Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսրայելը պատրվակ է փնտրում Իրանի վրա հարձակվելու համար։ Երեկ հրթիռակոծվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը. զոհվել են 6 կամ 7 իրանցի բարձրաստիճան զինվորական. մեծ հավանականությամբ հարձակումը կատարել է Իսրայելը։ Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ. Ռուսաստանի առաջարկով այդ նիստը տեղի կունենա այսօր։
ԻԻՀ-ն բողոքի նոտա է հանձնել նաև Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցչին, որը հանդիսանում է ԱՄՆ-ի շահերի պաշտպանն Իրանում։ Հյուպատոսության շենքը կից է Իրանի դեսպանության շենքին և հարձակման ժամանակ դեսպան Պրն Հուսեյն Աքբարին եղել է իր աշխատասենյակում։ Նա հարձակումից չի տուժել, բայց փշրվել են դեսպանության շենքի ապակիները։ Դեպքից րոպեներ անց դեսպանություն է այցելել Սիրիայի արտաքին գործերի նախարարը։ Իրանի հյուպատոսությունը փակ է եղել իսլամների Իմամ Ալիի մահվան տարելիցի կապակցությամբ, բայց ըստ երևույթին շենքում բարձրաստիճան զինվորականների նիստ է եղել, որի մասին լրտեսել է Իսրայելը։ Նախորդ նման հարձակումների փորձից ելնելով կարելի է եզրակացնել, որ Իրանի հակազդեցությունը խիստ չի լինի։ Իրանը դիմագրավում է մի շարք ներքին և արտաքին դժվարություններ և խուսափում է Իսրայելի հետ ուղղակի առճակատման գնալ. ԻԻՀ-ն նախընտրում է Իսրայելին հակազդել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում և այլուր ունեցած իր ներկայացուցչական (պրոքսի) ուժերի միջոցով։
Թել Ավիվը ջանում է պատրվակ գտնել, որպեսզի ուղղակի կերպով հարձակվի Իրանի ռազմավարական հենակետերի վրա. այդ կարևոր կետերից են Իրանի միջուկային տեխնոլոգիայի կենտրոնները, որոնք խիստ մտահոգում են Իսրայելին։ Իրանը օդային մարտերի համար չունի բավարար ռմբակոծիչ և մարտնչող ինքնաթիռներ և կդժվարանա դիմագրավել Իսրայելի օդուժի հարձակումներին, բայց փոխարենը արտադրել է մեծ քանակությամբ հեռահար հրթիռներ, որոնց շառավիղը հասնում է մինչև Իսրայելի տարածք։
Կարդացեք նաև