ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշափայլ տոնի առիթով հայ ժողովրդին շնորհավորելով: «Այս օրն, իսկապես, շատ մեծ խորհուրդ ունի, որովհետեւ խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ եւ կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:
Վարչապետը, որն, ի դեպ, եկեղեցի չի այցելել, գնացել եւ Արտաշատում հայտարարել է, թե իրենց քաղաքական թիմը վերջին տարում բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է: Նիկոլ Փաշինյանը Պրահայում էլ ասել էր, թե ինքն է վերջին տարվա ընթացքում բազմիցս մեռել եւ հարություն առել: Ես էլ հարցում էի արել նման դեպքերում նախատեսվող արարողակարգի վերաբերյալ, թե ինչի են թերացել իրենց պարտականություններում: Ես հետաքրքրվել էի, թե այդ ժամանակ իրեն ո՞վ է փոխարինել, կամ այդ օրերի համար իրեն աշխատավարձ տվե՞լ են, թե՞ չեն տվել: Իսկ հիմա պարզվում է, որ դա միայն իրեն չի վերաբերում: Ամբողջ քաղաքական թիմն է: Արտաշատում նրա խոսքերից ստացվում է, որ Քրիստոսը հեղափոխական է ընդ որում, քայլող իմքայլական»,-ասաց Էդգար ՂԱզարյանը:
Հասարակական գործիչը անդրադարձավ նաեւ Տավուշից գյուղեր եւ տարածքներ թշնամուն հանձնելու մասին իշխանության մեկնաբանություններին: «Եթե դա դու պիտի հանձնես, նշանակում է մեր տնօրինության տակ է: Ես միշտ ասել ու հիմա էլ ասում եմ. Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի պետական սահմանի մասին օրենք, որում ասվում է պետական սահմանի նկարագրությունը եւ տեղորոշումը իրականացվում է միջազգային պայմանագրերով կամ օրենքով: Քանի դեռ չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի տեղորոշման մասին միջազգային պայմանագիր եւ դա ուժի մեջ չի մտել սահմանված ընթացակարգով, այսինքն, ՍԴ-ն չի նշել, որ դա համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, իսկ ԱԺ-ն չի վավերացրել, նշանակում է, որ նման սահման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն չունի: Այն տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, Հայաստանի Հանրապետության տարածքն են: Իսկ այն տարածքները, որոնք եղել է Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո եւ ադրբեջանցիները զավթել են, նշանակում է՝ ադրբեջանցիները զավթել են Հայաստանի տարածքներ: Այդ թվում՝ ամբողջ Արցախը, Գեղարքունիքի մարզի Շորժան, Ջերմուկի տարածքները, Սյունիքի մարզի տարածքները: Դրանք եղել են հայկական վերահսկողության տակ եւ ադրբեջանական զինուժը դրանք օկուպացրել է:
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը նոր պատերազմի ազդարարման սկիզբն է, որտեղ ասում է հայ-ադրբեջանական պայմանական սահման: Նրանց օգտագործած եզրույթը պայմանական սահմանն է, որը հիմա այստեղ է: Նիկոլ Փաշինյանը կհանձնի տարածքներ եւ սահմանը կգա առաջ, կլինի մի ուրիշ գործողություն, ու էլի առաջ կգա:
Կարդացեք նաև
Բա եթե պայմանական սահման է, դու ո՞նց ես քո երկրի տարածքը տանում ու հանձնում թշնամուն»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ