Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը դաշնակից Ռուսաստանի դեմ չէ. Վաղարշակ Հակոբյան

Ապրիլ 01,2024 20:44

«Հայաստանը ռուսական «Միր» քարտերի սահմանափակման հետ որեւէ կապ չունի: Դա մասնավոր ոլորտն է  որոշում և, եթե չեմ սխալվում, որոշ բանկեր այդ որոշումը կայացրել են, որ դադարեցրել են և կան բանկեր, որ չեն դադարեցրել: Ես այստեղ չեմ ուզում որևէ քաղաքական ասպեկտ դնել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ «Միր» համակարգը միջազգային չէ, այն գործում է սահմանափակ թվով երկրներում:

«Հայաստանը մի երկիր է, որն ունի բանկային համակարգի մաս կազմող բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են: Այլ բան է, որ այն մասսայականությունը, որ կար 1-2 տարի առաջ, այժմ չկա: Բայց այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական և մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, որոշումը կայացրել են բանկերը, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Առհասարակ, իշխող խմբակցությունը ներկայացնող պատգամավորն՝ անկախ ամեն ինչից, վստահեցնում է, որ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները որեւէ կերպ ուղղված չեն մեր դաշնակից երկիր Ռուսաստանին:

Առաջիկայում Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպումը, որին Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում. այս առիթով լրագրողների տարբեր դիտարկումներին` Վաղարշակ Հակոբյանը արձագանքեց. «ՀՀ-ն այժմ բավականին բարդ իրավիճակում է գտնվում: Մենք ունենք լուրջ խնդիրներ անվտանգային միջավայրի հետ կապված, մենք ունենք բանակցային գործընթաց՝ խաղաղության գործընթաց, որն ամեն կերպ փորձում ենք առաջ տանել, բայց այս ողջ գործընթացի ժամանակ մեզ անընդհատ փորձում են սադրել: Երբ մեզ թե ներսից, թե դրսից, թե կողքից փորձում են անընդհատ սադրել և հանել բանակցային այն գործընթացից, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, մենք պետք է շարժվենք ՀՀ պետական շահին համապատասխան: ՀՀ պետական շահը պահանջում է, որ ապրիլի 5-ին մեր ղեկավարի ներկայությունն այնտեղ լինի: Ես կարծում եմ, որ ՀՀ-ին ընձեռնված է հնարավորություն՝ ԵՄ-ի և Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով և դա մենք պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ-ի և հայ ժողովրդի»:

Միաժամանակ, իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասում է, որ ՀՀ-ն վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է գրանցել ու հիմնական ձեռքբերումներն ունեցել ենք ԵԱՏՄ մաքսային միության անդամակցության շրջանակներում. «Մենք իշխանություն ենք, որը ամենամաքսիմալն է օգտագործել ԵԱՏՄ ընձեռնված հնարավորությունների առումով: Մենք բոլոր հարաբերությունները թե ԵԱՏՄ անդամ երկրների, թե մեր դաշնակից ՌԴ-ի հետ,  թե մեր բարեկամ և գործընկեր ԵՄ երկրների հետ պետք է դիտարկենք ոչ թե հակադրությունների այլ համադրությունների մեջ»:

Նա վստահեցնում է, որ երբ Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ. «Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացումն անում ենք միայն ՀՀ տնտեսության զարգացման, անվտանգության բարձրացման, մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավման համար, որպեսզի մեր սահմաններն անվտանգ լինեն և այս տրամաբանության մեջ են մեր քայլերը: ՀՀ-ն սուվերեն երկիր է, և մենք գործում ենք ի նպաստ մեր երկրի»:

Պատասխանելով Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում պարբերաբար առաջացող խնդիրներին էլ, իշխանական պատգամավորն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ արտահանվող հայկական ձկնկիթի հետ խնդիր եղավ, անցած տարի խնդիր էր եղել մեր արտահանվող կաթնամթերքի հետ. «Կան միջազգային չափանիշներ եւ մեր ռուսաստանյան գործընկերները նշում են, որ այդ չափանիշներին միգուցե չի համապատասխանում այն մթերքը, որը արտահանվում է ՀՀ-ից: Հարցը ես կուզեի բաժանել երկու հատվածի. նախ, մենք որպես պետություն պետք է բարելավենք մեր արտահանվող ապրանքների որակը եւ փորձենք անել ամեն ինչ, որ մեր ապրանքները սպառվեն ոչ միայն դասական շուկաներում, այլեւ մեզ համար այս պահին միգուցե անհասանելի թվացող, բարձր չափանիշներ ունեցող շուկաներում: Մենք հիմա դրանով զբաղված ենք: Հարցի երկրորդ բաղադրիչը քաղաքական է. բազմաթիվ մարդիկ, վերլուծաբաններ ունեն տեսակետ, որ երբ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի պարզաբանման կարիք ունեցող հարցեր են առաջանում, այդ ընթացքում մեկ էլ խնդիր է առաջանում մեր արտահանման հետ կապված»:

Հարցին՝ ԵՄ պաշտոնյաները չեն հորդորո՞ւմ Հայաստանին՝ նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից,Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Մենք պետք է խնդիրը դիտարկենք շուկաների դիվերսիֆիկացման առումով: Հիմա մեր կառավարությունը զբաղվում է դրանով ու դա նորմալ է, որպեսզի մեկ կետից կախվածություն չունենանք: Բայց նաեւ պետք է այնպես չանենք, որ մի կետից կախվածությունը դառնա մեկ այլ կետից կախվածություն: Դա է գրավականը, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, եթե վայրիվերումներ էլ լինեն, մեր տնտեսությունը նորմալ աշխատի: Մենք այս գործընթացը չպետք է դիտարկենք հակադրությունների մեջ, այլ համադրությունների մեջ: Օրինակ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բայց մենք ԵՄ-ի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք արեւմտյան մեր բոլոր գործընկերների հետ, նաեւ Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ, մեր հարեւան Իրանի հետ: Մենք կարող ենք նաեւ մեծ դարպաս լինել ԵԱՏՄ-Իրան համագործակցության մեջ: Այս մեկնաբանության մեջ մենք շատ շահեկան դիրքում ենք գտնվում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930