Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում. РБК-ի հարցին ի պատասխան փոխանցել են ՀԱՊԿ-ից։
«Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի համաձայն, որը ստորագրվել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, պատասխանատվության տարածքը անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- ասված է լրատվամիջոցին տրամադրված պատասխանում:
Տեղեկացնենք, որ հիշատակված փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում, այն ՀԱՊԿ ուժերի և անվտանգության համակարգերի կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է, ըստ որի՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին հրավիրված ասուլիսում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը Հայաստանում։ Ըստ Փաշինյանի՝ կազմակերպությունը և Ռուսաստանը «հստակ դիրքորոշում» են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկվայի և կազմակերպության համար. «Սակայն, երբ 2021 թվականի մայիսին, Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծն անցել է, ՀԱՊԿ-ը չարեց այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ: Այնուհետև եղան Ադրբեջանի ներխուժումները 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ