Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես Ադրբեջանն է պնդում, որ չկա ԼՂ հակամարտություն, չկա Արցախի իշխանություն, նույնն անում է նաեւ ՀՀ իշխանությունը»․ Մետաքսե Հակոբյան

Ապրիլ 01,2024 17:04

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում ասել էր, որ Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետություն, որը գործում է Երեւանում։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը։ Փաշինյանը մասնավորապես կառավարության նիստում ասաց«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին»։ Ի՞նչ վտանգ կարող է լինել Հայաստանի համար, եթե Արցախի վտարանդի կառավարությունը գործի Երեւանում, ինչի՞ց են վախենում ՀՀ իշխանությունները։

-Արցախի Հանրապետությունը, Արցախի կառավարությունը երբեւէ չեն կարող վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այն, որ մենք այստեղ մեր գործունեությունը ծավալում ենք, դա տրամաբանական ու ճիշտ է, որովհետեւ մեր բոլոր գործառույթներն ու քայլերն ուղղված են Արցախ վերադառնալու հնարավորություններ ստեղծելուն։ Եվ դա բնավ չի կարող վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար։ Այն փաստարկը, որը բերում է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանում կա մեկ իշխանություն, որն իրենք են, դա որեւէ մեկը չի վիճարկում։ Ինքր դրանով փորձում է նորից այլ ուղղությամբ տանել մեր գործունեությունը։ Որեւէ մեկը չի վիճարկում, որ Հայաստանում կան իշխանություններ, եւ դա ՀՀ իշխանություններն են։ Բայց չեն կարող ՀՀ համար վտանգ ներկայացնել Արցախի իշխանությունը, որը գործունեություն է ծավալում այստեղ, որովհետեւ այլ տարբերակ ուղղակի չկա։

Անվտանգային համակարգի մասին խոսում են մարդիկ, որոնք իրենք իրենց գոյությամբ վտանգեցին Արցախը եւ այժմ էլ փորձում են փակել Արցախի հարցը, որոնք ամբողջությամբ վտանգում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ բնականաբար՝ նրանք փորձում են մեղավորներ նշանակել՝ դրանով իսկ արդարացնելով իրենց գործունեությունը։ Մեր քայլերը չափազանց հաշվարկված են, մենք երբեւէ Արցախը Հայաստանից առանձին չենք դիտարկում, չենք դիտարկում առանձին Հայաստանը Արցախից, եւ որեւէ մեկը մեզ համար գերակա արժեք չէ։ Հետեւաբար, մեր գործողություններն ուղղված են եւ Հայաստանի անվտանգային համակարգի բաղադրիչի պահպանությանը, եւ Արցախ վերադարձի հետ կապված խնդիրների լուծմանը։

Որքանո՞վ է կարեւոր Արցախի պետական մարմինների աշխատանքի շարունակականության ապահովումը։

-Մենք փաստում ենք, որ թշնամի պետությունը զենքի ուժով, ցեղասպանության վտանգի ներքո Արցախի Հանրապետության հայ բնակչությանը տեղահանեց եւ օկուպացրեց Արցախը։ Բայց դա բնավ չի նշանակում, որ եթե այսօր Ադրբեջանն ուժով Արցախում է, ապա իրավունքի ուժով Արցախն իրենն է, եւ Արցախի հիմնախնդիրը չկա։ Այդ խնդիրը կա, փաստ, որ կա Արցախի հայությունը, փաստ կա, որ կան Արցախի կառավարությունը, Արցախի լեգիտիմ իշխանությունները, պետական համակարգը։ Հետեւաբար, այդ բոլոր մարմիններն աշխատանք են իրականացնում Արցախ վերադառնալու ուղղությամբ։ Եվ վերադառնալու ժամանակ այդ մարմինները պետք է գործուն լինեն։

Այնպես որ, նորմալ է, որ Արցախի իշխանություններն այդ գործունեությունն այստեղ ծավալում են։ Եթե մենք Հայաստանում ունենայինք ազգային շահը սպասարկող, ազգային նպատակներ ունեցող իշխանություն, ապա մեր բոլորի աշխատանքը մեկտեղված կլիներ, եւ այս բոլոր խնդիրները հնարավոր կլիներ լուծել ավելի հեշտ։ Բայց ստացվում է, որ ինչպես Ադրբեջանի իշխանություններն են պնդում, որ չկա Արցախ, չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, չկա Արցախի իշխանություն ու Հանրապետություն, ցավոք սրտի, նույն ուղղությունն են տանում նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ախր ամոթն էլ է լավ բան։ Դուք որպես Արցախի իշխանություն ինչ արեցիք ձեր ժողովրդի համար, բացր ռուսների ձեռքին բութ գործիք որպես ծառայելը։ Արցախի իշխանություն կոչվածի քաղաքական ինֆանտիլության արդյունքն էր սեպտեմբերի 19-ի վերջաբանաը։ Դուք մինչև ամենավերջին պահը սպասում էիք ռուսներին որ մի բան կանեն․․․․ հիմա էլ նրանց հրամանաով եք շարժվում, քանի որ ըստ նրանց պլանի դուք պետէք է լինեք այս երկիրը 1920ի օրինակով ռուսինն վերադարձնողը․․․ չեք հաջողի որովվհետև դուք ՀՀ իշխանություննրից ավելի ապաշնորհ եք, գցելու եք ձեր ոտքին։ Դուք ոնց հանձնեցիք Արցախը, ո՞նց։ Դուք հենց դուք, ուրիշի վրա մի գցեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930