էր այն բանի, որ Ադրբեջանը հրաժարվում է հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացից՝ ընտրելով սեփական ուժի և սպառազինության լայնամասշտաբ ցուցադրության գործելակերպը։ Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն օգտագործել է իր ունեցած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր զինատեսակները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական անձանց։
Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից խախտվել է ոչ միայն բանակցային գործընթացը, այլև իրականացվել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, մասնավորապես իրականացվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների միտումնավոր խոշտանգումներ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում։ Ընդ որում որոշ զինծառայողներ խոշտանգման են ենթարկվել մահից հետո, որոշները՝ մահից առաջ։
Ադրբեջանը հրթիռակոծմամբ թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով Ներքին ճարտար գյուղում սպանվել է 12-ամյա երեխա, ևս երկու երեխաներ վիրավորվել են։ Ադրբեջանական կրակի թիրախում է եղել նաև Թալիշ գյուղը, որտեղ ադրբեջանցիները գնդակահարել են երեք խաղաղ քաղաքացիների՝ առանց տարիքի և սեռի խտրականության։ Վերջիններիս մարմինները նույնպես անարգվել են։ 1949թ. Ժնևյան կոնվենցիան և Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի կանոնադրությունն արգելում են վերոնշյալ գործողությունները, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը մարմինների խոշտանգումը որակում է որպես «մարդկային արժանապատվության դեմ ոտնձգություն» տեսակի պատերազմական հանցագործություն:
Ուրեմն Ադրբեջանի նորագույն պատմությունը ոչ այլ ինչ է, քան մարդկային արժանապատվության դեմ ոտնձգությունների հսկայական շղթա, որի հավաքական անունն է «հակահայկականություն»։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի զինվորների գործողությունները աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ, ինչը անհնար կլիներ առանց համակարգային հակահայկական դաստիարակության, որն արդեն երկար տասնամյակներ է, ինչ վերածվել է անբուժելի ախտի տարածաշրջանի քաղաքակրթական միջավայրում։ Ապրիլյան պատերազմը դարձավ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցանքների նորագույն իրողությունների նախերգը՝ ետևում թողնելով 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերի հայության կոտորածի անժխտելի իրողությունները։ Ապրիլյան պատերազմը վերածվեց հերթական օղակի, որն այսօր միմյանց է կապում 1990-ականների պատերազմը ուղեկցող կոտորածներով ու գաղթով և 44-օրյա պատերազմը 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումով։ Այս ամբողջ շղթան հետևանքն է համաշխարհային հանրության անբավարար և անադեկվատ արձագանքի և պատժի ու պատասխանատվության գործարկելի մեխանիզմների բացակայության, որովհետև Ադրբեջանը 2016 թ․ ճիշտ այնպես մնաց անպատիժ 12-ամյա երեխայի սպանության և 92-ամյա կնոջ խոշտանգման համար, ինչպես որ մնացել էր 1988-1992 թթ․ ընթացքում իրականացված անհաշիվ հանցանքների համար։ Հենց այս անպատժելիությունը ոգեշնչեց Ադրբեջանին ընդամենը 4 տարի անց գնալու է՛լ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների՝ ի դեմս 2020 թ․ 44-օրյա պատերազմի և 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտման։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ վարքը, որը, հանդիսանալով միջազգային իրավունքի համակարգային ոտնահարում, արդեն քանիցս խաթարել է տարածաշրջանային կայունությունը։ Ադրբեջանը վերածվել է դեսպոտիզմի տարածաշրջանային որջի, որտեղ մահանում են քաղաքակրթական միջազգային ձեռքբերումները և որտեղից բխում են քաղաքական երեսպաշտությունն ու համակարգային հայատյացությունը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն իր հարգանքի տուրք է մատուցում Ապրիլյան քառօրյա պատերազմում հանուն հայրենիքի և հայության ազատության նահատակված հայորդիների հիշատակին։ Մենք կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կառույցներին և կազմակերպություններին միջազգային իրավունքի հիման վրա արժանի գնահատական տալ ադրբեջանական ոճրագործություններին՝ որպես մարդկության դեմ գործված հանցագործությունների, և քայլեր ձեռնարկել դրանց պատժի ու պատասխանատվության արդյունավետ մեխանիզմների մշակման և գործարկման ուղղությամբ։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն