Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 1000 արցախցի. ինչո՞ւ են արցախցիները խուսափում ՀՀ քաղաքացիությունից

Ապրիլ 02,2024 13:49

Բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն այսօրվա դրությամբ գերազանցում են 1500-ը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։ Նա նշեց, որ նրանցից շուրջ 1000-ը ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն։

Արցախցիները խուսափում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ մտավախություն ունեն, որ այդպիսով կսահմանափակվի իրենց՝ Արցախի վերադառնալու իրավունքը։ Հարցին, թե կա՞ վերլուծություն, թե ինչո՞ւ են արցախցիները խուսափում ստանալ ՀՀ քաղաքացիություն, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Կարող ենք մտածել՝ մեր նախորդ փորձառությունների վրա հիմնվելով, ես ելնում եմ Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց օրինակից, որ նրանք որոշակի միֆական պատկերացում ունեն, որ քաղաքացիություն ստանալու դեպքում որոշակի իրավունքներից կզրկվեն։ Բայց դա իրական չէ, քաղաքացիություն ստանալու պարագայում անձը որեւէ իրավունքից չի զրկվում, եթե չասենք, որ որոշակի հավելյալ իրավունքներ է ձեռք բերում, օրինակ՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Բայց այդ խոսակցությունները տարածված են մարդկանց մեջ, եւ հնարավոր է դա լինի որոշակի զսպող գործոն»։

Արմեն Ղազարյանն անդրադարձավ արցախցիների այն ահազանգին, որ չեն կարողանում պատշաճ սպասարկվել անձնագրային բաժանմունքներում, քանի որ մեծ հերթեր են լինում։ «Դա կախված է այն ահռելի ծանրաբեռնվածության հետ, որը կարող ենք ճգնաժամային համարել։ Մեր համակարգի համար 2023 թվականը եղել է ճգնաժամային տարի։ Խնդրում եմ, հաշվի առեք, որ համակարգում միանգամից ավելացել է 100-120 հազար մարդ, որոնց անհրաժեշտ է սպասարկել։ Եվ նրանց տեղակայվածությունը հիմնականում Երեւանում եւ երեւանամերձ մարզերում է։ Համակարգի կարողությունները շատ չեն փոխվել, բայց պահանջարկն աճել է մի քանի անգամ։ Այս պարագայում մենք հերթը փորձում ենք բաշխել, որպեսզի համակարգը հնարավորություն ունենա աշխատել։ Սոցիալական ցանցերում տարածվում են որոշակի հերթերի տեսանյութեր, բայց դրանք հիմնականում երեւանամերձ մարզերում առավոտյան ժամերին կուտակումներն են, երբ անձինք ուղղակի հերթագրվում ու գնում են։ Երբ դուք այդ նույն անձնագրային ծառայություններ գնաք 2-3 ժամ անց, այդ հերթը ֆիզիկապես էլ չկա, որովհետեւ մարդիկ հերթագրվել՝ գնացել են, իրենց ժամին գալու են սպասարկվեն։ Երեւանում մենք ներդրել ենք օնլայն հերթագրման համակարգ, բայց նաեւ որոշակի խնդիրներ ենք տեսնում այդ համակարգի կիրառելիության մեջ»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ ՆԳՆ-ում այս հարցերը քննարկվում են, որպեսզի կարողություններն ավելացվեն։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բոլոր ուղղություններով նախաձեռնել են թվայնացման գործընթացը։

Հաշվառում չունեցող, հետեւաբար նաեւ ամիսներ շարունակ թոշակ չստացած արցախցիները կկարողանա՞ն հաշվառելուց հետո ստանալ իրենց գումարը։ Այս հարցին Արմեն Ղազարյանը հստակ չպատասխանեց, ասաց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է տա այդ հարցի պատասխանը։

Ըստ Ղազարյանի՝ արցախցիների հաշվառման վերջնաժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է։ Հաշվառում ստացած արցախցիների թիվն արդեն գերազանցում է 82 հազարը։ «Այսինքն՝ մենք շուրջ մեկ ամիս անց այլեւս այդ խնդիրը չենք ունենա։ Բոլորը կունենան ՀՀ հաշվառումներ, ու իրենց սոցիալական իրավունքների իրացման խնդիր չենք ունենա։ Հետո կգա հաշվառման փոփոխության հարցը, հուսանք, ոչ մինչ այդ մենք որոշակի թվայնացում կունենանք եւ կկարողանանք ավելի արդյունավետ սպասարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,- ասաց Արմեն Ղազարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930