Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան պաշտոնյաները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Ապրիլ 02,2024 10:50

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ եթե ականջալուր լինենք իշխանական լրատվամիջոցներին և նրանց շաղկապված «փորձագետներին», որոնք ավելի շատ «խոսող գլուխների» ֆունկցիա են կատարում, ասում են, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնց շնորհիվ մոտ ժամանակահատվածում կդառնանք ԵՄ անդամության թեկնածու, այնուհետև՝ անդամ:

Տավուշի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելիս Մաթևոսյանը նախ անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Միջանցքը ստանալու հարցում Ադրբեջանը և Թուրքիան ունեն մի շատ լուրջ խոչընդոտ: Դա ոչ միայն ռուսական զորքի ներկայությունն է Սյունիքում, այլև Իրանի քաղաքական դիրքորոշումն առ այն, որ այդ միջանցքը չի լինելու՝ ուզում եք կոմունիկացիա, եկեք մեր տարածքով կոմունիկացիա անցկացրեք: Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են զբաղվել Տավուշով: Փորձում են Փաշինյանից իրենց ստանալիքը սկսել ստանալ Տավուշից:

Տավուշի գյուղերին հանձնվելուց կփրկեր միայն Իրանի հետ միասնական ցամաքային սահմանը: Քանի որ դա չկա, մարդիկ հայտնվել են այս իրավիճակում: Ճիշտ է, իրենց մեղքն էլ կա այս ամենում. 2021 թ.-ին այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին մանդատ են տվել Տավուշի գյուղերը հանձնելու, երբ հօգուտ իրեն քվեարկել են: Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է: Նա արդեն մտովի ընդունում է, որ պետք է թուրքական ազդեցության տակ լինենք: Ամերիկացիներն ասում են՝ ձեզ երաշխիքներ տալ չենք կարող, որ Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի, բայց կարող ենք ապահովել, որ Թուրքիայի հետ որոշակի փոխհարաբերությունների մակարդակ ունենաք, դրա շնորհիվ գուցե Թուրքիան ինչ-որ կերպ զսպի Ադրբեջանին:

Թուրքիայի այս մոդերատորությանն ընդառաջ կազմակերպվում է մեր նշած եռակողմ հանդիպումը, որ երբ Փաշինյանը թուրքերի հետ բանակցությունների գնա, Թուրքիան իմանա, որ Արևմուտքը սատարում է Փաշինյանին և որոշակի վերաբերմունք դրսևորի: Այս որոշումների պատճառով բոլորս ենք տուժելու: Տավուշի գյուղերի շուրջ իրադարձությունները այս ամբողջի դրսևորումներից են: Երբ դեռ կար Արցախը, Պրահայից առաջ և հետո ասում էին, որ Արցախի կարգավիճակի մասին էին բանակցություններ վարում, դա ձևակերպում էին որպես ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ հայերի իրավունքների և անվտանգության պահպանման մասին հարց: Այդ մարդն այդ ժամանակվանից թյուրքական աշխարհի շրջանակներում Հայաստանի կարգավիճակի մասին բանակցություններ էր վարում: Ասում էին՝ պետք է ինտեգրվենք թուրքական աշխարհի տնտեսական և լոգիստիկ համակարգերին: Այս ամենի վերջնարդյունքը մեր պետության գոյության դադարեցումն է»,-ընդգծում է քաղաքագետը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930