«Հաճախ տեսնում ենք, որ իշխանությունները հանրային քննարկման իմիտացիա են պարզապես անում»,-«Արցախի ժողովրդի կարիքների բավարարում․ ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ համեմատած մինչև մարտի 6-ը ժամանակահատվածի հետ, մարտ 6-ից հետո ըստ նրա՝ նաև իրենց պայքարի շնորհիվ որոշակի հանրային քննարկումներ կամ հանդիպումներ տեղի են ունեցել ավելի ակտիվ ու ներառական։ Նա ասաց՝ վերջերս մարզերում ՀՀ կառավարությունը տարբեր հանդիպումներ է անում, ինչը ողջունելի է, որ շահառուների հետ հանդիպում են, բայց այդ հանդիպումները բավարար ներկայացուցչական չեն․ «Քննարկումները, հանդիպումները շատ կարևոր են հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացուցչական, քիչ թե շատ մասնագիտական խմբեր են, փորձագիտական համայնքի հետ է կարևոր, որ քննարկում տեղի ունենա, բնականաբար, Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ՝ որպես լեգիտիմ ներկայացուցիչներ»։
Հարցին՝ իսկ ո՞ւմ հետ են ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված հանդիպումները տեղի ունենում, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Պատահական սկզբունքով քաղաքացիների հետ են հանդիպում, որը կրկին, ինքնին ողջունելի է, որ հանդիպումներ են ունենում, մարդկանց խնդիրներն են հասկանում, բայց դա չի կարելի համարել ներառական հանրային քննարկում։ Այս նախաձեռնությունը, որը ներկայացնում է շուրջ 40 կազմակերպություններ, բազմահազարանոց հանրահավաք է ունեցել, հետևաբար ներկայացնում է հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր անձանց ձայն ու կարծիքը, բայց այս նախաձեռնության հետ ընդհանրապես հանդիպում չի եղել։ Մի քանի անգամ առաջարկել ենք հանդիպել, սակայն կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։
Այլ խնդիրներ էլ կան, որ իրենք հայտարարում են, որ հանրային քննարկում են անում, բայց չկա նախագիծ, թե ինչի շուրջ են քննարկումներ անում։ Ուղղակի կարծիքներ են լսում, իրենց կարծիքը ներկայացնում, բայց մեզ համար կարևոր է, որ հստակ նախագիծ առկա լինի, հայտարարեն բնակավայրերի ցանկը, նախագիծ լինի, որ հնարավոր լինի փորձագիտական քննության ենթարկել»։
Կարդացեք նաև
Արտակ Բեգլարյանը հուսով է, որ գոնե առաջիկայում նախագիծը կհրապարակվի և ծրագիրը հապշտապ չեն ընդունի։ Նա հիշեցրեց՝ ցանկանում էին մարտին հապշտապ ընդունել այդ ծրագիրը, սակայն իրենց պայքարի արդյունքում մարտին չընդունեցին և վերանայեցին մի քանի սկզբունքային կետեր, բայց մյուս կողմից փաստեց՝ դեռևս չենք տեսնում նախագիծը։ Կարևորեց, որ նախագիծ լինի և դրա շուրջ բավարար ժամանակ արդյունավետ կերպով ներառական հանրային քննարկում լինի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ