Մարտի 25-ին Nature Neuroscience ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը զգուշացնում է, որ կենցաղային քիմիայի կազմում պարունակվող քիմիական նյութերը կարող են վնասել գլխուղեղի նեյրոնային կապերը։
Ըստ հետազոտության հեղինակների՝ մաքրող, ախտահանող միջոցների, մազերի, կահույքի ու գործվածքի խնամքի համար նախատեսված պարագաների կազմում առկա քիմիական նյութերը կարող են կապված լինել գլխուղեղի դեգեներատիվ այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզն ու աուտիզմը։
Նրանց խոսքով՝ քիմիական այդ նյութերը մասնավորապես ազդում են գլխուղեղի օլիգոդենդրոցիտների վրա։ Օլիգոդենդրոցիտները հատուկ բջիջներ են, որոնք միելինապատում են նյարդային բջիջները՝ դրանց համար պաշտպանիչ մեկուսացում ապահովելով։
«Ցրված սկլերոզի և նյարդաբանական այլ հիվանդությունների հիմքում օլիգոդենդրոցիտների կորուստն է»,-ասել է հետազոտության ղեկավար Փոլ Թեզարը։ Օրինակ՝ ցրված սկլերոզն առաջանում է նյարդային բջիջների պաշտպանիչ թաղանթի՝ միելինի քայքայման հետևանքով։
Կարդացեք նաև
«Այժմ մենք ենթադրում ենք, որ կենցաղային միջոցների կազմում առկա որոշ քիմիական նյութեր կարող են ուղղակիորեն վնասել օլիգոդենդրոցիտները՝ դառնալով ռիսկի գործոն նյարդաբանական հիվանդությունների զարգացման համար»,- հավելել է Փոլ Թեզարը։
Հետազոտության շրջանակներում Թեզարն ու նրա գործընկերները վերլուծել են ավելի քան 1800 քիմիական նյութերի ազդեցությունը գլխուղեղի վրա։
Նրանք տարբերակել է քիմիական նյութերի երկու դասեր, որոնք վնասում են օլիգոդենդրոցիտները՝ ֆոսֆորօրգանական հակապիրենները և չորրորդական ամոնիումային միացությունները․ վերջիններս պարունակվում են անձնական հիգիենայի պարագաների ու ախտահանիչ միջոցների, իսկ ֆոսֆորօրգանական հակապիրենները՝ կահույքի, էլեկտրոնիկայի խնամքի համար նախատեսված միջոցների կազմում։
Լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ չորրորդական ամոնիումային միացությունները քայքայում են օլիգոդենդրոցիտները, իսկ հակապիրենները կանխարգելում են դրանց ստեղծումը։
Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից մեկը․ «Մարդու վրա այդ քիմիական նյութերի ազդեցությունը հասկանալով՝ կարող ենք մեկնաբանել նյարդաբանական որոշ հիվանդությունների զարգացման անբացատրելի պատճառները»։
Այս արդյունքները մտահոգիչ են, քանի որ չորրորդական ամոնիումի միացություններ պարունակող ախտահանիչ միջոցները ավելի մեծ տարածում գտան համավարակի շրջանում և լայնորեն գործածվում են մինչ օրս, քանի որ արդյունավետորեն սպանում են վիրուսները։
Սակայն հետազոտողները նշել են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ քիմիական նյութերի ու գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունների միջև սերտ պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հարկավոր է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել կենցաղային քիմիայի այս տարածված միջոցների ազդեցությունը գլխուղեղի առողջության վրա», -ասել է Թեզարը՝ ավելացնելով․ «Հույս ունենք, որ մեր հետազոտությունը կնպաստի, որպեսզի հիմնավորված որոշումներ կայացվեն քիմիական նյութերի օգտագործումը կարգավորելու ուղղությամբ»։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Case Western Reserve University