Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամաչում եք հանրությանը հայտնեք, թե որոշ մարդիկ մեկ ամսվա ընթացքում որքան գումար են ստանում հարկատուների հաշվին». որքա՞ն կկազմի ՀՌՀ անդամների աշխատավարձը

Ապրիլ 02,2024 11:41

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ աշխատավարձերի բարձրացման համակարգն արդար չէ Հայաստանում։

Վաչե Քալաշյան

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով այս նախագիծը, ասել էր, որ փոփոխությունները վերաբերում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ու նախագահի վարձատրության գործակիցներին։ Մասնավորապես, առաջարկվում է հանձնաժողովի նախագահի աշխատավարձի վարձատրության գործակից սահմանել 14, իսկ անդամների վարձատրության գործակից սահմանել 10։

Գեղամ Նազարյանը հորդորեց հստակ թվեր ասել՝ բարձրացման արդյունքում որքա՞ն աշխատավարձ են ստանալու նրանք։ Պաշտոնյան թվեր չհնչեցրեց։

Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Ոչ զեկուցողը, ոչ էլ հարակից զեկուցողն այդպես էլ թվերից չխոսեցին, որովհետեւ ես հասկանում եմ՝ բոլորդ էլ ամաչում եք հանրությանը հայտնեք, թե որոշ մարդիկ մեկ ամսվա ընթացքում որքան գումար են ստանում հարկատուների հաշվին։ Իրոք ամաչելու բան է այդ թվերը հրապարակելը, որովհետեւ երբ հայտարարենք, որ ԿԸՀ կամ ՀՌՀ նախագահը, աշխատակիցները ստանում են այսքան գումար, շատերի հարց է առաջանալու։ Եվ հետո մի աբսուրդ իրավիճակ է առաջանում՝ գալիս են Ազգային ժողով հերթով, ասում են՝ մեր աշխատավարձը բարձրացրեք։ Այս փոփոխությամբ ինչ-որ մարդիկ ստանալու են ավելի գումարը, որը բյուջեի վրա նստելու է 38 մլն դրամ»։

Գեղամ Նազարյանն ասաց, որ կողմ է, որպեսզի բոլորը բարձր աշխատավարձ ստանան. «Բայց մենք աբսուրդի մեջ ենք մտնում, գալիս են Ազգային ժողով, երբ ԱԺ պատգամավորի աշխատավարձն ավելի քիչ է, քան այդ մարդկանց աշխատավարձը, ասում են՝ մենք ծայրագույն աշխատավարձ ենք անում, խնդրում ենք մեր աշխատավարձը բարձրացրեք»։ Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ ՀՌՀ անդամներն ու նախագահը ոչինչ չեն անում, ինչո՞ւ է նրանց աշխատավարձը բարձրացվում։

«Անկախ անձերից, իրենք ոչինչ չանող կառույց չեն։ Մեկ ամսվա ընթացքում իրենց արած աշխատանքի ծավալը վերցրեք, համեմատեք այլ մարմնի աշխատանքի հետ, համադրելի աշխատա՞նք են տանում։ Պլյուս, մեր կյանքի համար վտանգավոր է այս աշխատանքը, որովհետեւ նրանց որոշումները հարուցում են մարդկանց զայրույթը, անձնական տիրույթ են մտնում, թշնամանք են առաջացնում հանրության մեջ։ Նայում ենք հեռուստաեթերով հեռարձակվող աղբը, ասում ենք՝ ինչո՞ւ է այսպես, ասում է, դե օրենքով մենք միայն նայում ենք, բան չենք կարող փոխել»։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ կան նաեւ պատգամավորներ, որոնք չեն հաճախում հանձնաժողովի նիստերին։ «Հիմա ի՞նչ, պետք է ասենք՝ նրանց աշխատավարձը չենք տալի՞ս։ Չէ, մենք կոնկրետ ֆունկցիան ենք գնահատում՝ պատգամավորի վարձատրությունը եւ սոցիալական երաշխիքները պետք է բարձր լինեն։ ԿԸՀ անդամների, ԲԴԽ անդամների վաըձատրությունը պետք է բարձր լինի։ Չե՞ն աշխատում, ի՞նչ գործ ունեն չաշխատող մարդիկ պետական համակարգում։ Այս հարցադրումը մենք շատ հստակ պետք է հնչեցնենք։ Պետք է հստակ արձանագրենք՝ չաշխատող մարդը պետական համակարգում անելիք չունի»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Քննադատություններից հետո Վաչե Քալաշյանը թվեր հնչեցրեց։ Նրա խոսքով՝ բարձրացման արդյունքում ՀՌՀ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ անդամինը՝ 602 000 դրամ. «Սա շատ է, թե քիչ, դա այլ հարց է։ Մենք գործառույթն ենք գնահատում եւ գործառույթից ելնելով՝ տեսնում ենք, թե որ պաշտոնյայի աշխատավարձն ինչ գործակցով պետք է հաշվել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930