Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռոման Առաքելյանը իրեն վերագրվող հնարավոր չարաշահումները չի ընդունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակել էինք Առաքելյանի գործունեության վերաբերյալ իրավապահների ձեռքբերած օպերատիվ տվյալները, ըստ որոնց, Առաքելյանը իր պաշտոնավարման տարիներին՝ 2017-2022թթ., հանդիսանալով նաև «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ղեկավարը, խախտելով կոոպերատիվի կանոնադրությունը, միաձայն ղեկավարել է այն և պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան օգտագործել անձնական նպատակներով:
«Ոչ մի մեկնաբանելու բան չկա, որովհետեւ այդ բոլոր տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ունենք կոոպերատիվ, էդ կոոպերատիվով մասնակցել ենք ՀԳՌԿՄ 2 ծրագրին, մեր կողմից կատարել ենք համաֆինանսավորում, ձեռք ենք բերել տեխնիկաներ, ունենք աշխատողներ, կոոպերատիվը գրանցված է, աշխատողները գրանցված են: Նախորդ տարի մինչեւ սեպտեմբեր աշխատել ենք, դադարեցում ենք տվել, գարնանը սկսելու ենք մեր աշխատանքները»,- ասաց Առաքելյանը:
Տեղեկություններին, թե պետական միջոցներով ձեռքբերված տեխնիկան տրամադրել է իր ծանոթներից մեկին օգտագործելու համար, մյուսն էլ իր անձնական կարիքների համար է օգտագործվել, Կարմրաշենի նախկին ղեկավարն այսպես արձագանքեց. «Չկա նման ոչ մի բան, եկեք, կոոպերատիվի կանոնադրությունն էլ ցույց տամ, ծրագիրն էլ, տեխնիկան էլ, թե որը որտեղ է, որտեղից է եկել: Տեխնիկան կոոպերատիվի սեփականությունն է, ու ինչպես այդ տեղեկություններն են, թե Կարմրաշենի նախկին ղեկավարի կինը պարտքի դիմաց ուրիշին է տվել, նման բան չի կարող լինել: Կարմրաշենի նախկին ղեկավարը մահացել է, աշխատողն է ընդամենը փոխվել: Ինչ վերաբերում է, թե Ուազն իմ կարիքների համար է օգտագործվել, այո՛, իմ կարիքների համար էլ է օգտագործվել, գյուղի կարիքների համար էլ է օգտագործվել, ցանկացած բնակիչ, որը դիմել է, ցանկացածի կարիքների համար էլ օգտագործվել է, եթե կա նման բնակիչ, որը կարող է ասել, թե դիմել է, իր համար չի օգտագործվել, թող գա, ասի: Նունը Ուազի, նույնը բոլոր գյուղտեխնիկաների մասով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ